Լիոնի մերձակայ Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում կայանալիք «Նռան գոյնը» պարային ներկայացմամբ, յունւարի 19-ին Ֆրանսիայում կը մեկնարկի Սերգէյ Փարաջանովի 100-ամեակին նւիրւած միջոցառումների շարքը: Այս մասին,- գրում է Orer.eu կայքը։
«Նռան գոյնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրութեան հեղինակն է Ֆրանսիայում յայտնի պարուսոյց Մուրադ Մերզուկին։
Ներկայացման գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միութեան գեղարւեստական ղեկավար Սաթէ Խաչատրեանն է։ Երաժշտութիւնը գրել է «Հող արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձեւաւորումն իրականացրել է Էդգար Մանուկեանը։
Լիոնում ՀՀ Գլխաւոր հիւպատոսութիւնը եւ Սերգէյ Փարաջանովի թանգարանը՝ Տոբոգան թատրոնի, «Սաթէ-Աթղը» թատերական միութեան եւ Դեսինի քաղաքապետարանի հետ համատեղ, կազմակերպել են Զաւէն Սարգսեանի լուսանկարների ֆոտոցուցահանդէսը, որում ներկայացւած են արտիստի դիմանկարները, կոլաժները, «Նռան գոյնը» ֆիլմի զգեստների էսքիզները եւ այլն: Ցուցահանդէսը կը գործի Տոբոգան թատրոնում յունւարի 12-ից փետրւարի 4-ը: Ներկայացման առաջնախաղի օրը՝ յունւարի 19-ին, տեղի կունենայ ցուցահանդէսի պաշտօնական բացումը՝ բարձրաստիճան հրաւիրեալների մասնակցութեամբ:
Սոյն թւականի մարտի 15-ին եւ 16-ին «Նռան գոյնը» պարային ներկայացումը կը ներկայացւի Հայաստանի Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բեմում։ Հայաստանեան հիւրախաղերը կիրականացւեն Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան բարձր հովանու ներքոյ։
Panorama.am