ԹեհրանՀամայնք

Սարդարապատ թաղամասի շտաբը նախապատրաստական աշխատանքներ է ձեռնարկել

«ԱԼԻՔ» – Այսօր` երկուշաբթի, մարտի 23-ի առաւօտեան Սարդարապատ քաղաքամասի շտաբ այցելեցին Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը։

Յիշեալ շտաբը, որը համակարգում է ներկայիս պատերազմական օրերին առնչւող թաղամասի կազմակերպչական աշխատանքները, ձեւաւորւել է թաղամասի մի շարք կառոյցների մասնակցութեամբ։

Շտաբի պատասխանատուն է Ռազմիկ Այդինեանը։ Յանձնախմբի կազմում են՝ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան, Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհրդի եւ «Հայ կին» միութեան կից «Անի» միութեան ներկայացուցիչները։

Հանդիպմանը ներկայ էին Կենտրոնական շտաբի ներկայացուցիչները եւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը։ 

Տէրունական աղօթքով մեկնարկած հանդիպմանը Հ. Մ. «Սարդարապատ» միութեան եւ ԿՕՄ-ի նախագահ Մուշեղ Ծատուրեանը իր գնահատանքը յայտնեց Հայր Սուրբին եւ Թեմական խորհրդի ատենապետին, որոնք ընդառաջել են Հ. Մ. «Սարդարապատ» միութեան նախաձեռնութիւնը նման շտաբ կեանքի կոչելու առումով։

Նա նաեւ իր գնահատանքը յայտնեց թաղամասի շտաբում ներգրաււած երիտասարդների ներկայութեան հարցով եւ նշեց, որ միութեան յարկի տակ կազմակերպւել էր նախնական բուժօգնութեան դասընթացներ, ներկայութեամբ «Ա. Աւետիսեան» բուժարանի բուժքոյր Ժասմենա Իսկանդարեանի։

Հանդիպմանը Վարուժ Յովհաննիսեանը ընդգծեց, որ ելնելով պատերազմական իրավիճակից Թեմական խորհուրդը պատերազմի առաջին իսկ օրերին կեանքի կոչեց Կենտրոնական շտաբ, որը հայաշատ թաղամասերում` Կենտրոնում, Սասունում եւ Զէյթունում, եւս կեանքի կոչեց շտաբներ, անհրաժեշտ պայմաններում հայրենակիցներին օգնութիւն ցուցաբերելու նպատակով, սակայն Սարդարապատ թաղամասի համար սկզբում առանձին շտաբ նկատի չէր առնւել եւ թաղամասը ներգրաււած էր Զէյթուն քաղաքամասի շտաբում, սակայն Մուշեղ Ծատուրեանի կողմից ներկայացւած առաջակութեան հիմամբ, Թեմական խորհուրդը ընդառաջեց յիշեալ շտաբի կազմաւորումը։

Նա ընդգծեց, որ շտաբները նախապատրաստական միջոցներ են ձեռնարկել, որպէսզի պատերազմից տուժածներին, սկզբնական անհրաժեշտ օգնութիւնները ցուցաբերեն եւ կարեւորեց նաեւ ԿՕՄ-ի դերը։

Նա նշեց, որ Զէյթուն թաղամասի շտաբը գլխաւորութեամբ Ֆրէդ Աշուղեանի մի քանի պարագաներում իր անմիջական օժանդակութիւնն է ցուցաբերել տուժած ընտանիքներին եւ նշեց, որ «Ա. Աւետիսեան» բուժարանը եւս շուրջօրեայ սպասարկութեան ռեժիմով է աշխատում։

Նա գնահատանքով անդրադարձաւ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի անվերապահ եւ աչալուրջ մօտեցումների կապակցութեամբ եւ Հայր Սուրբի բծախնդրութիւնը շտաբներ այցելելու հարցով։

Նա աւելացրեց, որ Սրբազան Հօր կարգադրութեամբ շտաբներում ներգրաււած են հոգեւորականներ։

Հանդիպմանը Զէյթուն թաղամասի շտաբի պետ Ֆրէդ Աշուղեանը եւս անդրադարձաւ շտաբի նախաձեռնութիւններին։

Հանդիպմանը եզրափակիչ խօսքով Հայր Սուրբը ընդգծեց, որ շտաբներ կատարած այցերի կապակցութեամբ անձամբ հաղորդում է Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետին եւ Սրբազան Հօրը, որոնք իրենց օրհնութիւնն են փոխանցել։

Հայր Սուրբը շտաբները նմանեցրեց բարի Սամարացու օրինակին, որը օգնեց նրան, ով օգնութեան կարօտ էր եւ ընդգծեց, որ շտաբները համայնքի համար յոյսի, մխիթարութեան եւ ապահովութեան աղբիւր են։

Վերջում Թեմական խորհրդի ատենապետը, Հայր Սուրբը եւ շտաբների նեկայացուցիչները, ԿՕՄ-ի պատասխանատուի եւ քահանայ հօր հետ միասին այցելեցին «Սահակեան» բարեսիրական կենտրոն, որտեղ Մուշեղ Ծատուրեանը անդրադարձաւ ԿՕՄ-ի աշխատանքների մասին, եւ կարեւորեց պատգամաւոր Արա Շահվերդեանի դերը պետական նպաստների տրամադրած գործում։

Վերջում Հայր Սուրբը այցելեց կենտրոն տեղափոխւած ԻԱՄՄ միութեան պահակ Վիլիամ Բէյթին, ով տեղափոխւել է կենտրոն յետ այնու, երբ միութեան շէնքը վթարի էր ենթարկւել ռմբակոծութեան հետեւանքով, նաեւ թաղամասում գտնւող հայ տիկնոջ Սիլւարդ Բաբայեանի բնակարանը։

Թղթակցութիւնը` ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button