Թեհրան

Կառավարութեան խօսնակն ՝ ազգային առաջնորդարանում

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, կառավարութեան խօսնակ եւ տեղեկատւութեան խորհրդի քարտուղար Բահադորի Ջահրոմին երէկ՝ յունւարի 10-ի երեկոյեան այցելեց Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի եւ ազգային առաջնորդարան:

Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի համադրութեամբ, ազգային առաջնորդարանի դահլիճում, կառավարութեան խօսնակի հետ ջերմ մթնոլորտում կազմակերպւած հանդիպման ընթացքում, Թեհրանի հայկական համայնքի զանազան ոլորտների ներկայացուցիչները, արծարծեցին համայնքին յուզող հարցեր, ինչպէս՝ հայոց դպրոցների, միութիւնների, ազգային կառոյցների, «Ալիք» օրաթերթի, հայկական հրատարակչութիւնների խնդիրները, եւ անդրադարձան նաեւ համաիրանական մասշտաբում մի շարք խնդիրներ:

Հանդիպման սկզբում պատգամաւոր Արա Շահվերդեանն իր ողջոյնի խօսքը փոխանցելով կառավարութեան խօսնակին եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը, իրանահայ համայնքի անունից կրկին անգամ ցաւակցութիւն յայտնեց Քերմանի աղէտալի ահաբեկչութեան կապակցութեամբ, եւ ընդգծեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում նախաձեռնւել են «Սպասարկութեան սեղաններ», որոնց ընթացքում պետական այրերը բազմազան ոլորտներում եւ հայկական միութիւններում ու եկեղեցիներում ներկայ գտնւելով, դէմ առ դէմ հանդիպման ընթացքում վերահասութիւն են տւել համայնքի տարաբնոյթ հարցերին: Նա այս առումով իր շնորհակալութիւնը փոխանցեց կառավարութեան խօսնակին եւ ընդգծեց, որ հանդիպմանը ներկայ են տարբեր ոլորտների մասնագէտներ՝ գիտական, հասարակական, մշակութային, մարզական բնագաւառներում, գործարարներ, հրատարակիչներ եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր հնարաւորութիւն ունեն դէմ առ դէմ ներկայացնել իրենց ոլորտների համայնքային խնդիրները, եւ ընդգծեց, որ նման դէմ առ դէմ հանդիպումները պատճառ են դառնում, որ ժողովուրդն աւելի մօտկից շփւի պետական այրերի հետ: Ապա ներկաներին մէկ առ մէկ առիթ տրւեց փոխանցելու իրենց հետաքրքրող եւ յուզող հարցեր, որոնք գրանցւում էին կառավարութեան խօսնակի եւ ներկայ պատկան պատասխանատուների կողմից: Հանդիպման ընթացքում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը կարեւորութեամբ անդրադարձաւ համայնքային մի շարք խնդիրներին, որոնց վերահասութիւնը վերապահւած է կառավարութեան տարբեր բաժիններին եւ իր գնահատանքը յայտնեց նմանօրինակ հանդիպումերի հարցով:

Հանդիպումը եզրափակւեց կառավարութեան խօսնակ Բահադորի Ջահրոմիի ելոյթով: Նա շնորհաւորելով Ամանորը եւ Սուրբ Ծնունդը նշեց, որ իրանական հասարակութիւնը նման է մի այգու, որտեղ կան բազմազան ծաղիկներ եւ իրանական հասարակութիւնը եւս իր բազմաթիւ կրօնական ու էթնիկ հասարակութիւններով կազմում է միասնականութիւն, եւ որեւէ մէկի բացակայութեամբ իրանական հասարակութիւնը իր կատարելութեանը չի հասնելու: Կառավարութեան խօսնակը նշեց, որ Իրանի ապագան պէտք է կերտենք բոլոր իրանցիներս միասնաբար եւ այս առումով բոլորիս վերապահւած է պարտականութիւններ:

Բահադորի Ջահրոմին ընգծեց, որ անտարակոյս բոլոր իրանցիներս պատկանում ենք այս երկրին եւ քրիստոնեայ հասարակութիւնը եւս Իրանի ժողովրդի անբաժանելի մասնիկն է: Նա նշեց, որ արծարծւած բոլոր հարցերը անձամբ գրանցել է որպէս փաստաբան, եւ իրեն պարտաւորւած է զգում վերահասութիւն տալու ներկայացւած հարցերին:

Վերջում կառավարութեան խօսնակը ընկերակցութեամբ պատգամաւոր Արա Շահվերդեանի Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանի եւ Տ. Արիստակէս քհնյ. Շամիրեանի այցելեց Ս. Սարգիս եկեղեցի:

Related Articles

Back to top button