
Գլխաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի, թեմիս Պատգամաւորական ժողովի փոխատենապետ Աշոտ Դաւթեանը եւ Թեմական խորհրդի անդամ ու Շահինշահրի հայ համայնքի հետ կապ Տարօն Տէր-Մարտիրոսեանը, երկուշաբթի` մարտի 23-ի առաւօտեան այցելեցին Շահինշահր։
Այցելուները նախ հանդիպեցին ռմբակոծութեան հետեւանքով աշխատանոցը վնասւած համայնքի բնակչին, մօտիկից ծանօթացան կրած վնասների չափին, ապա մեկնելով Շահինշահրի հայոց դպրոց հանդիպում ունեցան վարչութեան ատենապետ Ջանիկ Թահմազեանի հետ եւ մանրամասն տեղեկացան համայնքի կացութեան մասին։
Վերջում պատւիրակութիւնը հանդիպեց Բանդար Աբբասից Շահինշահր ապաստանած հայ ընտանիքին, որը բնակարանը կորցնելուց յետոյ տեղափոխւել է Շահինշահր եւ ժամանակաւորապէս բնակեցւել համայնքի «Սրբոց Վարդանանց» հայոց դպրոցում։
Այցելուները վերոնշեալ տուժածներին խոստացան հնարաւորութեան սահմաններում համագործակցել` վնասների հատուցման գործընթացի իրականացման ուղղութեամբ։
Հայր Սուրբն օրհնեց բոլորին եւ աղօթեց առ Աստւած, որ Իրանի ժողովրդին պահպանի եւ երկրին խաղաղութիւն պարգեւի։
Հարկ է նշել, որ համայնքում եւս կան տուժածներ, որոնց հետ կապի մէջ են եղել համայնքային վարչութիւնն ու ազգային կառոյցի պատասխանատուները եւ հետամուտ են եղել նրանց կարիքների վերացմանը։
Թղթակից (Նոր Ջուղա)







