Տեառնընդառաջի նախատօնակը՝ Նոր Ջուղայի եկեղեցիներում
Տեառնընդառաջի առիթով՝ թեմակալ առաջնորդի եւ ազգային մարմինների ամենամեայ հանդիպումը՝ նորապսակների եւ նորածինների ու նրանց ծնողների հետ
40-օրեայ մանուկ Յիսուսի տաճարին ընծայման տօնի՝ Տեառնընդառաջի նախօրէին՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Մինաս, Ս. Ստեփանոս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին կատարւեց մանուկների տաճար ընծայումը, մոմերի օրհնութեան կարգը եւ աւանդական խարոյկի բոցավառումը:
Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու արարողութիւնն իրականացրեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը:
Աւարտին եկեղեցու բակում, պատկան թաղի նորապսակ զոյգերի միջոցով, եկեղեցու Ս. Խորանից վառւած կրակով բոցավառւեց աւանդական խարոյկը՝ որպէս Քրիստոսի մաքրամաքուր լոյսի խորհրդանիշ:
Նոյն օրը երեկոյեան ժամը 19:00-ին, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում տեղի ունեցաւ ամենամեայ կարգով կազմակերպւող նորապսակների եւ նորածինների ու իրենց ծնողների հանդիպումը Սպահանի հայոց թեմի առաջորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկայ էին ՍՊՀ Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, հոգեւորականաց դասը եւ Եկեղեցեաց վարչութեան անդամները:
Երեկոն սկիզբ առաւ հանդիսավար Մանիա Ղուկասեանի ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերով, որից յետոյ արտայայտւեցին Կրօնական խորհրդի ատենապետ՝ Զաւէն Սիմոնեանը, Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Նոէլ Մինասեանը եւ թեմակալ առաջնորդ՝ Տէր Սիփան եպս. Քէչէճեանը:
Զաւէն Սիմոնեանը շնորհաւորանքի խօսքեր ասելով հրաւիրեալներին՝ նորապսակ զոյգերին մաղթեց անսահման սէր ու երջանկութիւն:
Նոէլ Մինասեանը անդրադարձ կատարեց այն հանգամանքին, որ նորապսակ զոյգերը ընտանիք կազմելով աւելացրել են մեր համայնքի ընտանիքների թիւը։ «Ազգային մարմիններն իրենց ունեցած հնարաւորութիւնների սահմաններում, կարող են Ձեզ օգտակար լինել: Նաեւ այստեղից յայտարարում եմ, որ եթէ ինչ որ ոլորտում կարող ենք Ձեզ օժանդակել, մենք դա կանենք սիրով: Մաղթում եմ փայլուն ապագայ եւ միասնական ընտանիք»,- յաւելեց նա։
Թեմակալ առաջնորդն անդրադառնալով պսակի խորհրդին կարեւորութեամբ նշեց. «Երբ տեսնում ենք նորապսակներ, տեսնում ենք զոյգեր, որոնք իրենց մոռացած, ամբողջ ուշադրութիւնը եւ կենտրոնացումը ընծայում են իրենց կողակցին, իսկ երբ մանուկ է ծնւում, ոչ միայն մոռանում են իրենք իրենց, այլեւ մոռանում են իրենց կողակցին եւ ամբողջութեամբ ուշադրութիւնը սեւեռում երեխայի վրայ: Սակայն անհրաժեշտ է, առաջինը՝ չմոռանաք Ձեր կողակիցներին, ինչքան էլ Ձեր ուշադրութիւնը կենտրոնացնէք Ձեր երեխաների վրայ: Երկրորդ՝ չմոռանաք, որ Ձեր երեխաները, որոնք Աստծոյ տւած օրհնութիւններն են եւ մարմնաւորւած հրեշտակներ, մնայուն չեն եւ հիւր են Ձեր տանը: Ոչ մի ընտանիքի մէջ, ոչ մի զոյգի միջեւ երեխան չպիտի կռւի ու վիճաբանութեան առարկայ դառնայ, այլ ընդհակառակը՝ միութեան ու հասկացողութեան առիթ պիտի լինի»: Սրբազան Հայրն իր խօսքն աւարտեց օրհնութիւններով ու շնորհաւորանքներով:
Նշելի է, որ երեկոյի ընթացքում բոլոր նորապսակներին եւ նորածիններին նւիրւեցին դրամական նւէրներ:
Թղթակից (Նոր Ջուղա)