ԱտրպատականՀամայնք

Ապահովական իրավիճակը Ատրպատականի հայոց թեմում

«ԱԼԻՔ» – Ատրպատականի հայկական համայնքի մասին իրազեկ դառնալու նպատակով «ԱԼԻՔ»-ի թղթակից Կարինէ Դաւթեանը կապ է հաստատել Ատրպատականի հայոց թեմի Ազգային Առաջնորդարանի հետ եւ ստացել հետեւեալ հաղորդագրութիւնը, որը ներկայացնում ենք ստորեւ։

Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ շղթայազերծւած պատերազմի առաջին օրւանից, նախագահութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ` Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանի, Թեմական խորհուրդը, ինչպէս նաեւ Ուրմիոյ Գործակալական խորհուրդը նախազգուշական քայլեր ձեռնարկեցին, նախ դադարեցնելով ե’ւ Թաւրիզիում ե’ւ Ուրմիայում եկեղեցական արարողութիւնները եւ ազգային նախապէս որոշւած ձեռնարկները, անվտանգութեան առումով։

Նշենք, որ երկու քաղաքների հայոց Ազգային դպրոցները համացանցով շարունակում են իրենց դասաւանդութիւնները։

Թեմական խորհուրդը ցուցաբերելով նաեւ շտաբի անձնւէր պատրաստակամութիւնը, միշտ հետաքրքրւում է այն պայթիւնների հետեւանքների մասին, որոնք հայկական շրջանների մօտակայքում են տեղի ունենում։

Նշենք, որ Ազգային առաջնորդարանը պատերազմի սկզբից մինչեւ օրս, չի դադարեցրել իր աշխատանքը։

Ցարդ մօտակայ ուժեղ պայթիւններից ցնցւած պատուհանների ապակիներից բացի , այլ վնասներ չի կրել համայնքը, մանաւանդ 10 Մարտ 2026֊ի միջօրէին Թաւրիզի բանակատեղիում տեղի ունեցած օդանաւային հարւածների ընթացքում։

Ի դէպ ասենք նաեւ, որ հակառակ ներկայի պատերազմական իրավիճակին, Թեմիս Մելիք Թանգեան թանգարանի բարեզարդման աշխատանքները չեն դադարեցւել, մաղթելով որ պատերազմի բաղձալի դադարից յետոյ կը վերաբացւեն դռները, եւ դրա յարկի տակ կը հիւրընկալւեն բոլոր այցելուները։

Յայտնենք նաեւ, որ Սրբազան հայրը եւ Թեմական խորհուրդը մնայուն կապի մէջ են Թեմի վանքերի պահապանների հետ, ստուգելու հնադարեայ վանքերի իրավիճակը, որոնք ցարդ անվնաս են եւ մնայուն հսկողութեան ներքոյ։

Առաջնորդ Սրբազանը իր յարատեւ աղօթքով զօրակցում է Թեմիս բոլոր զաւակներին, Աստծուց խնդրելով անփորձանք պահպանել համայն Իրանի ժողովրդին, որոնց շարքին մանաւանդ հայ ժողովրդի թանկագին զաւակներին”։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Related Articles

Back to top button