ԹեհրանՄշակութային

Իրանի «Ոսկէ եւ արծաթէ նամականիշերի թանգարան»-ը համալրւեց՝ մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի պատկերով ոսկէ նամականիշով

«ԱԼԻՔ» – Իրանի «Ոսկէ եւ արծաթէ նամականիշերի թանգարան»-ում տեղի ունեցաւ կոմպոզիտոր, դիրիժոր, նաեւ գրող ու գեղանկարիչ Լորիս Ճգնաւորեանի պատկերով ոսկուց եւ արծաթից պատրաստւած նամականիշերի շնորհանդէսը:

Իրանի եւ համաշխարհային մշակոյթին մատուցած ծառայութեան պատւին թողարկւած այս նամականիշով, թանգարանի տնօրէն-հիմնադիր Ռահիմ Փարնիանի խօսքով՝ թանգարանը վերջապէս վայելելու է մշակոյթի իրանահայ մշակներից մէկի ներկայութիւնը:

Իրանի երգարւեստի աստղաբոյլի ներկայացուցիչ Շահրամ Նազերիի, ինչպէս նաեւ Իրանի եւ իրանահայ արւեստի ու ոսկեգործութեան գործիչների ներկայութեամբ տեղի ունեցած միջոցառման բանախօսն էր գրականագէտ, համալսարանի դասախօս դոկտ. Սոբհանին: Բանախօսն անդրադառնալով անւանի արւեստագէտի ստեղծագործական աշխարհի տեսակին եւ յիշեցնելով մայեստրոյի «Խարեսթան» (Էշերի երկիրը) պատմւածքների հատորը նշեց, որ հեղինակի գրիչն առաւել ընկալելի է դարձրել, թէ ինչպէս կարելի է երաժշտական մոտիւներով ու լուծումներով անհնարինը հնարաւոր դարձնել: Դոկտ. Սոբհանին ընդգծեց. «Այդպէս ժողովուրդը մեծարում է հէնց իր էութիւնը: Վկան Ճգնաւորեանի ստեղծագործութիւններն են, յատկապէս «Ռոսթամն ու Սոհրաբը» օպերետը, ինչով նա որպէս իրանական մշակոյթի կրողը ապացուցեց, որ «Շահնամէ»-ն, որպէս ժողովրդի էութիւնը բնութագրող իրականութիւն, կարող է հաղորդել ստեղծագործական ուրոյն շունչ: Մեր այս հանդիպմանը ներկայ մշակոյթի մշակների, ինչպէս նաեւ իրանական մշակոյթն ընկալած ու գնահատող հասարակութեան անունից ուզում եմ խնդրել, որ «Ռոսթամն ու Սոհրաբը» օպերետն ամբողջացնէք «Շահնամէ»-ն ամբողջական օպերետի վերածելով»,- նշեց նա:

Իրանական երգարւեստում համաշխարհային համբաւ ունեցող Շահրամ Նազերին եւս խօսք առնելով անդրադարձաւ Լորիս Ճգնաւորեանի հետ իր համատեղ աշխատանքներից մէկին, որն իր ստեղծագործական 50-ամեայ անցեալի այն աշխատութիւններից էր, ինչին յաջողւեց դառնալ մնայուն գործ: «Այս օրերին, երբ աւելի շատ դառնութիւն կայ, քան հանգստութիւն, եւ կարող է բացասական հետքեր թողնել մեր կեանքի վրայ, Լորիս Ճգնաւորեանի պէս անհատների լինելն ու ստեղծագործելն ունեն փրկելու եւ սփոփելու անգնահատելի առաքելութիւն եւ ուժ, ինչի համար շնորհակալ եմ վարպետին»,- եզրափակելով իր ելոյթը նշեց Շահրամ Նազերին:

Լորիս Ճգնաւորեանն իր երախտագիտութիւնը յայտնեց միջոցառման կազմակերպիչներին եւ նշեց. «Շնորհակալ եմ, յատկապէս նման պատւի արժանանալու համար: Եթէ չլինի սիրոյ զգացողութիւնը, ապա ոչ մի բան արարւելու հնարաւորութիւն չի ունենայ: Արւեստը սէր է, եւ ես այսօր դա զգացի ձեր հայեացքներում, որի համար շնորհակալ եմ: Արւեստը նաեւ խենթութիւն է, սիրուց խենթացած մարդու դրսեւորումը: Պիտի խենթ լինես, որ ստեղծագործես»,- ասաց նա ու ձեռքով Շահրամ Նազերիին մատնացոյց արեց, որը ծիծաղի առիթ դարձաւ հանդիսատեսի համար:

Թանգարանի տնօրէնը՝ Ռահիմ Փարնիան «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ մեծանուն արւեստագէտին քանդակելիս նրա մէջ նկատել է իր վարպետի՝ Գենիկ Գաբրիէլեանի պատկերն ու ընդգծումները, եւ խորապէս զգացել է, որ հայերի հայեացքների խորքում առկայ է ստեղծագործական այդ շունչը, որով մէկը միւսին նմանւելու շատ բան ունեն նրանք:

Նշենք, որ Իրանի «Ոսկէ եւ արծաթէ նամականիշերի թանգարան»-ը գտնւում է Թեհրանի կենտրոն համայնքում՝ Սոմայէ պողոտայում, որտեղ ցուցադրութեան են հանւած Իրանի պատմութեան եւ արւեստի նշանաւոր դէմքերով պատկերւած ոսկէ եւ արծաթէ նամականիշերի առաջին օրինակները: Իւրաքանչիւր նամականիշից թողրակւել են սահմանափակ թւով (հազիւ յիսունի հասնող) օրինակներ:

Լուսանկարը՝ ՀԱՏԻՍԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button