ԱտրպատականՀամայնք

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նախագահեց Ս. Ստեփանոս վանքի պաշտօնէութեան ժողովին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, մարտի 22-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը նախագահեց Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի պաշտօնէութեան ժողովին։

Կազմակերպչական աշխատանքի եւ զբօսաշրջիկների այցի համար Վանքի վերաբացման որոշումը պետութիւնից հաղորդւած եւ արտօնւած լինելով, պաշտօնէութեան վերահսկիչ եւ վանքերի պահպանութեան պատասխանատու եւ դոկտ. Շերլի Աւետեանի ներկայացուցիչ Ալէն Գրիգորեանը հրաւիրեց Սրբազան Հօրը , որ հայրական խօսքով քաջալեր հանդիսանայ պաշտօնէութեանը, որը պատերազմական դժւարին պայմաններում դեռեւս անձնազոհութեան գիտակցութեամբ հսկում է Վանքի ապահովութեանը։

Ալէն Գրիգորեանը ողջունեց Սրբազան Հօր ներկայութիւնը, եւ պաշտօնէութեանը յայտնեց այն բծախնդիր մօտեցման մասին, որ Սրբազան հայրը եւ Թեմական խորհուրդը ցուցաբերում են թեմի պատմական վանքերի նկատմամբ։

Սրբազան հայրը առաջին հերթին շնորհաւորեց Նոռուզի տօնը եւ մաղթեց, որ նրանց ընտանիքները վայելեն ամենայն բարիք, յատկապէս խաղաղութեան վերջնական հաստատումով Իրանում։

Ս. Ստեփանոս վանքի վերաբացման առաջին օրը լինելով, Սրբազանը վկայեց այցելուների այն մեծ բազմութեան մասին, որոնց հետեւել էր իր սենեակից։ Այս մասին ուղղակի հիացմունքով, նա ասաց. “Անուրանալի է այս ժողովրդի քաջութիւնը, երբ երկիրը կրակի մէջ է, եւ արտաքին ուժեր անկանխատեսելի յարձակումների են ենթարկում որոշ եւ անորոշ վայրեր, Նոռուզ դիմաւորող ժողովուրդը աջից ու ձախից գալիս է վանք, եւ հիացմունքով նայում հայկական մշակոյթի գեղեցկութեան օրինակ հանդիսացող Ս. Ստեփանոս Նախավկայի մեր վանքին”։

Պաշտօնէութեան եւս առիթ տրւեց խօսելու սոյն հանդիպման պահին։ Նրանցից ովքեր մասնաւոր խնդիրներ ունէին աշխատանքի վերաբերեալ, արտայայտեցին, եւ Ալէն Գրիգորեանի միջոցով լուծումների մասին ուղղութիւններ տրւեցին։

Հանդիպումը անցաւ շինիչ մթնոլորտում, եւ բոլորը բաւարարւած հոգով վերադարձան իրենց վանական խուցերը։

Related Articles

Back to top button