
«ԱԼԻՔ» – Հինգշաբթի՝ ապրիլի 30-ին, Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած «Ապրիլեան» միջոցառումը անցկացւեց երկու հերթով։ Միջոցառումը տեղի ունեցաւ երկու հերթով՝ նոյն միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում:
Ժամը 19:00-ին միջոցառումը կայացաւ երիտասարդների եւ ծրագրին մասնակցութիւն բերած կատարողների ընտանիքների բուռն մասնակցութեամբ, իսկ երկրորդը՝ (ժամը 20:30-ին) Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանի, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի, Թ. Հ. Թ. ՊԺ-ի եւ Թեմական խորհրդի, 111-ամեակի յանձնախմբի ատենապետի, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ։
Միջոցառմանն իր պարացանկով հանդէս եկաւ «Զարթօնք» պարախումբը՝ Լոռեթա Աւետիսեանի գլխաւորութեամբ։
Ծրագրի երկրորդ ներկայացման աւարտին օրւայ առիթով արտայայտւեց նաեւ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:
Հայր Սուրբը բարձր գնահատելով պարախմբի սաների կատարումները յաւելեց, որ ներկայացման առանցքում խօսում էր՝ ե՛ւ յոյսը ապագային նկատմամբ, ե՛ւ հայ մշակոյթը, ե՛ւ ազգի երբեք չմարող իրական երազանքը՝ հայրենիքը միաւորւած տեսնելը եւ կորցրածը յետ վերադարձնելը, ինչը- նրա խօսքով, այնքան ոգեւորիչ էր, որ «… շատ բան պիտի ասէի, բայց ոգեւորութիւնից մոռացայ…Այս սերունդը նոյն ոգով կարող է նաեւ Արցախը վերազատագրւած տեսնել»:



