Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ իրականացաւ «Ակունք» պարային համոյթի տարեկան ելոյթը
Սփիւռքեան պայմաններում հայ ժողովրդի գոյատեւման գրաւակններից է հանդիսանում հայկական մշակոյթի բազմազան ոլորտների պահպանումը եւ այն մեր մատաղ սերնդին փոխանցելը: Այս գործին են լծւած մեծ թւով հայորդիներ, որոնք չեն խնայում իրենց կարելին այս ուղղութեամբ, դիմագրաւելով բազմաթիւ դժւարութիւններ:
Տարիներ է ինչ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ իր աշխատանքն է ծաւալում «Ակունք» պարային համոյթը, հայ մատաղ սերնդի սաներին սովորեցնելով հայկական մշակոյթը, ինչու չէ նաեւ պարարւեստի տարբեր ժանրերը:
«Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչն է Կարինէ Մանուչերեանը: Պարախումբը ունենալով տարիքային տարբեր խմբեր օժտւած է օգնականներով եւ փորձավարներով, թիւ 3 եւ թիւ 4 խմբերի փորձավարները եւ օգնականներն են՝ Փրենի Խաչատրեանը եւ Նինէլ Շահնազարեանը:
Թւականիս մարտի 8-ի երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում, հանդիսատեսը հաղորդակից դարձաւ նոյն միութեան յարկի տակ երկար տարիներ աշխատանք ծաւալող «Ակունք» պարային համոյթի տարեկան ելոյթին:
Քանի որ այդ օրը համընկնում էր կանանց եւ գեղեցկութեան համաշխարհային տօնին, սրահի մուտքին ներկաներին ծաղիկներով դիմաւորում էին պարախմբի ծնողական խորհրդի անդամուհիները: Մօտաւորապէս երկժամեայ կատարումներով, համոյթի սաները՝ տարիքային տարբեր բաժանումներով, գունազարդ հագուստներով եւ իրարայաջորդ ներկայացումներով, հանդիսատեսին հրամցրին հայկական աւանդական եւ խրոխտ մարտական պարերը, ինչու չէ նաեւ այլ ազգերի մշակոյթը ներկայացնող պարեր:
Յատկանշական է, որ կատարումներից վերջինը՝ Արցախի Եարխուշտան նւիրւեց վերջերս իր մահկանացուն կնքած «Կարին» աւանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարւեստական ղեկավար, Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ եւ Արցախեան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսեանի յիշատակին:
Հանդիսութեանը ներկայ էին՝ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, ազգային իշխանութեան, մարմինների, միութիւնների, «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչներ, հայոց դպրոցների հայ տեսուչներ եւ հանդիսատեսներ:
Կատարումների աւարտին, «Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ՝ Կարինէ Մանուչերեանը, նախ շնորհաւորեց մարտի 8-ի առիթով եւ իր գնահատանքի խօսքը ուղղեց Հ. Ուս. «Չհարմահալ» միութեանը, ծնողներին, հիւրերին եւ բոլոր նրանց, որոնց անմնացորդ ջանքերի շնորհիւ հնարաւոր է դառնում իրականացնել ելոյթը: Իր ելոյթի ընթացքում Կարինէ Մանուչերեանը ընդգծեց. «Նման պայմաններում բոլորս մեր սահմաններում փորձում ենք իրականացնել մեր կարելին յանուն մեր ժողովրդի, իսկ մենք պարարւեստի միջոցով ենք ջանում իրականացնել այս կարեւոր հանգամանքը: Պարային կատարումներում լռում ենք, բայց քայլում ենք, հզօր ծափերով փորձում ենք թշնամուն հեռու պահել, ոտքով զարկում ենք յատակին, որը խորհրդանշում է զարկ թշնամուն եւ վերջում պարում յաղթական պար»:
Նա իր խօսքերի աւարտին «Ակունք» պարային համոյթի անունից շնորհաւորելով Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին վերընտրւելու համար, հրաւիրեց պատգամաւորին իր խօսքը փոխանցելու:
Պատգամաւոր Արա Շահվերդեանը նախ իր գնահատանքը յայտնեց «Ակունք» պարախմբի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ Կարինէ Մանուչերեանին եւ պարախմբի սաներին իրենց կատարումների համար: Նա, անդրադառնալով Կարինէ Մանուչերեանի ղեկավարած պարային այլ խմբերին ընդգծեց, որ առիթ է ունեցել Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի տակ ականատեսը լինելու նրա ղեկավարութեամբ «Սիփան» եւ Թաւրիզում «Տաթեւ» պարախմբերի ելոյթներին եւ ուժ ու կորով մաղթեց Կարինէ Մանուչերեանին եւ խմբերի սաներին: Պատգամաւորը անդրադառնալով հայկական պարի խորհրդին, նշեց, որ այն փոխանցում է մարտունակութիւն եւ միասնականութիւն, որը տարբեր մարտահրաւէրները դիմագրաւելու գրաւականն է եւ յաւելեց, որ նման միասնականութեամբ է հնարաւոր յաղթահարել դժւարութիւնները: Արա Շահվերդեանը իր շնորհակալութիւնը յայտնեց հայրենակիցներին, որոնք Իսլամական խորհրդարանական ընտրութիւններին մէկ անգամ եւս վստահել են իրեն եւ ընդգծեց, որ առաւել ուժ ու եռանդով շարունակելու է իր աշխատանքը:
Միջոցառման աւարտին գնահատւեցին համոյթի սաները:
Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ