Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Գրական խմբի եւ Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ նշանաւորւեց Վարդանանց տօնը
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայ ժողովրդի ազգային նկարագրի ձեւաւորման գործում իր ուրոյն եւ անժխտելի դերը զբաղեցրած Վարդանանց գոյաբանական պայքարի տօնը նշանաւորւեց:
Այդ առիթով Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում, Գրական խմբի եւ Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ,փետրւարի 8-ին, երեկոյեան՝ կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական երեկոյ: Օրւայ բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը: Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառման հաղորդավար Հիլդա Աղաքեանը ընթերցեց բացման եւ ողջոյնի խօսքը:
Միջոցառումը զուգորդւած էր միութեան «Նայիրի» պարախմբի ելոյթով, ասմունքներով եւ ազգային ու հոգեւոր մեներգերի կատարմամբ: Հանդիսութեանը բեմ հրաւիրւեց օրւայ բանախօս Արամ Շահնազարեանը, եւ համապարփակ գծերով հայ ժողովրդի գոյատեւման հարցով Վարդանանց պատերազմի թողած անժխտելի դերակատարութեանը անդրադարձաւ: Իր ելոյթի ընթացքում բանախօսը կենտրոնացաւ այն հոգեբանական, աշխարհաքաղաքական, աշխարհամտածողական եւ ազգային մտածողութեան խորը ազդեցութեան մասին, որ Վարդանանց հերոսամարտը թողեց մեր ազգային նկարագրի, աշխարհամտածողութեան ձեւաւորման, եւ այսպէս կոչւած հայ ժողովրդի գենետիկայի վրայ, որը հայ ժողովուրդը ժառանգեց 451 թւականին եւ կրում է մինչ օրս:
Վերջում հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը:
Միջոցառմանը իրենց ներկայութեամբ պատւել էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արփի Ալավերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան, եկեղեցական խորհուրդների, միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ:
Յատկանշական է, որ Վարդանանց տօնի առիթով նոյն օրը առաւօտեան Սրբոց Վարդանանց եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի մատուցւեց ս. պատարագ:
Մանրամասնութիւնները օրաթերթիս առաջիկայ համարներից մէկում: