Թեհրան

Նշւեց Հ. Մ. «Սարդարապատ» միութեան հիմնադրման 40-ամեակը

Թեհրանի հայկական միութիւններից, որի յարկի տակ 40 երկար տարիներ հայկական ոգով սնւել ու դաստիարակւել են սերունդներ՝ Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնն է, որը գտնւում է Թեհրանի ժամանակի հայահոծ Սարդարապատ քաղաքամասում: Միութեան հիմնադրման 40-ամեակի առիթով թւականիս՝ նոյեմբերի 30-ին միջոցառում էր կազմակերպւել, Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում: Միջոցառումը զուգորդւած էր գեղարւեստական-բանախօսական յայտագրով, ուղերձների ընթերցմամբ, միութեան գործունէութիւնը պատկերող տեսաֆիլմի ցուցադրութեամբ եւ ընդունելութեամբ:

Միջոցառումը մեկնարկեց միութեան հիմնի ընթերցմամբ, որի տողերը պատկանում են իրանահայ բանաստեղծ Ալմինի գրչին,եւ ձայնասփռւեց միութեան հիմնադիրներից Վարդան Դաւթեանի ձայնով: Օրւայ հաղորդավար Արփա Քարամեանը միութեան վարչութեան եւ կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջոյնի խօսք փոխանցելով ներկաներին, հրաւիրեց միութեան գրական խմբի ուսուցանող իրանահայ վաստակաւոր բանաստեղծ Վարանդին, ով միութեան 40-ամեակին նւիրած իր «Ձոն Սարդարապատին» բանաստեղծութիւնը, որպէս ուղերձ հանդիսատեսների սեփականութիւնը դարձրեց: Հրաւիրւեց ներկաներին իր ուղերձը փոխանցելու բանաստեղծուհի Իրինա Մանսուրեանը: Հանդիսութեան բանախօս էր հրաւիրւել Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը: Իր ելոյթի ընթացքում բանախօսը համապարփակ գծերով անդրադարձաւ միութիւնների կեանքի կոչւելու կարեւորագոյն նպատակների մասին, որոնց յարկերի տակ համախմբւելով եւ հաւաքական աշխատանքներով պահպանւել են ազգային արժէքները դրանք փոխանցւելով սերունդներին: Նա ապա համապարփակ գծերով անդրադարձաւ միութեան հիմնադրմանը՝ ընդգծելով. «Սրանից 40 տարի առաջ այս քաղաքամասում մի քանի հայրենասէր, եկեղեցասէր ու իմաստուն հայորդիներ, ովքեր մտահոգւած էին իրենց քաղաքամասի սերնդի հայեցի դաստիարակութեան հարցով, միասնաբար մտածեցին հիմքը դնել մի կենտրոնի, մի միութեան, որը կոչւեց Հայ մշակութային «Սարդարապատ» միութիւն»: Նա ապա անդրադարձաւ միութեան անւանմանը, «Սարդարապատ» եւ ընդգծեց. «Հէնց այնպէս ինչպէս Սարդարապատով ժամանակին կարողացանք վերականգնել, մեր կորցրած ինքնութիւնը եւ հիմքը դնել Հայաստանի Առաջին Հանրապետութեան, այս միութեան հիմնադիրները եւս մտածել են այդ անւան տակ հիմքը դնել այս միութեան, որպէսզի սերունդներին փոխանցւի ազգասիրութիւնը, մարտունակութիւնը եւ աշխատասիրութիւնը: Բանախօսը նշեց, որ այս միութեան շուրջ համախմբւածները մինչ օրս չեն խնայել ոչինչ Հայ Դատի ճանապարհին եւ ամէն մի քայլով նեցուկ են կանգնել հայ ժողովրդին, Հայաստանին ու հայկականութեան պահպանմանը եւ իրաւ արդարացրել են միութեան անւանումը:

Միջոցառմանը ցուցադրւեց միութեան հիմնադրման պատմականը ներկայացնող տեսաֆիլմ, որի ընթացքում կարեւորութեամբ էր նշւել միութեան հիմնադրման առումով «ԱԼԻՔ» հաստատութեան, եւ ազգային իշխանութեան անմնացորդ դերը: Տեսաֆիլմը պատրաստել էր Վարդան Դաւթեանը միութեան հիմնադրման 30-ամեակի առիթով:

Ծրագիրը շարունակւեց ուղերձների ընթերցմամբ: Ընթերցւեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, մարզամշակութային միութիւնների եւ հիմնադիր ու անցեալի միութենականների ուղերձները: Ուղերձները ընթերցում էին Արփա Քարամեանը եւ Նոյ Նազարեանը: Ծրագրի ընթացքում ներկաներին խօսք փոխանցեց միութեան հիմնադիրներից եւ ներկայիս վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանը:Նա գնահատանքով անդրադարձաւ միութեան հիմնադիրների եւ բոլոր անդամների կարեւորագոյն առաքելութեանը, ովքեր ժամանակին դիմադրաւելով ամէն կարգի դժւարութիւններ, ամէն գնով պահել ու պահպանել եւ այսօրւայ կարգավիճակին են հասցրել Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը:

Նա իր գնահատանքը յայտնեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, «ԱԼԻՔ» հաստատութեանը եւ ազգային իշխանութեանը, իրենց անվերապահ համագործակցութեան համար:

Օրւայ առիթով իրենց ողջոյնի խօսքերը փոխանցեցին «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը,միութիւնների վարչութիւնների նախագահները կամ ներկայացուցիչները եւ միութեան հիմնադիրներից Ժիրայր Մեհրաբեանը:

Միջոցառմանը իրենց ներկայութեամբ պատւել էին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի քաղաքամասի պատգամաւորներ եւ միութեան հիմնադիրներ:

Վերջում միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանի միջոցով գնահատագիր յանձնւեց Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանին:

Գեղարւեստական յայտագրի աւարտին կազմակերպւել էր ընդունելութիւն:

Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Related Articles

Back to top button