ԹեհրանՀամայնք

75-ամեայ հաստատակամ երթի արդի դրսեւորումը

Կատարւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան երդման արարողութիւնը, միութեան 75-ամեակին նւիրւած

«ԱԼԻՔ» – 75 տարիների բովում թրծւած բայց երիտասարդական աւիւնով առ լեցուն Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան ներկայ սերնդի սկաուտները դարձեալ երդւեցին լինել ազնիւ ու ազգասէր հայորդի: «Երդւում եմ պատւովս հաւատարիմ լինել Աստծուն, Հայրենիքիս եւ Ընտանիքիս», այս կարգախօսով հինգշաբթի, նոյեմբերի 12-ին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզասրահում մեկնարկեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական միութեան Սկաուտների երդման տարեկան արարողութիւնը, որը նւիրւած էր Սկաուտական միութեան հիմնադրման 75-ամեակին: Միջոցառում, որը դարձել էր միջհամայնքային համախմբման յարթակ, միաւորելով սկաուտներին Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւնից մինչեւ Ատրպատականի հայոց թեմի Հ.Մ.Ա.Կ.-ի մասնաճիւղեր Թաւրիզ ու Ուրմիա:

Սկաուտ Միրօ Մկրտչեանի արտասանած բացման խօսքով մեկնարկած միջոցառմանը, նա ողջունելով ներկաներին նշեց, որ ի յարգանս Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան անդամ արի՝ Միրօ Ասատրեանի եւ Թաւրիզի մասնաճիւղի Սկաուտական բաժանմունքի տարիների փորձառու եւ ղեկավար Սկաուտապետ խմբապետ Սաթիկ Աւագեան-Աբրահամեանի, որոնք կնքել են իրենց մահկանացուն ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեն նրանց անմեռ յիշատակը: Յարգանքի տուրքի պահին ներկաները տեսաժապաւէնով ականատեսն էին հանգուցեալ Սաթիկ Աւագեան-Աբրահամեանի աշխատանքների: Օրւայ հաղորդավարներն էին՝ Նիկոլետ Օհանեանը եւ Միրօ Մկրտչեանը:

Ապա Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան եւ Թաւրիզի եւ Ուրմիայի մասնաճիւղերի սկաուտական բաժանմունքների դրօշակագարդի եւ Սկաուտական միութեան կրտսերների երգչախմբի ուղեկցութեամբ, որոնք կատարեցին կազմակերպութեան հիմնը ծածանւեցին դրօշները: Երգչախմբի խմբավարն է Մեղեդի Նազարեանը եւ երգչախումբը կատարեց ազգային-յեղափոխական երգեր:

Միջոցառումը ոչ միայն սկաուտական մարտական եւ ֆիզիկական ներկայացումներով էր զուգորդւած, այլ նաեւ գեղարւեստական յայտագրով, որը իրականացնում էին հէնց սկաուտները, ապացուցելով, որ հայ սկաուտը պահպանողն է իր ազգի մշակոյթի: Ֆլէյտայի կատարմամբ հանդէս եկաւ Արփա Մահմուդին, քանոնի կատարմամբ ելոյթ ունեցաւ Փարելի Թահմասեանը, իսկ համատեղ ասմունքով ելոյթ ունեցան Սերինէ Մելքոնեանը, Նիկոլետ Օհանեանը եւ Մոնթէ Զոհրաբեանը: Օրւայ ծրագիրը յագեցած էր Սկաուտական միութեան մէկամեայ աշխատանքների ցուցադրմամբ եւ ֆիզիկական ցոյցերով:

Ապա երդման արարողութեան համար Հ.Մ.Ա.Կ.-ի 235, Թաւրիզի 38 եւ Ուրմիայի 35 սկաուտները հատւած առ հատւած դրօշակներով մուտք  գործեցին մարզադահլիճ եւ երդման համար զգաստ եւ խանդավառ, հայ սկաուտին վայել կատարեցին երդման արարողութիւնը, որից յետոյ քաւորները նորագիրներին յանձնեցին իրենց թաշկինակները:

Խօսքերի հատւածում Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական միութեան Սկաուտապետ խմբապետ Վանէ Տէր Ղազարեանը փոխանցեց միութեան խօսքը, որի ընթացքում անդրադարձաւ միութեան մէկամեայ աշխատանքներին, Հայաստանում կազմակերպւած ՀամաՀ.Մ.Ը.Մ.-ի 13-րդ բանակումին եւ նշեց, որ բոլոր միջոցառումների նպատակն է՝ համատեղ եւ միասնական աշխատանքներ: Իր ելոյթի ընթացքում նա ընդգծեց. «Հայրենի եւ սփիւռքեան կենսափորձը ցոյց է տւել, որ հայ ժողովուրդը մեծ կարեւորութիւն է տւել հայեցի դաստիարակութեանը, մեր կեանքը փաստ, որ մեր տարած բոլոր աշխատանքները եղել են մեր մատաղ սերնդի համար եւ մենք բոլոր հնարաւոր ու նոյնիսկ անհնար միջոցներով պէտք է սատար հանդիսանանք մեր համայնքին եւ նրա բոլոր կառոյցներին, որպէսզի կարողանանք ծառայել հայ ժողովրդին եւ հայրենիքին»:

Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը: Նա ողջունելով եւ շնորհաւորելով Սկաուտական միութեան 75-ամեակը, գնահատեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի եւ Ուրմիայի մասնաճիւղերի տասնեակ, ինչու չէ նաեւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան աւելի քան տասը սկաուտների ներկայութիւնը, նաեւ ներկայութիւնը Թեհրանից քոյր միութիւնների սկաուտների: Նա գնահատեց այս միասնականութիւնը եւ միաւորումը հայկական սկաուտական շարժմանը, որը նաեւ ի յայտ է գալիս ՀամաՀՄԸՄ-ական բանակումներին: Նա նշեց. «Ժամանակին երբ անկախ չէր Հայաստանը, Իրանում կազմակերպւում էր համասկաուտական բանակումներ, որի ընթացքում երազում էինք ազատ հայրենիքում եւս նման բանակումների անցկացումը, իսկ Հայաստանի անկախացումից յետոյ, այսօր նման բանակումներ անց են կացւում Հայաստանում եւ այսօր ազգովին կանգնած ենք նոր հանգրւանում, կերտելու հզօր Հայաստան, հզօր Սփիւռքի միասնական ոգով»: Նա իր գնահատանքը յայտնեց նաեւ ծնողներին, որոնք իրենց զաւակներին ուղեկցում են միութիւններ, ինչպէս նաեւ սկաուտական բաժանմունքներ եւ ընդգծեց, որ սկաուտականի գաղտնիքն է սովորեցնել կազմակերպչական եւ հաւաքական աշխատանք:

Իր խօսքը փոխանցնեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը: Նա ողջունելով Սկաուտական միութեան հիմնադրման 75-ամեակը եւ կարեւորելով սկաուտական երդումը՝ ծառայել Աստծուն, հայրենիքին եւ ընտանիքին, վստահութիւն յայտնեց, որ հայ սկաուտը չի խնայելու իր ջանքը յանուն իր ազգին: Պատգամաւորը սկաուտներին քաջալերեց չխնայել իրենց կարելին համայնքային աշխատանքներում:

Եզրափակիչ խօսքով Տ. Արիստակէս քնհյ. Շահմիրեանը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օրհնութեան խօսքը: Խօսքի մէջ շնորհաւորելով Սկաուտական միութեան 75-ամեակը նշւել էր. «75 տարիների պատմութիւնը, նւիրումի, զոհողութեան եւ ազգային ծառայութեան ճանապարհ է, որի ընթացքում բազում սերունդներ են դաստիարակւել ծառայելու իրենց ընտանիքին, համայնքին, հայրենիքին եւ Աստծուն: Սկաուտութիւնը պարզապէս միութիւն չէ, այլ կեանքի դպրոց, որտեղ երիտասարդը սովորում է լինել կարգապահ, ազնիւ պատասխանատու, ընկերասէր, հայրենասէր եւ  դժւարութիւններին դիմագրաւելու պատրաստ: Հայերիս համար սկաուտութիւնը ունի նաեւ առանձնայատուկ ազգային առաքելութիւն, այն հայեցի դաստիարակութեան, ազգային ինքնութեան պահպանման եւ սերունդների միջեւ կապի ամրապնդման կարեւոր միջոց է»:

Արարողութեանը ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ դկտր. Սեւակ Հաթամեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վահէ Թարոյեանը եւ փոխատենապետ Արմինէ Սէթխանեանը, քոյր միութիւնների Սկաուտապետեր, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով ներկաներ:

Պատգամից յետոյ յուշանւէրներ փոխանցւեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան, Նոր Ջուղայի, Թաւրիզի ու Ումիայի Սկաուտական բաժանմունքների պատասխանատուների միջեւ:

Իսկ վերջում խորհրդարանի պատգամաւորի, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահի, քահանայ հօր, կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անդամ եւ Սկաուտական միութեան կապ Վրոյր Յարութիւնեանի,  վաստակաւոր սկաուտապետ Արա Ծատրեանի եւ ներկայ Սկաուտապետ Վանէ Տէր Ղազարեանի միջոցով գնահատագրեր, աստիճաններ եւ պաշտօններ էին փոխանցւում սկաուտներին: Անւանացանկը ներկայացնում էր Գերագոյն կազմից դերխմբապետ Երազիկ Նիկոլայեանը:

Յատկանշական է, որ կազմակերպւել էր նաեւ ցուցահանդէս, որտեղ ներկայացւած էր Սկաուտական միութեան աշխատանքները եւ անցեալից նկարներ:

Թղթակից` ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ

Related Articles

Back to top button