Ատրպատական

Երաժիշտ Վարդան Վահրամեանը պարգեւատրւեց Թաւրիզում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Իրանի Իսլամական յեղափոխութեան 45-ամեակի ծիրում երաժշտական «Ֆաջր» փառատօնի եզրափակիչ հանդիսութիւնը տեղի ունեցաւ Թաւրիզի մշակութային «Նաջի» կինոսրահում, ուրբաթ, փետրւարի 16-ին:

Հանդիսութեան բացումը կատարեց փառատօնի պատասխանատու Ղոլամռեզա Միրզազադէն, որն լայն բացատրութիւն տւեց փառատօնի կապակցութեամբ, ապա յայտարարեց որ սոյն հանդիսութեան ընթացքում գնահատւելու են երեք երաժիշտներ՝ Այաթէ Ղորբանի, Վարդան Վահրամեան եւ Վահիդ Գոլբոստանի:

Փառատօնի ընթացքում ելոյթ ունեցաւ տեղական մի երգչախումբ. ապա բեմ հրաւիրւեց Իսլամական մշակոյթի տարածման Ատրպատականի ընդհանուր տնօրէն Մոհամմադ Հոսէյն Բելաղին, որը մէկ ընդհանուր զեկոյցից յետոյ գնահատական խօսքերով մէկ առ մէկ ներկայացրեց գնահատւող երեք անձանց, բարձր գնահատելով երաժիշտ Վարդան Վահրամեանի գործունէութեանը: Նա ասաց, որ անձամբ ականատես է եղել «Դահէ ֆաջր»-ի փառաւոր ելոյթներին, երբ Վարդան Վահրամեանը ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում ղեկավարել է «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը, բացառիկ կատարումով։

Ծրագրի ընթացքում մեծ պաստառի վրայ սփռւեց երաժիշտ Վարդանի մասին պատրաստւած ժապաւէնը, ուր ներկայացւում էր նրա երաժշտական անցած ճանապարհը: Ժապաւէնի մէջ կար դաշնամուրի մէկ կատարում, որտեղ տաղանդաւոր երաժիշտը երգում եւ նւագում է Կոմիտաս վարդապետի «Չինար ես»-ը, ապա մէկ կատարում «Կոմիտաս» քառաձայն երգչախմբից, որտեղ Վարդան Վահրամեանը ղեկավարում է Կոմիտասի «Լարի թամբուր» երգը:

Տեսաերիզի ցուցադրութիւնից յետոյ երաժիշտ Վարդան Վահրամեանը բեմ հրաւիրւեց, եւ մի երգ կատարեց, միաժամանակ նւագելով դաշնամուրի վրայ: Հարկ է նշել, որ նոյն հերթականութեամբ կատարւեց այն միւս երկու երաժիշտների բաժինը, որոնք հերթաբար բեմ հրաւիրւեցին ելոյթի համար։

Գնահատանքի հանդիսութեան վերջին բաժնում բեմ հրաւիրւեց նահանգապետարանի քաղաքական բաժնի փոխտնօրէն դոկտ. Թորաբ Մոհամմադին, որն նոյնպէս դրւատիքով արտայայտւեց եւ գնահատեց մեծարւող երաժիշտներին, որոնք սոյն ասպարէզի պարծանքը համարեց Ատրպատականի արեւելեան նահանգում, ինչպէս նաեւ համայն Իրանի Իսլամական Հանրապետութիւնում:

Գնահատագրերով պարգեւատրում կատարելու համար բեմ հրաւիրւեցին Ատրպատականի արեւելեան նահանգի Իսլամական մշակոյթի տարածման հիմնարկի տնօրէն Բելաղին, Թորաբ Մոհամմադին, ժողովրդական վաստակաւոր գուսան Հասան Էսկանդարին, որոնք հերթաբար գնահատագրերը յանձնեցին մեծարւող երաժիշտներին:

Աւարտին, իւրաքանչիւր մեծարւողի հրաւիրեալները բեմ բարձրացան եւ ծաղկեփնջերով իրենց շնորհաւորանքը յայտնեցին նրանց, միշտ նորանոր յաջողութիւններով սոյն արւեստի ասպարէզում փայլելու մաղթանօք: Սրբազան Հօր եւ ազգային իշխանութեան կողմից ծաղկեփնջով երաժիշտ Վարդան Վահրամեանին եւ տիկնոջ Արմինէ Վահրամեանին շնորհաւորեց Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը: Նոյնպէս «Կոմիտաս» երգչախմբի անդամներ, ինչպէս նաեւ նրա աշակերտները եւ թաւրիզահայ երաժշտասէրներ, ծաղկեփնջերով իրենց շնորհաւորանքը յայտնեցին անւանի երաժիշտին:

Յայտնենք, որ բեմը յարդարւել էր հսկայ պաստառով, որը կրում էր երեք արւեստագէտների դիմանկարները: Վարդան Վահրամեանի պարագային ինքնանկար էր այն, արւեստագէտի ստեղծագործութիւնը:

Related Articles

Back to top button