Շնորհաւորական այցելութիւն Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ
Յունւարի 15-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունել է Ս. Սարգիս եկեղեցու բարերարներ՝ հանգուցեալ Վազգէն եւ Գուրգէն Սարգսեանների որդիներ՝ Էդիկ եւ Տէր եւ տկն. Վահիկ ու Ռուբինա Սարգսեաններին:
Հանդիպմանը ներկայ էին՝ Սրբազան Հօր հրաւէրով Թեհրանում հիւրաբար գտնւող՝ Տ. Վիգէն վրդ. Տալգլըճեանը եւ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի ատենապետուհի եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:
Այցելուները եկել էին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ իրենց շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունել եւ փոխադարձ շնորհաւորանքներ է փոխանցել յարգոյ հիւրերին:
Նշելի է, որ Ս. Սարգիս եկեղեցու օծումը կատարւել է 1973 թւականի ապրիլի 29-ին, ձեռամբ երանաշնորհ Տ. Տ. Խորէն Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկոյ եւ օրւայ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ երջանկայիշատակ Արտակ արք. Մանուկեանի եւ Ատրպատականի ու Սպահանի օրւայ առաջնորդ հայրերի մասնակցութեամբ ու բարերարութեամբ տիարք Գուրգէն եւ Վազգէն Սարգսեանների, ի յիշատակ իրենց հանգուցեալ ծնողներ՝ Մարգար եւ Խանում Սարգսեանների:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ