ԱտրպատականՀամայնք

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՍԲ. ԶԱՏԿՒԱՅ ՊԱՏԳԱՄԸ

ՄԱՀԻՑ ՓԱԽՈՒՍՏ ՉՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ…

Յարութեան անզուգական գաղափարի նկատմամբ մեր ունեցած հաւատքը, անփոխարինելի գանձ է: Իւրաքանչիւր մարդու հոգում ծւարած կա՛յ այն, առանց մասնաւոր դիտումի կամ այն յայտնաբերելու յատուկ ճիգի: Կրօնական հաւատալիքներից դուրս եւս, յաւիտենապէս ապրելու ցանկութիւնը, ի՛նք ստիպում է մեզ հաւատալ անդենական կեանքին, որը մարմնաւոր կեանքից շատ աւելի ցանկալի, հոգեկան իրավիճակի հարուստ պատկերացումով է ընդունում իւրաքանչիւր անհատ, ի՛նչ կրօնի հետեւորդ էլ լինի:

Մահւան երկիւղը պատեց Յիսուսի աշակերտների սրտերը եւս, որոնք ներկայ էին, ու իրենց մերկ աչքերով տեսնում էին այն, ինչը պատահում էր մեծ Վարդապետին: Նրա կրած չարչարանքը, խաչի վրայ արիւնաքամ լինելը եւ ի վերջոյ հոգին Հօր ձեռքերի մէջ աւանդելը, վստահաբար վախազդու պահեր ստեղծեցին նրանց սրտերում:

Աշակերտների դասի ամենատարեցը՝ Պետրոս առաքեալ, երեք անգամ ուրացաւ իր մեծ Վարդապետին, ասելով որ չի՛ ճանաչում Նրան: Այսօր քրիստոնեաների շարքերում չկա՞ն Նրան ուրացողներ: Հաւատացէ՛ք, որ ոչ միայն երեք, այլեւ գուցէ երեքհարիւր անգամ ուրացողներ կան, որոնք ի ժամու եւ ի տարաժամու ուրանում են Քրիստոսին, ասելով որ բնա՛ւ չեն լսել Նրա անունը…:

Ներկայ աշխարհի առօրեան իր խայտաբղէտ խնդիրներով, փոխյարաբերական կեանքի անհաւասարակշիռ իրավիճակներրով, պատերազմական անորոշ կացութիւններով եւ իրար խոշտանգելու անասնական կիրքով, աստւածաստեղծ մարդուն դուրս են բերել իր մարդկային կաշւից, գազանի մորթ զգեցնելով նրան:

Մահւան երկիւղը, որը պիտի նաեւ դատաստանի սարսափը դնէր մարդկանց հոգում, նահանջ է արձանագրել ներկայ ժամանակներին, նրանց ինքնահաւանութեան եւ գիտութեան մէջ արձանագրած յաջողութիւնների պատճառով: Մարդկային ինքնավստահութիւնը գլել ու անցել է ամէն սահման, ամենազօր ոյժի յաւակնորդ դարձնելով նրան. սակայն մարդու սահմանափակ կարողութիւնը շուտով բացայայտւում է, երբ աստւածային անսահմանափակ ոյժի առջեւ է կանգնում մարդը: Այստեղ ի յայտ է գգալիս նրա անզօրութիւնը եւ ճղճիմ ինքնութիւնը…:

Մահւան երկիւղը իր ամենածանր ազդեցութեամբ փորձում է խլել մարդու հոգու խաղաղութիւնը, եթէ նրա հոգին լցւել է աւելորդ մտահոգութիւններով, աշխարհիկ հոգսերով, եւ խորասուզւել նիւթական շահերի ապականեալ ջրերում: Հոգու ազատութիւնը միայն մահւամբ չի՛ յայտնւում: Մարդկային հոգին ազատ կարող է լինել նաեւ մարմնաւոր կեանքում, երբ մարդու միտքը ազատւում է աւելորդ խնդիրներից եւ լարւած թաքուն թակարդներից:

Մահւան երկիւղը նաեւ կարող ենք վանել մեր կեանքից, դրակա՛ն ճանապարհով: Անվերապահ հաւատքով կերտւող ճանապարհն է այն, որը առաջնորդում է մեզ առ Աստւած: Հաւատքի ճանապարհից ընթացող մարդը մահւանից չի՛ վախենայ, որովհետեւ մահը ո՛չ մի ոյժ չի՛ ունենայ իր վրայ: Մահը պարտութեան մատնող Յիսուսը մահից վախ չունէր: Յաւիտենական Վարդապետը իմանում էր, որ մահը միայն ժամանակաւոր մի պահ էր իր երկրաւոր կեանքի աւարտին, եւ շուտով յարութիւն էր առնելու մեռելների աշխարհից:

Ինչքա՜ն թոյլ է մեր հաւատքը մեր կրօնի մեծ Վարդապետի հանդէպ… մէկ կողմից ամենայն վստահութեամբ դաւանում ենք Նրա աստւածութիւնը, իմանալով որ երրորդ օրը յարութիւն առաւ մեռելներից, սակայն դեռեւս կասկած ունենք մեր սեփական յարութեան: Չկա՞ն քրիստոնէական մեր շարքերում անձեր, որոնք մահը համարում են ամէն ինչի վախճանը…: Հաւատքի թուլութիւնը սկսել է տարածւել ամենուրեք, ամէն տեղ կասկածի բոյն դնելով: Աւետաբեր հրեշտակների պատգամը ճիշտ այս կասկածը փարատելու զօրեղ կոչ էր. «Այստեղ չէ՛, այլ յարութիւն առաւ»: Նրանք նաեւ իւղաբեր կանանց ասացին, որ գնան եւ Նրա աշակերտներին եւ մանաւանդ ուրացող Պետրոսին աւետեն նոյն պատգամը. ինչո՞ւ. նրանց սրտից հեռացնելու համար մահւան երկիւղը:

Կեանքում ամենաքաջ ճանաչւած մարդն էլ վախեցել է մահւանից: Պատերազմական դրութեան մէջ յայտնւած, կամ ոճրագործի առջեւ կանգնած մարդկանց զգացած վախերից բացի, խաղաղ մահւան սնարում նւաղող մարդու դէմքի վրայ եւս երեւում է մահւան երկիւղը: Այս նշանակում է, որ մահւանից փախուստ չունի մարդ էակը այս կեանքում: Հողայնական ճակատագրով ստեղծւած մարդը վերադառնալու է հողին, որտեղից վերցւեց Աստծու ձեռամբ. սակայն իրեն համար սահմանւած օրերի ընթացքում, նա կարող է այնպէս ապրել, որ գէթ մահւան երկիւղը վանի դրականօրէն: Աստծուց չվախենալը եթէ մէկ երեսն է անաստւած մարդկանց, Նրա սահմանած մահւանից չվախենալը՝ միւս երեսը նրանց:

Հաւատացեալ մարդկանց մահւանից չվախենալը, Աստծու վրայ նրանց ունեցած աներկբայ հաւատքի արդիւնք է: Հաւատացեալ մարդն է, որ բացայայտ խոստովանում է ասելով, թէ մահւան րոպէին, Աստծու ձեռքերի մէջ է յանձնում իր հոգին, ինչպէս մեր Տէրը ասաց խաչի վրայ, իր կեանքի վերջին րոպէին…:

Մահւանից փախուստ չունենք, բայց մեր խորարմատ հաւատքով կարող ենք դրա պատճառած վախիցը փրկւել…: Քրիստոսի յարութեան տօնը միանգամ եւս առիթ է ընծայում մեզ, վերստին խտացնելու մեր հաւատքի ուռկանը, որը հիւսւել է Տիրոջ յարութեան աւետիսի նրբագոյն ոսկեթելերով:

Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի. Ամէն:

 

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի Հայոց Թեմի

Ս. Զատիկ 2024

Ազգային Առաջնորդարան, Թաւրիզ

Related Articles

Back to top button