Փաշինեանը ցանկանում է նոր Սահմանադրութեան ընդունման միջոցով բաւարարել Ալիեւի պահանջները

Նիկոլ Փաշինեանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջներն ու շանտաժներն՝ այդպիսով Հայաստանի ժողովրդին կանգնեցնելով նրանց քաղաքականութեանը ենթարկւելու փաստի առաջ։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը։
«Այս մօտեցումը Նիկոլ Փաշինեանին կարող է յանգեցնել նրան, որ Հայաստանը կորցնի իր անկախութիւնը։ Ի՞նչ ուղերձ է նա յղում։ Ստացւում է, որ այսօր Էրդողանն ու Ալիեւն են ղեկավարելու Հայաստանը, քանի որ Փաշինեանը ստիպւած է լինելու ժողովրդին համոզել եւ իրականացնել նրանց քաղաքականութիւնը»,- նշել է նա։
Անդրադառնալով Հայաստանի նոր Սահմանադրութեան շուրջ քննարկումներին՝ Փափազեանը համոզմունք է յայտնել, որ Փաշինեանը ցանկանում է նոր Սահմանադրութեան ընդունման միջոցով բաւարարել Ալիեւի պահանջները։
«Բոլորս խաղաղութիւն ենք ուզում։ Չկայ որեւէ ուժ, որը պատերազմ է ցանկանում Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Բայց եթէ ուզում ենք ոչ միայն խաղաղութիւն, այլեւ կայուն ու ամուր խաղաղութիւն, ապա այն պէտք է հիմնւած լինի արդարութեան վրայ եւ հաշւի առնի Հայաստանի շահերը»,- եզրափակել է նա։



