
«ԱԼԻՔ» – Երկրի ներկայ պայմաններում, Թեհրանի հայոց դպրոցների կարգավիճակների մասին հարցազրոյց ենք ունեցել Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանի հետ:
Զրոյցի ընթացքում նա անդրադառնալով 2026-ի յունւարին յաջորդած եւ փետրւարի 28-ին, Իրանի դէմ ԱՄՆ-իսրայէլական սանձազերծած 40-օրեայ յարձակումների ընթացքում դպրոցների հեռակայ կարգով աշխատելուն նշել է. «2026 թւականի յունւարի իրադարձութիւններից յետոյ, երբ միառժամանակ հեռակայ էին դպրոցները եւ աշխատում էին Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան կողմից ներկայացւած «ՇԱԴ» հարթակով, ժամանակաւոր որոշ դժւարութիւններ ստեղծւեց հայերէն առարկաների եւ կրօնի դասաւանդման հարցով այդ հարթակ մուտք գործելու առումով։ Հայոց լեզւի ու կրօնի առարկաների դասաւանդման բացը փարատելու համար, երբ դպրոցները անցան առկայ դասաւադման, Կրթական խորհուրդը տարրական օղակի աշակերտների համար չորս պահով կազմակերպեց հայերէն առարկաների դասաւանդման յաւելեալ ժամեր երկսեռ կարգով, եւ այդ դասաւանդումները բաւականին ոգեւորութիւն ստեղծեց մեր սիրելի աշակերտների մօտ»:
Անդրադառնալով Իրանի դէմ սանձազերծւած 40 օրեայ պատերազմին, նա նշեց. «Դժբախտաբար պատերազմի սկսելու պատճառով եւ դպրոցների կրկին հեռակայ կարգավիճակի անցնելով չշարունակւեցին նշեալ դասընթացները, սակայն Կրթական խորհուրդը եւ հայոց դպրոցների տեսչական եւ ուսուցչական կազմը արդէն իսկ պատրաստ էին նման իրավիճակների համար, եւ այս անգամ արդէն հայերէնի եւ կրօնի դասաւանդումը կատարւեց «ՇԱԴ»-ի եւ հիմնականում ներքին հարթակներում։ Իհարկէ նախքան իրանական տարեմուտ, մենք եւս հիմնւեցինք Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան թելադրած քաղաքականութեանը՝ ըստ որի շեշտը հիմականում դրւել էր աշակերտութեան տրամադրութիւնը բարձրացնելու եւ նախկին դասերը կրկնելու վրայ, իսկ Ս.Յարութեան տօնից յետոյ մեր դպրոցների ուսուցիչները, ինչպէս համայն երկրում դարձեալ հեռակայ դասաւանդումներով հետեւում են ճշտւած դասացուցակին, որպէսզի աշակերտները պատրաստւեն տարեվերջի քննութիւնների համար»։
Անդրադառնալով նախակրթարանների եւ մանկապարտէզների օղակներում աշխատանքներին Կարինէ Բալըքճեանը նշեց. «Պաշտօնական յայտարարութեան համաձայն՝ թէեւ բոլոր մանկապարտէզների առկայ գործունէութիւնը ժամանակաւորապէս արգելւել է, ելնելով երեխաների ապահովութեան պահպանման հարցից, եւ ուսուցումը կը շարունակւի միայն անվտանգութեան ապահովումից յետոյ, ուստի Կրթական խորհուրդը եւս հաւատարիմ մնալով պետական այս որոշման, հեռակայ կարգով շարունակելու է մանկապարտէզների եւ նախակրթարանների հեռակայ աշխատանքները եւ ուսուցումը կատարւում է ներքին հարթակներում, թէ առցանց եւ թէ offline: Նախապէս այս իրավիճակը նախատեսւել էր մանկապարտէզների եւ նախակրթարանների տնօրինութեան միջոցով եւ սաններին էր յանձնւել փաթեթներ, որպէսզի ուսուցիչների տւած ուղեգծերով եւ ծնողների օգնութեամբ տառերի դասաւանդումը շարունակւի եւ աշակերտները ձեռք բերեն անհրաժեշտ հմտութիւնները եւ դասաւանդումը: Այս պարագային եւս Ս. Յարութեան տօնից յետոյ մեր ուսուցիչները նոր փաթեթներ են պատրաստել եւ արդէն յանձնւել է ծնողներին»։
Նա յաւելեց.«Դասաւանդումների կողքին հայոց դպրոցների ուսուցիչները շարունակում են հեռակայ հարթակներով խօսել եւ փոխանցումներ կատարել մեր սիրելի աշակերտներին ազգային ու կրօնական տօների մասին ինչպիսիք են՝ Քրիստոսի Յարութեան տօնը, Մայրերի տօնը եւ Հայոց Ցեղասպանութեան տարելիցը։
Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման 111-ամեակի առիթով Կրթական Խորհրդի ժամանակին նախատեսած եւ յանձնարարած մի շարք աշխատանքները, դպրոցների հեռակայ լինելու պատճառով, տեղի չեն ունենալու։ Սակայն նախապէս միջնակարգ օղակի աշակերտութիւնից ապրիլեան թեմայով հաւաքագրւել էր շարադրութիւններ, որոնք ուսումնասիրւել էր իրաւարար կազմի միջոցով եւ ընտրւած լաւագոյն շարադրութիւնները կը տպագրւեն մի առանձին գրքոյկում։ Նաեւ որոշել է 5-րդից 12-րդ օղակի մի խումբ աշակերտներ մասնակցեն Ապրիլ 24-ի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում Ապրիլեան միջոցառման ոգեկոչման Կենտրոնական յանձնախմբի կազմակերպած ծրագրին եւ ծաղիկների մատուցման արարողութեանը եւ տարրական օղակի աշակերտներին յանձնարարւել է նոյն թեմայով պատրաստեն նկարչութիւններ ու այդ օրը երբ իրենց ծնողների հետ ներկայ գտնւեն ոգեկոչման միջոցառմանը այդ նկարչութիւնները իրենց հետ բերեն եկեղեցի եւ դրանք ներկայացւելու են ցուցահանդէսի շրջագծում, նախատեսւած է նաեւ, որ միջոցառմանը ներկայ աշակերտները հանդէս գան երկու երգերով»:
Հարցազրոյցը ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ



