ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ողջունում է Եւրոպական խորհրդարանի բանաձեւը

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ողջունում է Եւրոպական խորհրդարանի բանաձեւը, որով պահանջւում է, որ Հայաստանի իշխանութիւնները երաշխաւորեն ընդդիմութեան իրաւունքների լիարժէք յարգումը, դատական անկախութիւնը եւ խօսքի ազատութիւնը, ինչպէս նաեւ պահանջւում է արդարութիւն արցախահայութեան եւ հայ գերիների համար: ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ողջունում է ապրիլի 30-ին Եւրոպական խորհրդարանի կողմից ընդունւած՝ «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունութեանը աջակցելու մասին բանաձեւը»։
Այս նշանակալի փաստաթուղթը ամրապնդում է Եւրոպական Միութեան յանձնառութիւնը Հայաստանի ինքնիշխան ընտրութեանը՝ եւրոպական ինտեգրման ուղղութեամբ, եւ սահմանում է յստակ ակնկալիքներ դատական համակարգի բարեփոխումների եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերեալ։
Բանաձեւը անդրադառնում է ԵՄ–Հայաստան յարաբերութիւնների նոր փուլին, որը բնութագրւում է անվտանգային համագործակցութեան ընդլայնմամբ եւ ժողովրդավարութեան ու իրաւունքի գերակայութեան նկատմամբ ընդհանուր յանձնառութեամբ։ Այն ծառայում է որպէս համապարփակ ճանապարհային քարտէզ ԵՄ–Հայաստան գործընկերութեան համար՝ ընդգրկելով նոր ռազմավարական օրակարգի իրականացումը, դիմակայունթեան եւ աճի ծրագիրը, ինչպէս նաեւ Հայաստանի պաշտօնական ձգտումը դէպի ԵՄ անդամակցութիւն։
Քանի որ Հայաստանը պատրաստւում է 2026 թ. յունիսի 7-ի ռազմավարական կարեւորութիւն ունեցող խորհրդարանական ընտրութիւններին, Եւրոպական Խորհրդարանը յստակ ազդակ է փոխանցում, որ այդ ընտրութիւնները պէտք է լինեն ազատ, արդար եւ մրցակցային։
Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը յատկապէս ընդգծում է խորհրդարանի դիրքորոշումը «ընդդիմութեան իրաւունքների լիարժէք յարգման» եւ բոլոր քաղաքական դերակատարների համար հաւասար պայմանների անհրաժեշտութեան վերաբերեալ։ Մենք արձագանքում ենք նաեւ արտաքին միջամտութեան եւ հիբրիդային սպառնալիքների դէմ ամուր պաշտպանական մեխանիզմների կոչին, մասնաւորապէս այն սպառնալիքների, որոնք ուղղւած են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ապակայունացմանը։
Բանաձեւը անդրադառնում է արդարութեան եւ անվտանգութեան այն առանցքային դրոյթներին, որոնք էական են տարածաշրջանում կայուն խաղաղութեան համար.
Արդարութիւն եւ պատասխանատւութիւն հայ գերիների հարցում. Եւրոպական Խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդների անօրինական կալանաւորումը՝ պահանջելով նրանց անյապաղ եւ անվերապահ ազատ արձակումը։ Այն ընդգծում է, որ ցանկացած կայուն խաղաղութիւն պէտք է հիմնւած լինի Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան նկատմամբ յարգանքի վրայ։
Արցախահայութեան իրաւունքներ. Եւրոպական Խորհրդարանը վերահաստատում է իր հաստատուն աջակցութիւնը արցախահայութեան իրաւունքներին, ներառեալ նրանց ինքնութեան եւ սեփականութեան պաշտպանութեան հարցերը։ Խորհրդարանը յստակ կոչ է անում ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքը՝ միջազգային երաշխիքների ներքոյ։ Պահանջում է պատասխանատւութիւն հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան ոչնչացման համար եւ կոչ է անում իրականացնել միջազգային գնահատման առաքելութիւն։
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը ողջունել է առաջիկայ ընտրութիւնների ընտրական ամբողջականութեան պահպանման անհրաժեշտութիւնը՝ նկատելով. «Ես ողջունում եմ Եւրոպական Խորհրդարանի դիրքորոշումը՝ վերահաստատելու իր յանձնառութիւնը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան հարցում, ներառեալ նրանց վերադարձի իրաւունքը՝ միջազգային անվտանգութեան երաշխիքների ներքոյ։
Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից վերջերս երկու հայկական եկեղեցիների ոչնչացման ողբերգական լուրերի լոյսի ներքոյ, հրամայական է, որ Եւրոպական յանձնաժողովը գործի ըստ այն մանդատի, որը Եւրոպական Խորհրդարանը հետեւողականօրէն տրամադրում է՝ Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու իր յանցագործութիւնների համար՝ հիմնւելով արդարութեան եւ ժողովրդավարական արժէքների վրայ, որոնց վրայ հիմնւած է այս բանաձեւը»։
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ



