Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը՝ Նոր Ջուղայում
Յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Մինաս եկեղեցիներում սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնի՝ Ճրագալոյցի առթիւ, որտեղ ընթերցւեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամը տօնի կապակցութեամբ: Երեկոյի պատարագիչ հայրերն էին հերթաբար՝ Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը եւ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը:
Յաջորդ օրը՝ յունւարի 6-ի առաւօտեան, Ս. Ծննդեան տօնի առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց եւ Ջրօրհնէքի կարգ կատարւեց Ս. Բեթղեհէմ եւ Ս. Ստեփանոս եկեղեցիներում՝ հերթաբար Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի եւ Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ձեռամբ. նշւած արարողութիւնների ընթացքում՝ քարոզախօսութեան պահին, պատարագիչ քահանայ հայրերի միջոցով ընթերցւեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի պատգամը՝ տօնի առթիւ: Պատգամի աւարտին քահանայ հայրերը ցաւակցական խօսք ուղղեցին Իրանի հոգեւոր առաջնորդին, նախագահին, միւս պատկան այրերին եւ իհարկէ ժողովրդին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգութեան, ինչպէս նաեւ Իսրայէլի կողմից Գազայում շարունակւող ռազմական գործողութիւնների առթիւ, որոնց հետեւանքով զոհւել եւ վիրաւորւել են բազմաթիւ անմեղ ժողովուրդ։
Նոյն օրը երեկոյեան ժամը 5:00-ին, Ջրօրհնէքի կարգ կատարւեց Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, իսկ աւելի շուտ նոյն կարգը մատուցւեց նաեւ Ս. Մինաս եւ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում:
Թղթակից (Նոր Ջուղա)