
Սուրբ Թադէի հնադարեայ վանքի կամարները շա՜տ աւելի ծանր տանջանքներ են վերցրել իրենց ուսերին, սրախողխող եղած վանականների, եւ շրջակայ գիւղերի հայութեան դառնագոյն նահատակութեամբ:
Ներկայ ժամանակների յարձակումները Պարսկաստանի վրայ, երկրի սահմաններում ապրող քաջարի ժողովրդի տոկուն համբերութեամբ, երբեմն թշնամիների աննպաստ կեցւածքների հանդէպ քաջ անտարբերութեամբ, նւաստացնում են նրանց աշխարհակալ լինելու միտումները: Նրանք չե՞ն կարդացել, որ բազմաթի՜ւ աշխարհակալներից շատերի աճիւններն իրենց գերեզմանափոսերում իսկ չեն մնացել, տապանաքարերի ջարդւելու պատճառով…:
Այս տարւայ Ուխտագնացութեան ընթացքին (յուլիսի 16-18: ԽՄԲ.), մեր Վանքի քարերը աւելիով խօսեցին մեզ հետ, ո՛չ թէ պատմութեան տխուր էջերի տրտմութիւնը հաղորդելով, այլ դրանցից բխած վերակենդանացած ժողովրդի ծաղկուն պատկերը ներկայացնելով բոլո՛ր ուխտաւորներին:
Վրանների բազմութիւնը՝ ուխտաւորների առատութեամբ, Թեմական խորհրդի եւ Վանքերի Ուխտագնացութեան յանձնախմբի կազմակերպւածութիւնը, եւ հաւատացեալների եկեղեցասէր նկարագիրը, հինգշաբթի օրւանից սկսեալ ժամերգութիւնների կատարումով, մոմավառութեան աղօթական մթնոլորտով եւ անձնական աղօթքների ջերմութեամբ, Սուրբ Թադէի վանքը դարձրին համայն հայութեան սրբավայր մի օրրան…:
Իսլամական պետութեան յարգալից այցն ու քաջալերանքի արտայայտութիւնները, վրանների բազմացման գործնական մօտեցումը, եւ ուխտաւորների ապահովութեան խնամատար պահւածքը, բոլոր ժամանակներում յիշատակւելու արժանի են: Կրօնական տարբերութիւնը միացւում է միաստւածեան կրօնի հարթակում. իսկ հաւատքը թեւածում է իւրաքանչիւրի տարբեր ըմբռնումների երկնակամարում: Այստեղ կրօնի դասաւանդումը դասագրքերից դուրս՝ կեանքով է տրւում:
Ատրպատականի հայոց հնագոյն մեր թեմի անցեալն ու ներկան կամրջւել են արդէն, նւիրեալ երիտասարդութեան անխոնջ ծառայութեամբ, եւ Ազգային իշխանութեան նորահիմն հոգով, որը դուրս է եկել անցեալում միաձեււած եւ խեղաթիւրւած կառոյց լինելուց: Թեմական խորհրդի իւրաքանչիւր անձի նւիրումն ու պատրաստակամութիւնը թեմը առաւել բարձունքի հասցնելու, յաջորդող սերունդների համար օրինակ է հանդիսանալու: Սեփական շահը, անձնական փառքը, շրջապատում հանգամանքի փնտռտուքը, գտել են իրենց աւարտը, որի համար Ամենակալ Աստծուն փառք եւ գոհութիւն մատուցւեց Ս. Թադէի եւ Ս. Սանդուխտի բարեխօսութեամբ:
Նիւթական ներկայ հսկայ դժւարութիւնների, տնտեսական անախորժ տագնապի, եւ նոյնիսկ առօրեայ ծախսերի նեղ իրադրութիւնում, Թեմական խորհուրդը չզլացաւ ստանձնել Սուրբ Թադէի վանքի վանականների խուցերի վերանորոգութեան ձեռնարկելու մեծ աշխատանքը:
Վանահայրերի լքւած, եւ անգործածելի իրերով, երկաթներով ու այլ գոյքերով լիքը խուցերի դատարկումը, ծեփւած ու սեւացած պատերի քերումն ու նախկին քարերի յայտնաբերումը եւ ապա մաքրութիւնը, Թեմական խորհուրդը կատարել տւեց Սուրբ Թադէոս առաքեալի վանքի կողքում, նախկին «Վանք» կոչւած գիւղում ապրող քուրդ գիւղացիներին, ապսպրելով շատ բծախնդիր աշխատանք:
Մարդը ծնւում է, ապրում, սակայն յետոյ միայն իր գործն է մնում, որը ծառայելու է իբրեւ ազգաշինութեան օրինակ: Ատրպատականի մեր թեմի պատկանող նւիրական կառոյցներից գլխաւորի՝ Ս. Թադէի վանքի նկատմամբ այժմու հայութեան ղեկավարող դասակարգի հոգածութիւնը, թող ոգեւորիչ դառնայ ո՛չ միայն ներկայ, այլեւ յաջորդող դարերի համար:
Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն «Արտազ» ամսագիր (թիւ 7, յուլիսի 2026 թ.)



