ՀամայնքՀարցազրոյցՆոր Ջուղա

Գեղարդ Մանսուրեան. «Յոյժ գնահատելի է պատերազմի օրերին Նոր Ջուղայի հայկական համայնքի միասնականութիւնը»

Տւեալներ 40-օրեայ պատերազմի օրերին Սպահանի հայոց թեմին հասած վնասների մասին

Իրանի դէմ ԱՄՆ-ի եւ իսրայէլական սանձազերծած 40–օրեայ պատերազմի հետեւանքներից անմասը չմնաց նաեւ իրանահայ համայնքը, ունենալով թէ՛ նահատակ, թէ՛ վիրաւոր, եւ թէ՛ բնակարանների, աշխատատեղերի ու գոյքերի վնասներ:

Սպահանի հայոց թեմի պատմական համայնքին պատճառւած մարդկային կորուստի եւ գոյքերի ու շինութիւնների վնասների մանրամասների մասին իրազեկ դառնալու նպատակով հարցազրոյց ենք ունեցել Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանի հետ:

 

Զրոյցի ընթացքում պատգամաւորը դատապարտելով Իրանի դէմ կատարւած անօրինական յարձակումները եւ Իսլ. յեղափոփութեան գերագոյն առաջնորդի եւ պետական ու ռազմական ղեկավարութեան սպանութիւնները, համապարփակ գծերով անդրադարձաւ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայկական համայնքներին հասցւած վնասներին:

Նա նշեց. «Դժբախտաբար Սպահան քաղաքում պատերազմի օրերին երբ հրթիռակոծւեց արդիւնաբերական մի տարածքի յարակից շինութիւնները, իր աշխատավայրում նահատակւեց համայնքի քաղաքացիներից հմուտ արհեստաւոր Յովհաննէս (Ամիրխան) Սիմոնեանը, որը մեծ վիշտ պատճառեց թէ՛ բոլորիս, եւ թէ՛ իր ընտանիքին, եւ նրա յուղարկաւորութիւնը կատարւեց իրանական մակարդակով»: Պատգամաւորը անդրադառնալով այլ տուժածներին նշեց. «Ունեցել ենք կին վիրաւոր, այն ժամանակ երբ հարւածի թիրախ դարձաւ Սպահանի ոստիկանութեան ընդհանուր կենտրոնը, յիշեալը աշխատում էր, որպէս բուժքոյր հիւանդանոցում եւ աշխատավայր յաճախելիս հարւածի ուժգնութիւնից վիրաւորւել եւ անմիջապէս հիւանդանոց էր տեղափոխւել եւ բուժում ստանալուց յետոյ դուրս գրւել հիւանդանոցից»:

Անդրադառնալով հայ արհեստաւորների եւ աշխատաւորների վնասւած աշխատատեղերին, պատգամաւորը ընդգծեց, որ մեծամասնաբար վնասւել էին Սպահանի «Շափուր» շրջանի արհեստանոցները, ջարդւել էին ապակիները, որոնք արդէն նորոգւել են, բայց քանի որ հարւածը եղել էր առաւօտեան կանուխ ժամերին, ուստի մարդկային զոհ կամ վիրաւոր չի եղել, ըստ տւեալների վնասւած են եղել աւելի քան 10 խանութներ տարբեր փողոցներում:

Պատգամաւոր Մանսուրեանը անդրադառնալով Նոր Ջուղայում տեղի ունեցած իրավիճակին նշեց. «Քաղաքամասին մօտ տարածքներում մի քանի անգամ եղել են հզօր հարւածներ, որը սարսափի էր մատնել մեր համայնքի սիրելի հայրենակիցներին, բայց բարեբախտաբար Նոր Ջուղայի հայահոծ քաղաքամասը զերծ մնաց վնասներից: Նա զրոյցի այլ բաժնում իր գնահատանքը յայտնեց Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեանը եւ Հայ Դատի յանձնախմբին, որոնք անվերապահ հետամուտ են եղել հայրենակիցների հարցերով եւ աւելացրեց, որ պատերազմի առաջին իսկ օրւանից կեանքի էր կոչւել շտաբ:

Խօսելով Նոր Ջուղայի հինաւուրց հայկական գերեզմանատան մասին պատգամաւորը այսպէս շարունակեց. «Նոր Ջուղայի գերեզմանատունը քանի որ աւելի մօտ էր ռազմակենտրոններին ուստի, պատերազմական օրերին ազգային իշխանութեան կողմից կեանքի կոչւած շտաբը հայրենակիցների անվտանգութիւնից ելնելով յայտարարեց, որ եթէ համայնքում մահացութեան դէպքեր են արձանագրւում, ննջեցեալին հողին յանձնելու համար միայն գերեզմանատուն պիտի մեկնեն անմիջական մի քանի հարազատներ եւ արարողութիւնները եւ ընդունելութիւնները կատարւում էին եկեղեցիներում»:

Նա նշեց. «Պատրազմի թէժ օրերին նաեւ փակւել էր Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւնը, սակայն նկատի առնելով, որ համայնքը կարիք ունէր նաեւ հոգեկան սնունդի եւ միմեանց հետ շփւելու, ուստի շատ տեղին որոշմամբ միութիւնը միառժամանակ փակ լինելուց յետոյ կրկին սահմանափակ ժամերով բաց էր լինում եւ ընդունում հայրենակիցներին, որոնք ի դէպ ընդառաջում էին ներկայութիւնը: Ես անձամբ Նոր Ջուղայում լինելով անմիջական կապի մէջ էի համայնքի հետ եւ գրասենեակ էին դիմում ոչ միայն մեր հայ, այլ նաեւ ոչ հայ հայրենակիցներ եւս տարբեր հարցերով»:

Պատգամաւորը ընդգծեց, որ անձամբ կապի մէջ է եղել պետական տարբեր շրջանակների հետ եւ նրանք եւս իրենց պատրաստակամութիւնն էին յայտնում աջակցելու ըստ հնարաւորին:

Անդրադառնալով Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքին դոկտ. Մանսուրեանը նշեց. «Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ յարձակումների օրերին երբ թիրախ դարձաւ ոստիկանութեան կենտրոնակայանը Նոր Ջուղայում, Ս. Ամենափրկիչ վանքի տարածքում գտնւող ազգային առաջնորդարանի շէնքի պատերը պայթիւնի ալիքից չնչին վնաս կրեցին, բարեբախտաբար Վանքի մատենադարանը, թանգարանը կամ Վանքը որեւէ վնաս չեն կրել: Վնասները գնահատելու առումով, տարածք այցելեցին Իրանի Մշակութային ժառանգութեան մասնագէտները եւ յարկ եղած ուղղութիւնները փոխանցեցին»:

Պատգամաւորը անդրադառնալով Սպահան նահանգի Շահինշահր քաղաքի հայկական համայնքի կրած վնասներին նշեց. «Մեր հայրենակիցներին հասած վնասները այդ քաղաքաում շատ աւելին է եղել: Մեծ թւով հայրենակիցների բնակարաններ է վնասւել, որոնցից երեքի վնասները շատ մեծ է եղել, իսկ մէկ հայրենակցի բնակարանին եւ կահոյքին հասած վնասը շատ աւելի վատ է եւ կահոյքի մեծ մասը անգամ օգտագործելի չէ, ունեցել ենք նաեւ վիրաւորներ, որոնք բարեբախտաբար անմիջապէս հիւանդանոց են տեղափոխւել եւ բուժում ստանալով դուրս գրւել: Շահինշահրում մեր հայրենակիցներից մէկին էր պատկանում աւտովերանորոգման մի մեծ կենտրոն, որը ոչ միայն մեծ վնաս է կրել յարձակումների ժամանակ, այլ տարածքում գտնւող եւ վերանորոգւող աւտոներն են վնասւել, եւ կենտրոնի շէնքը եւ յարակից տարածքի այլ շէնքեր եւս պէտք է լիովին վերակառուցւեն»: Պատգամաւորը ընդգծեց, որ թէեւ Թեհրանում վնասւածքների հարցով հետամուտ է քաղաքապետարանը, սակայն քաղաքներում նման հարցերով է զբաղւում «Բնակարանաշինութեան պետական հիմնադրամը»:

Անդրադառնալով Շահինշահրում հայկական դպրոցին, եկեղեցուն եւ միութեանը նա նշեց, որ բարեբախտաբար այդ կառոյցները որեւէ վնաս չեն կրել:

Պատգամաւորը զրոյցի աւարտին բարձր գնահատեց համայնքի հայրենակիցներին, որոնք պատերազմական բարդ իրավիճակներում յարգելով ազգային իշխանութեան յորդորները, եւ պահպանելով միասնականութիւնը կարողացան թեւակոխել այդ օրերը: Նա յոյս յատնեց, որ այլեւս Իրանի դէմ նման անօրինական ներխուժումներ չկատարւեն: Նա նաեւ գնահատանքով անդրադարձաւ Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան կողմից այդ օրերին իրականացրած նախաձեռնութիւններին:

Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button