Պօղոս Առաքեալի ֆիլմի ցուցադրում՝ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ
Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ հինգշաբթի, նոյեմբերի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ցուցադրւեց Պօղոս Առաքեալի կեանքին եւ դարձին անդրադարձող ֆիլմը:
Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչներ ու ժողովուրդ:
Սկզբում հանդէս եկան կազմակերպիչ յանձնախմբի անդամուհիներ՝ Այլին Քեշիշեանն ու Մարինէ Առաքելեանը՝ հերթաբար բացման խօսքի եւ Պօղոս Առաքեալի ֆիլմի նախաբանի ընթերցումներով:
Յաջորդիւ բոլորը դիտեցին մէկ ժամ ու կէս տեւողութեամբ ֆիլմը, որը տեսագրւել է Դամասկոսում՝ ռեժիսոր Խալիդ Ալ Խալիդի միջոցով:
Ցուցադրումից յետոյ ներկաների հարցումներին պատասխանեցին եւ նրանց տեսակէտներն ունկնդրեցին Թովմա Գալստանեանն ու Մարինէ Առաքելեանը:
Աւարտին Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի անունից ելոյթ ունեցաւ ատենապետ Հայկ Սարեանը, ով շնորհակալութիւն յայտնելով ներկաներին՝ ծրագրին ընդառաջելու համար, աւելացրեց, որ մօտ ապագայում նմանատիպ միջոցառումներ են կազմակերպելու յատկապէս երիտասարդների եւ ուսանողների համար:
Թղթակից (Նոր Ջուղա)