Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ուրմիայում մասնակցեց Սարդար Սոլէյմանի յուշահանդէսին
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Յունւարի 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը Ուրմիայում ներկայ գտնւեց գեներալ Սոլէյմանիի նահատակութեան չորրորդ տարելիցի յիշատակի հանդիսութեանը: Սրբազան Հօրը ընկերակցում էր Թեմական խորհրդի ատենապետ՝ Գագիկ Ջորջեանը:
Ուրմիայի պետական համալիրի ընդարձակ սրահում կայացած յիշատակի հանդիսութեանը ներկայ էին՝ Ուրմիայի կրօնական, համայնքային եւ պետական ներկայացուցիչները, զինւորական բարձրաստիճան պատասխանատուներ եւ պաշտօնական հրաւիրեալներ:
Գեղարւեստական ծրագրի ընթացքում ելոյթ ունեցան փոքրերի, պատանիների եւ երիտասարդների երգեցիկ խմբեր, որոնք ռազմաշունչ երգերով յաղթանակի հեռանկար պարզեցին բոլոր ներկաների հոգում: Ելոյթ ունեցաւ նաեւ զինւորական փողերախումբը, նահատակներին նւիրւած երաժշտութեամբ:
Օրւայ բանախօսներն էին շիա եւ սուննի համայնքապետերը, իսկ քրիստոնեաների անունից խօսք առաւ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադարձաւ նահատակութեան սրբացնող գաղափարին. «Մի ազգ կամ ժողովուրդ, եթէ իր կաշւի վրայ խորապէս չի զգացել ցաւը, չի կրել վիշտը, եւ մանաւանդ չի ունեցել հայրենիքի կորուստ, չի կարող հասկանալ, թէ ի՞նչ է նահատակութիւնը, կամ ինչո՞ւ են նահատակւում մարդիկ, եւ թէ ինչքա՜ն մեծ հարստութիւն է նահատակներով հարուստ պատմութիւն ունենալը»,- ասաց Սրբազան Հայրը: Ապա շարունակելով նոյն մտածումը, խօսեց տառապող ժողովուրդների մասին, որոնց շարքում յիշեց հայ եւ պաղեստինցի ժողովուրդների կրած տանջանքները 20 եւ 21-րդ դարերում. «Ամօ՛թ, ինք իրեն քաղաքակիրթ համարող ներկայ աշխարհին, երբ զարգացած այս դարում դեռեւս երեխաներ են նահատակւում, անմեղ մարդիկ զոհ են դառնում վայրագ պետութիւնների յարձակումներին, որոնց գլխաւորը՝ սիոնիստական պետութիւնն է, օրական դրութեամբ քաղաքացիներ է կոտորւում»,- ընդգծեց Սրբազան Հայրը: Նա վեր հանեց գեներալ Սոլէյմանիի նման մեծ հրամանատարի եւ ղեկավարի շնորհքը, որով նա կարողանում էր կայունութիւն ստեղծել տառապող ժողովուրդների կեանքում, եւ կասեցնել թշնամու առաջխաղացքը:
Վերջապէս, Սրբազան Հայրը շեշտեց, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հովանու ներքոյ, տարբեր կրօնների ընծայաբերած նահատակների միջեւ խտրութիւն չկայ: Դրանք լինեն քրիստոնեայ եւ կամ մուսուլման, սրբանում են նահատակութեան խորհրդով, եւ բոլորի յարգանքին արժանանում:
Յուշահանդէսի վերջին բաժնում պաշտօնական հրաւիրեալները բեմ հրաւիրւեցին ստորագրելու համար սոյն օրւայ յիշատակի յուշագիրը:
Երկու ժամ տեւած յուշահանդէսի աւարտին ճաշկերոյթ տրւեց բոլոր հրաւիրեալներին: