ԹեհրանՀամայնք

Մարդուժի դաստիարակման առումով ծանօթացում մարզամշակութային միութիւնների աշխատանքների հետ

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւն

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2003 թւականից սկսեալ իւրաքանչիւր տարին ձօնում է  մեր համահայկական կեանքի հետ անմիջական աղերս ունեցող երեւոյթի, դէպքի, դէմքի կամ յոբելեանի։ 2024 թւականը  Նորին Սրբութիւնը Հայրապետական յատուկ գրով հռչակեց ՄԱՐԴՈՒԺԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ։

Սփիւռքեան պայմաններում մարդուժի դաստիարակման կարեւոր կենտրոններից են համարւում հայկական միութիւնները, դպրոցները եւ ազգային կառոյցները:

Այս կապակցութեամբ նախաձեռնել ենք հարցազրոյցների շարան, համայնքիս միութիւնների պատասխանատուների եւ վարչականների հետ, ծանօթանալու մարդուժի դաստիարակման հարցով միութիւնների յարկերի տակ ծաւալւող աշխատանքներին:

 

Թեմայի մասին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան յարկի տակ հարցազրոյց նախաձեռնեցինք միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանի, վարչականների եւ տարբեր միաւորների ու բաժանմունքների պատասխանատուների հետ:

Վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը ընդգծեց. «Նոր սերնդի հայեցի դաստիարակութեան հարցին պէտք է դիտել բազմաշերտ դիտանկիւնից, սկսած ընտանիք, եկեղեցի, դպրոց, միութիւն եւ մի խօսքով տարբեր ոլորտների դաստիարակները իրենց անժխտելի դերակատարութիւնը ունեն այս հարցում: Ուստի նոր սերնդի դաստիարակման հարցով դերակատար են համայնքի բոլոր շերտերը:

Գալով Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան աշխատանքներին, պէտք է ընդգծեմ, որ միութեան նպատակն է իր յարկի տակ համախմբել հայ երիտասարդութեանը եւ փոխանցել հայեցի դաստիարակութիւն, ծանօթացնել հայոց պատմութեանը, մշակոյթին, Հայ Դատի պահանջատիրութեանը եւ նրանց ֆիզիկական ու հոգեմտաւոր դաստիարակութիւն փոխանցել: Այս նպատակների իրականացման գծով Զէյթուն քաղաքամասում 1981 թւականին հիմքը դրւեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան, որը  համընկաւ Իրանի իսլամական յեղափոխութեան յաղթանակի առաջին տարիներին: Բաեբախտաբար անցած 45 տարիներին միութիւնը  կարողացել է իրականացնել իր հետապնդած հիմնական նպատակները, որի բերումով օրէօր աւելացել են միութեան յարկի տակ գործող միաւորների ու բաժանմունքների եւ անդամների թւային պատկերը:

Այսօր միութիւնը օժտւած է՝ զանազան բաժանմունքներով ու խմբերով, ինչպէս Արւեստից բաժանմունք, որը պարփակում է՝ Գրական խումբ, պարախումբ տարիքային, որը ունի տարբեր խմբերով, նկարչութեան, արտասանութեան եւ ընթերցանութեան դասընթացներ: Մարզական բաժին, որը պարփակում է աղջկանց եւ տղայոց տարբեր մարզական խմբերի՝ ֆուտսալ, շախմատ, սեղանի թենիս, բասկետբոլ: Սկաուտական բաժանմունքը, որը բաժանւած է տարբեր հատւածների: Այս բոլոր միաւորների հիմնական նպատակներից է համախմբել երիտասարդներին եւ տարիքային տարբեր խմբերին եւ նրանց մօտ ստեղծել միասնական աշխատանքի ոգի: Կարելի է ասել, որ միութենական կեանք ապրած անհատի անձնական կեանքում եւս օգտակար են հանդիսանում միութենական աշխատանքները: Այսօր մեզ մօտ աշխատում են մասնագիտացած այնպիսի դաստիարակներ, որոնք ժամանակին եղել են միութենականներ»:

Թեմայի մասին հարցազրոյցը շարունակեցինք Արւեստից բաժանմունքի նախագահ Ադրինէ Կիրակոսեանի հետ: Նա ընդգծեց. «Երիտասարդ սերնդին դաստիարակելու առումով բաժանմունքը նախաձեռնել է երգի եւ նկարչութեան դասարաններ, կազմակերպւում է նաեւ լուսանկարչական դասընթացներ: Հիմնականում այս դասընթացներին անդամակցում են 10-ից 15 տարեկան մեր պատանիները: Երգի դասընթացները բաղկացած են ձայնավարժութիւնից եւ սոլֆէժի ուսուցմամբ, եւ ուսուցիչն է Ժիլբերտ Կարապետեանը: Նկարչութեան դասընթացին եւս մասնակցում են տարրական օղակի աշակերտները եւ ուսուցչուհին է Ադրինէ Զոհրաբեանը»:

Ի պատասխան այն հարցին, որ մեր պատանիներին ու երիտասարդներին միութիւններ ներգրաւելու առումով, ինչպէս է ընթանում դպրոցների եւ միութիւնների կապը, նա նշեց. «Փորձում ենք նման կապ հաստատել մեր ուսուցչուհիների եւ փոխտեսուչների հետ եւ նրանց տեղեակ պահել միութեան յարկի տակ աշխատող նման դասընթացների մասին»:

Միութեան աշխոյժ խմբերից է, գրական խումբը, որը տարբեր առիթներով կազմակերպում է համայնքային միջոցառումներ, ի դէպ միութեան այլ բաժանմունքների հետ համատեղ: Գրական խմբի աշխատանքների մասին բացատրութիւններ փոխանցեց խմբի պատասխանատու Քլարա Աղախանեանը: Նա նշեց. «Գրական խմբին շրջագծում նախաձեռնւել է պատանիների համար ասմունքի դասարանը, որի դաստիարակն է Շարիս Մելքոմ Աբգարը եւ ներգրաււած են նաեւ առաջին միջնակարգի աշակերտ-աշակերտուհիներ: Ունենք նաեւ ընթերցանութեան եւ խօսքի զարգացման դասարաններ, որտեղ պարապում եմ ես եւ այս երկու դասարաններից իւրաքանչիւրին անդամակցում են աւելի քան տասը պատանիներ: Այս դասընթացների նպատակն է մեր պատանի երիտասարդների մօտ զարգացնել հայերէնը անաղարտ խօսելու ունակութիւնը, այս դասընթացներում փորձում ենք տարբեր պատմւածքներ պատմելով կամ տարբեր խաղերի  միջոցով եւ հաճելի ձեւով փոխանցել անհրաժեշտ գիտելիքները: Ցաւօք այս դասընթացներին պակասում է երիտասարդների մասնակցութիւնը, քանի որ մեր նպատակներից է դաստիարակել հաղորդավարներ, որոնք կարողանան ազգային կամ կրօնական տարբեր միջոցառումների ժամանակ իրենք պատրաստեն օրւայ խօսքը եւ ներկայացնեն հանդիսատեսին: Դժբախտաբար երիտասարդների մօտ այս բացը զգալի է քանի որ մեծամասնաբար զբաղւում են բջջային հեռախօսներով՝ կիբերցանցերով եւ նրանց մօտ պակասում է ընթերցանութիւնը, թէեւ նրանց մօտ կայ այդ կարողականութիւնը: Մենք պարտաւոր ենք նորօրեայ մեթոդներով  դաստիարակել նոր սերնդին ակնայայտ է մէկ այլ հանգամանք, որ պատանին կամ երիտասարդը սիրում է իր աշխատանքը ներկայացնել հէնց իր մասնակցութեամբ, ուստի աւելի շատ նրանք ներգրաււում են մարզական խմբերին, պարախմբերին կամ սկաուտական աշխատանքներում: Իհարկէ մեզ համար կարեւոր է այն հանգամանքը որ կան ծնողներ, ովքեր հետաքրքրւած են որ իրենց զաւակները էլ աւելի հաղորդակից դառնան հայոց գիր ու գրականութեանը եւ յուսանք, որ օրէօր աւելանայ այսպիսի դասընթացներին մեր պատանի եւ երիտասարդ մասնակիցների թիւը: Այս առումով նաեւ կապ ենք հաստատում մեր դպրոցների ուսուցիչների հետ, որպէսզի նրանք աշակերտներին խրախուսեն մասնակցել միութիւնների աշխատանքներին»:

Ի պատասխան այն հարցին, որ գրականութեան ոլորտում  երիտասարդներին  ներգրաւելու առումով արդեօք միութիւնը  հնարաւորութիւն ունի նորօրեայ միջոցներով, օրինակ փոդքաստներով այդ քայլին գնալ, Քլարա Աղախանեանը նշեց, որ ինչ որ աշխատանքներ տարւում են եւ երիտ.-պատանիների տարբեր ոլորտների աշխատանքները նկարահանելով դրանք տեղադրւում են միութեան instagram-ի կամ նման համացանցային կայքէջերում, առ ի քաջալերանք:

Թէեւ հարցազրոյցին ներկայ չէր միութեան Գրական խմբակի ասմունքի բաժնի պատասխանատու-դասատու Շարիս Մելքոմ Աբգարը, սակայն նա ուղարկել էր իր խօսքը, որը ներկայացնում ենք. «Ինչպէս գրւած է Մատթէոսի Աւետարանի 9:37-38 -րդ համարներում՝

«Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. -Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:

«Այսօր մեզ մօտ այնպիսի դրութիւն է, որ ունենալով մշակներ նոյնիսկ՝ ասպարէզը չկայ նրանց հնձի համար դաստիարակելու, կամ եթէ ասպարէզը առաջանում է, շարժառիթը չկայ նոր սերնդից կարգել եւ դաստիրակել այնպիսի մշակներ, որ մօտ ապագայում արդէն իսկ ականատեսը չլինենք ասպարէզների վերջնակէտին հասնելու ցաւալի դրութեանն ու պատկերին: Նոր սերունդի մօտ իմ անձնական կարծիքով կան բազամթիւ տաղանդներ եւ այնպիսիներ, որոնք կարող են մեծատառով մշակներ դառնալ ապագայի համար: Սակայն այդ մշակներին դաստիարակել է պէտք եւ այս դաստիարակութեան աշխատանքի համար հարակաւոր է ասպարէզ, հարկաւոր է միջոցներ, հարկաւոր է պայմաններ ու վիճակ, որ այդ մշակներին ներկայիս առաջացած եւ զարգացած պայմաններով դաստիարկել: Թողնելով հին մտածելակերպը, թէ հէնց այնքան որ մենք նրանց հաւաքենք իրար շուրջ եւ ինչ որ աշխատանք կատարենք բաւարար է: Որովհետեւ ինչ-որ ժամանակին արդէն իսկ մշակները կզգան աշխատանքի ոչ լուրջ վերաբերմունքը եւ անաւարտ կը թողնեն ասպարէզը: Ցաւօք մեր նոր սերունդը բազմազբաղ է եւ շատ քիչ ենք հանդիպում այնպիսի անձնաւորութիւնների, որ արւեստի կամ արհեստի բնագաւառում շարունակում են իրենց աշխատանքը եւ հասնում վերելքների: Եւ դրա առաջին պատճառներից նիւթականի, տեղի եւ կրթւած ու զարգացած ուսուցիչների պակասն է: Նախ պիտի լուրջ աշխատանք տարւի մարդուժի եւ մտածողութեան զարգացման համար եւ ապա այդ ուժերից օգտւել եւ ասպարէզը տրամադրել նոր սերունդին դաստիարակելու համար:

Եզրակացումն այս խօսքերի այն է, որ խնդիրը երկկողմանի է, հին ուժերի զարգացման եւ նորօրեայ մակարդակի հասցնելու խնդիրը, իսկ դրանից յետոյ ասպարէզը եւ պայմանները ու պատրաստել նոր մշակներին դաստիարակելու համար»:

Մեր յաջորդ զրուցակիցն էր միութեան «Նայիրի» պարախմբի յանձնախմբի նախագահ Անի Աբրահամեանը: Անդրադառնալով պարախմբին, նա նշեց. «Խմբում ներգրաււած են շուրջ 35 սաներ, եւ խումբը տարւայ ընթացքում իր կանոնաւոր աշխատանքներ է իրականացնում: Պարախմբում գեղարւեստական ղեկավարի եւ պարուսոյցների միջոցով սաներին ուսուցանւում  է ազգային, ժողովրդական եւ այլ պարեր»: Նա ընտանիքներին խրախուսեց, որ ինչպէս անցեալում, երբ ընտանիքները երեխաներին քաջալերում էին յաճախել միութիւն եւ միութենական կեանքով զբաղւել, որը նրանց փոխանցում է հաւաքական աշխատանք, հիմա էլ մեր սիրելի ծնողները իրենց զաւակներին քաջալերեն անդամակցել միութիւններին, իրենց նախընտրած բաժիններում, որը մեր պատանի-երիտասրդների ապագայի համար շատ կարեւոր է լինելու: Նա ընդգծեց. «Անհրաժեշտ է նաեւ միութիւնների ու դպրոցների աւելի սերտ կապերը, քանի որ երեխաները դաստիարակւում են դպրոցներում եւ եթէ հնարաւոր լինի դպրոցների հետ սերտ կապեր, ուստի մեր սիրելի ուսուցիչները, տեսուչները եւ փոխտեսուչները կարող են նոր սերնդին քաջալերել դէպի միութիւններ: Դժբախտաբար ոչ միայն մեր, այլ՝ տարբեր պարախմբերում նւազում են տղաների թւային պատկերը:

Մեր 35 աշակերտներին, վերջերս աւելացել են 10 հոգի, ունենք չորս խմբեր՝ անսամբլ, թիւ մէկ, թիւ երկու  եւ թիւ երեք դասարանները, որ վերջինս արդէն 12 սաներ ունի: Մեր ամենամեծ սանը 26 տարեկան է իսկ ամենափոքրը 4 տարեկան: Նշեմ որ «Նայիրի» պարախմբի գեղարւեստական ղեկավարն է Հայաստանից Արտաւազդ   Աւետիսեանը, որը միառժամանակ մէկ անձամբ ներկայ է լինում  խմբի փորձերին, իսկ պարուսոյցներ՝ Թինա Անտոն եւ Սիւնէ Շահվալադեան»:

Միութեան երգչախմբի խմբավար Ժիլբերտ Կարապետեանը անդրադառնալով միութեան երգչախմբին նշեց որ աստիճանաբար ներգրաււոմ են անդամներ, ի մասնաւորի երիտասարդ տարիքի եւ անհրաժեշտ համարեց այս  հարցով  կրթօջախների համագործակցութիւնը: Նա ընդգծեց. «Անհրաժեշտ է երգարւեստով հետաքրքրւող սաները ներկայացւեն միութիւններին, որպէսզի միութիւնների յարկի տակ նրանք ստանան ուսուցումներ եւ երբ մտադիր են մասնակցել Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կազմակերպւող մշակութային փառատօնին, կամ բեմային որեւէ  միջոցառման, աւելի պատրաստ ու համարձակ բեմ բարձրանան: Սա այն դէպքում կիրականանայ երբ երիտասարդը ստանայ երաժշտական կրթութիւն եւ ծանօթանայ երգերին»:

Զրոյցը շարունակեցինք միութեան մարզական  վարչութեան նախագահ Սաքօ Ազիզեանի հետ: Նա անդրադառնալով միութեան մարզական բաժնին նշեց. «Միութիւնը օժտւած է թէ՛ երիտասարդական, եւ թէ՛ երէց ֆուտսալի խմբերով, ունենք սեղանի թենիս, բասկետբոլ, շախմատ եւ իւգա: Մարզական վարչութիւնը տարբեր մարզաձեւերի առումով աւելի աշխուժացում ստեղծելու նպատակով տարւայ ընթացքում տարբեր առիթներով կապեր է հաստատում քոյր միութիւնների հետ, քանզի միջմիութենական յարաբերութիւնները անհրաժեշտ է աւելի աշխուժացնել: Օրինակ Իրանի Իսլամական Յեղափոխութեան յաղթանակին նւիրւած Ֆուտսալի քառակողմ  մրցութիւններ նախաձեռնեցինք, Հ. Մ. «Սիփան» միութեան համագործակցութեամբ: Սեղանի թենիսի առումով քանի որ մասնակիցների թիւը սկսել է պակասել, մենք կապ հաստատեցինք Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հետ եւ կազմակերպւեց մրցութիւններ եւ հրաւիրեցինք մեր աշակերտներին եւ այսպիսով մի քանի աշակերտներ ներգրաււեցին միութեան սեղանի թենիսի մարզաձեւում»: Անդրադառնալով շախմատին, պէտք է ասեմ, որ մեր մարզիչն է Թենի Խաչատրեանը, եւ ունենք երկու խումբ որոնք շաբաթական ունեն իրենց փորձերը եւ մինչեւ այսօր մի քանի անգամ շախմատի մրցութիւններ է կազմակերպւել միութեան յարկի տակ»: Նա ցաւով անդրադարձաւ այն հանգամանքին որ թէեւ միութիւններում ներգրաււում են պատանիներ կամ երիտասարդներ, որոնք մի առ ժամանակ մնում են միութեան յարկի իրենց ցանկացած ոլորտում կամ մարզաձեւում ու ստանում համապատասխան ուսուցումը, սակայն աւելի մասնագիտանալով լքում են միութիւնները, որը ազդում է խմբային ու հաւաքական մարզաձեւերի վրայ: Նա այնպէս շարունակեց. «Ես ելնելով իմ փորձառութիւնից կառաջարկեմ որ միութիւններում աշխատանք տարւի նաեւ անհատական մարզաձեւերը զարգացնելու վրայ եւ անհրաժեշտ է քայլել օրւայ նորութիւնների հետ, եւ արդի միջոցների դիմել, որպէսզի հնարաւոր լինի գրաւել երիտասարդներին եւ գոնէ օրւայ ընթացքում մի քանի ժամ նրանց անջատել համացանցերի հետ զբաղւելուց: Ըստ իս միութիւնների վարչութիւնները կամ տարբեր ոլորտների մասնագէտները անհրաժեշտ է խորհրդակցաբար նոր մեթոդներ եւ օրւայ հետ համաքայլ միջոցներ գտնեն, որպէսզի հնարաւոր լինի ներգրաւել մեր նոր սերնդին: Դժբախտաբար հաւաքական  մարզաձեւերում նւազում են աղջիկների ներգրաււածութիւնը: Իսկ միութեան դժւարութիւններից է մարզական սրահ չունենալը, որի բերումով մեր խմբերի փորձերի համար միութիւնը վարձում է տարբեր սրահներ, որը նաեւ նիւթական առումով խնդիր է, սակայն միութիւնը այս հարցով որեւէ քայլ չի զլանում եւ միայն փորձում է զարգացնել մարզական ոլորտները: Մարզական կեանքը միութեան մէջ զարգացնելու նպատակով անհրժեշտ է տարբեր ոլորտներում տարւայ ընթացքում մարզական խաղեր կազմակերպել, իհարկէ չի կարելի բացառել Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնող Համահայկական խաղերը, սակայն աշխուժութեան համար մարզիկը միշտ պէտք է պատրաստ վիճակում լինի»:

Անդրադառնալով ֆուտսալի մարզաձեւին, որը միութեան ակտիւ մարզաձեւերից է, զրոյցը շարունակեցինք Արբի Շահնազարեանի հետ, ով համարւում է խմբի մարզիչը, իսկ գլխաւոր մարզիչն է Գեւիկ Մատթէոսեանը: Նա նշեց. «Միութիւնը օժտւած է ֆուտսալի երկու խմբերով՝ 12-ից 16 տարեկան երիտասարդական եւ երէց: Դժբախտաբար սրահի չգոյութեան պատճառով փոքրերի հետ շաբաթական մէկ պահ է հնարաւոր փորձեր անցկացնել, եթէ հնարաւոր լինի փորձերը աւելացնել կարելի է խումբը պատրաստել, որ մասնակցի նաեւ Թեհրան նահանգի միջդպրոցական խաղերին նաեւ: Իսկ երէցների պարագայում շաբաթական երկու պահ փորձեր ունենք, մասնակցել ենք Թեհրանի հիւսիս-արեւելեան շրջանի խաղերին եւ 8 խմբերի մէջ երրորդ տեղը գրաւել, այս տարի մտադիր ենք մասնակցել Թեհրանի «Սուպեր լիգա»-ի խաղերին»:

Միութեան  բասկետբոլի մարզիչ Նորիկ Աղասեանի հետ շարունակեցինք զրոյցը: Նա անդրադառնալով խմբին նշեց. «2024 թւականի մարտից խումբը վերսկսել է իր փորձերը եւ շատ քիչ փորձերով մասնակցել է Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան նախաձեռնութեամբ Գարնանային խաղերին եւ յաջողել շահել «Վարքի գաւաթ»-ը: Այս տարի Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակի առիթով Թաւրիզում կազմակերպւած Հ.Մ.Ա.Կ.-ի Միջմասնաճիւղային խաղերին նաեւ հրաւիրւել էր Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, որին մասնակցեցինք նաեւ մենք, միութեան այլ մարզական խմբերի հետ, որը բաւականին դրական ազդեցութիւն ունեցաւ: Իհարկէ միութեանն են դիմել նաեւ աղջիկներ եւ յուսանք թւի լրացման դէպքում, ապագայում  ունենանք նաեւ աղջիկների բասկետբոլի  խումբ  եւս: Ցաւօք պիտի նշեմ, որ այսօր մեր պատանիները կամ երիտասարդները շատ չեն հետաքրքրւում մարզանքով եւ անհրաժեշտ է քաջալերենք մեր երիտասարդներին զբաղւել մարզանքով»:

Զրոյցին մասնակից էր միութեան  սեղանի թենիսի  մարզիչ, աղջկանց խմբի անդամ  եւ միաժամանակ լաւ հաղորդավար Ալին Քեշիշեանը: Նա իր հետ ունեցած զրոյցի ընթացքում ասաց. «Աւելի քան 7 տարի է ինչ ես եւ քոյրս Աննա Քեշիշեանը  անդամակցում ենք Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան սեղանի թենիսի խմբին, եւ երբ նոր էինք անդամակցել միութեանը, այս յարկի տակ չկար սեղանի թենիսի սեղաններ, բայց մենք միութեան անունից մասնակից եղանք տարբեր մրցութիւնների, իսկ այսօր երբ միութիւնը օժտւած է սեղանի թենիսի սեղանով եւ խումբը ունի յանձնախումբ եւ կազմակերպում է դասընթացներ, մասնակիցների թիւը հասել է 20-ի, եւ անդամակցում են 6 տարեկանից մինչեւ 12 տարեկան թէ՛ աղջիկներ, եւ թէ՛ տղաներ, նաեւ կան մեծահասակներ, որոնք եւս մասնակցում են դասընթացներին: Վերջին երեք տարիներին բաւականին զարգացել է միութեան սեղանի թենիսը եւ փորձում ենք մասնակից դառնալ տարբեր մրցութիւնների եւ միութիւնը ամէն ձեւով քաջալերում է մասնակից աշակերտներին: Ինձ համար կարեւոր է, որ մեր երիտասարդները գան միութիւն եւ միութեան յարկի տակ մի քանի ժամով անջատւեն իրենց բջջայիններից ու զբաղւեն մարզանքով, շփւեն միմեանց հետ եւ հայկական ջերմ մթնոլորտում անցկացնեն»:

Նա որպէս երիտասարդ, ով հետաքրքրւում է թէ՛ մարզական կեանքով, թէ՛ գրականութեամբ խօսքը ուղղելով երիտասարդներին ընդգծեց. «Անհրաժեշտ է իրենց դիտանկիւնից նայել հարցերին, լսենք իրենց ու հասկանանք նրանց»:

Մեր միութիւնների բազմանդամ բաժանմաունքներց են Սկաուտական միութիւնները, կամ բաժանմունքները, ուստի մեր վերջին զրուցակին էր միութեան սկաուտապետուհի Նուշէ Քեշիշ Փանոսին: Նա նշեց, որ միութիւնը օժտւած է 30 սկաուտներով եւ Հայդուկ միաւորով, որին անդամակցում են 25-ից 30 սկաուտներ: Սկաուտականը ունի չորս հիմնական հատւածներ՝ գայլիկներ, արծւիկներ, արի եւ արենուշներ: Մենք մեր աշխատանքները կատարում ենք հինգշաբթի օրերը, ժամը 16-ից 19-ը»: Անդրադառնալով աշխատանքների ոլորտին, եւ սկաուտականի հիմնական կարգախօսին, որը ազգային ոգու փոխանցումն է, նա այսպէս շարունակեց. «Անցեալում սկաուտական բաժանմունքում աւելի խիստ աշխատանքներ էին իրականացւում, որոնք կոփում էին անհատին, իսկ ինչպէս բոլոր զրուցակիները արդէն նշել են, հիմա պատանիները մասամբ փոխւել են եւ մենք պարտաւոր ենք ինչ որ չափով մեզ համակերպենք նրանց հետ, ուրեմն գայլիկ-արծւիկների հատւածներում, որոնք 6-ից 14 տարեկան են, ուսուցումները իրականացնում ենք խաղերի ձեւով, որը աւելի արդիւնաւէտ է լինում: Ունենում ենք տարբեր դասընթացներ ու խաղեր, ինչպէս օրինակ սուլիչի, թոկի, եփութուխի դասարաններ: Իսկ երբ անցեալ տարի մասնակցեցինք ՀՄԸՄ-ի դասընթացներին, մենք ստացանք կարգերը եւ ՀԱՍԿ-ի գրասենեակից ստանալով համապատասխան գրքեր մեր բոլոր հատւածները ըստ իրենց հատւածի սովորում են այդ դասընթացները եւ քննութիւն անցկացնելով ստանում են ուսադիրներ ու կրծքանշաններ, որը իրենց շատ է քաջալերում: Այդ իսկ պատճառով մեր սկաուտները կանոնաւոր ձեւով իւրաքանչիւր հինգշաբթի օրը մասնակցում են աշխատանքներին եւ դասընթացներին: Սկաուտական բաժանմունքը ունի մէկ խմբապետ, Գերագոյն կազմ, եւ մեր կադրային ընկերները, որը նոր հատւած է, եւ մասնակիցները սկաուտականի բաւականին անցեալ ունեն: Ունենք սկաուտականի ծնողական, որը միջազգային սկաուտականի առումով այս բաժինը բացատրւած չէ, սակայն հայկական եւ ի մասնաւորի իրանահայ հասկացութեամբ այդ բաժինը իր կարեւոր տեղն ունի: Ծնողական խորհրդի հիմնական աշխատանքը, յատկապէս հինգաշաբթի օրերը բիւֆէի աշատանքներն են, եւ բանակումներում զբաղւում են սկաուտների սնունդի ապահովմամբ: Մեր այլ միաւորներից է ինչպէս ասացի «Հայդուկներ»-ի հատւածը, որոնք յաճախ ներկայ են լինում հինգշաբթի օրերը եւ յաճախ մեր սկաուտական հատւածների հետ համատեղ աշխատանքներ ունենում, սակայն նրանց հիմնական աշխատանքները տարբեր միջոցառումներ նախաձեռնելն է, որի հասոյթը յատկացւում է Սկաուտական բաժանմունքին: Նշեմ նաեւ որ Սկաուտականի նախկին խմբապետները կազմել են մի խումբ հէնց խմբապետական անունով որոնք անդամակցում են Հայդուկ միաւորին, սակայն իրենց փորձառութիւններն ու խորհուրդներն են փոխանցում խմբապետին, որը իրապէս շատ կարեւոր է»: Նա կարեւորեց միջմիութենական համատեղ աշխատանքը եւ նշեց. «Միութեան սկաուտները անցեալ տարի Հ. Մ. «Սիփան» միութեան Սկաուտների հետ ունեցել են համատեղ բանակում, «Ռոբաթ Քարիմ» տարածքում, որը բաւականին արդիւնավէտ էր, քանի որ լինում է մտքերի փոխանակում եւ համատեղ աշխատանք: Նաեւ ՀՄԸՄ-ի բանակումին ենք մասնակցում, որը չորս տարի մէկ անգամ կազմակերւում է Հայաստանում: Այս տարի Թեհրանից մասնակցել էին Հ.Մ.Ա.Կ.-ի եւ մեր միութեան սկաուտները»: Նա ասաց. «Մենք ունենք 12 դաւանանք կամ նախադասութիւն, որ իւրաքանչիւր սկաուտ պարտաւոր է այն անգիր իմանալ, ուստի խաղի միջոցով աշխատեցինք այն դասաւանդել սկաուտներին: Իսկ միութեան սկաուտները իրենց մասնակցութիւնն են բերում մեր ազգային, բորլոր միջոցառումներին թէ՛ միութեան յարկի տակ, թէ՛ համայնքային մասշտաբում քանզի մեզ համար ամենակարեւորը ազգային ոգու փոխանցումն է մեր սկաուտներին»: Նա որպէս երիտասարդ անդրադառնալով անտարբերութիւնը վերացնելու ելքերին այսպէս շարունակեց. «Ես անձամբ ուղղակի կապի մէջ եմ թէ՛ ծնողների, եւ թէ՛ պատանի-երիտասարդների հետ եւ համոզւած եմ, որ անհրաժեշտ է առաւել կապերի ամրապնդում մեր հայոց դպրոցների հետ, նաեւ անհրաժեշտ է ծնողների հետ առաւել կապեր հաստատել, որպէսզի մտերմիկ հանդիպումներով նրանք քաջալերեն երիտասարդներին, մասնակից դառնալ միութենական աշխատանքներին»:

Վերջում միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը ընդգծեց, որ անհրաժեշտ է ուսումնասիրել առկայ անտարբերութեան պատճառները եւ հնարաւորինս առաել աշխատանքներով էլ աւելի եռուզեռ առաջացնել մեր երիտասարդների մօտ, որը նոր սերնդի հայեցի դաստիարակման հիմնական միջոցներից է:

Վերջում միութեան անունից շնորհակալութիւն եմ յայտնում «ԱԼԻՔ»-ին նման նախաձեռնութեան համար»:    

Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button