Սփիւռքահայ հանդիսատեսի համար բեմականացումը՝ ուրախացնող առաքելութիւն է
«Ֆաջր»-ին Հայաստանը ներկայացրած «Աբովեան»-ի դրամատիկական թատրոնի գլխաւոր ռեժիսոր Արմէն Սարգսեանը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում
ՀԱՏԻՍ – Վերջերս «Ֆաջր» միջազգային փառատօնի շրջանակներում Թեհրան էր ժամանել «Աբովեան»-ի դրամատիկական թատրոնը՝ փառատօնին ներկայացնելով «Համար 6» ներկայացումը:
Ինչպէս փառատօնի նախորդ տարիները, այս տարի եւս հայաստանեան խմբերից մէկը թեհրանահայ բալիկների համար բեմադրեց իր մանկական Յովահննէս Թումանեանի «Պոչատ աղւէսը» հեքիաթի հիման վրայ գրւած նոյնանուն ներկայացումը:
«Աբովեան»-ի դրամատիկական թատրոնի պատմութիւնը գալիս է դեռեւս 1980 թւականներից։ Իսկ 2018-ին վրայ է հասնում թատրոնի զարգացման նոր փուլը։
«Աբովեան»-ի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Արմէն Սարգսեանի հետ զրոյցում պարզել ենք նաեւ, թէ ինչ կարգի զարգացման նոր փուլի մասին է խօսքը:
Սա պատեհ առիթ էր փառատօնի շրջանակից դուրս՝ Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի «Կոմիտաս» թատերասրահում հանդիպելու թատրոնի ռեժիսոր Արմէն Սարգսեանին:
Հ.- Նախկինում էլ էք մասնակցե՞լ «Ֆաջր»-ին:
Արմէն Սարգսեան – Սա առաջին փորձն էր: Գիտեմ, որ «Ֆաջր»-ն իր տեսակով իւրայատուկ է, եւ ժամանակակից փերֆորմանսի լաւագոյն հարթակներից մէկն է:
Հ.- Ի՞նչ ակնկալիք ունենայ հանդիսատեսը ձեր ներկայացումը դիտելիս:
Արմէն Սարգսեան – Լաւ խաղի: «Աբովեան»-ի դրամատիկական թատրոնը ներկայացնելու է «Համար 6» ներկայացումը: Այն պատարստել ենք Չեխովի «Հիւանդասենեակ համար 6» պատմւածքի հիման վրայ: Շտապեմ տպաւորութիւններով կիսւել: Մեր պատկերացրած երկիրն այլ էր: Իսկ «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանից արդէն զգացինք յայտնւել ենք ժամանակակից մեգապոլիսներից մէկում: Այստեղ ամէն բան այլ է:
Հ.- Այնպէս, որ ձեզ չի յաջողւել ուղտերով քարաւան տեսնել…
Արմէն Սարգսեան – Մեզ յաջողւեց նոր պատուհան բացել մեր մտապատկերում, յատկապէս, իրանական հարուստ մշակոյթին համապատասխան երանգաւորումներով: Բայց երանի կը լինէր, եթէ նման բան պահած լինէին քաղաքում: Փողոց, որտեղ քեզ պամութեան գիրկը նետելու լինի…
Հ.- Այստեղ էք «Համար 6» ներկայացմամբ: Իսկ կողքից հասցրել էք մանկականն էլ բեմադրել: Ո՞նց էք հասցնում տեղում մշակել:
Արմէն Սարգսեան – Հաճոյախօսութիւն համարենք ձեր ձեւակերպածը: Սակայն ասեմ, որ «Պոչատ աղւէսը» արդէն իր բեմադրութեան երրորդ տարին է անցկացնում: Այն շրջել է Հայաստանի շատ շրջաններով, իսկ այսօր արտասահմանում ներկայանալու առաջին փորձն է, ընդորում ուրախ եմ, որ թեհրանահայ մանուկների համար է: Այստեղ հայկականութիւնն է խօսում. Ազգային հզօր մշակոյթ՝ ինքնութեան բուռն արտացոլանքով:
Հ.- Ստացւում է այնպէս, որ փառատօնային ներկայացումները տարբեր են լինում ոչ փառատօնայինից: Մէկում մեծ ցանկութիւն կայ միջազգային էլեմաններով հանդէս գալ, իսկ միւսում զուտ ազգային ու ազգագրականով:
Արմէն Սարգսեան – Երեւի որպէս պատասխան բառացի կերպով պիտի կրկնեմ հարցի բառերը: Փառատօնայինը միշտ էլ այլ է լինում: Իսկ երբ քո ժողովրդի հետ խօսելու բան կայ, դա ասւում է նրան ընկալելի գրականութեան միջնորդութեամբ: Տարօրինակ ոչինչ չկայ: Մէկում արւեստի քննութիւն է, միւսում այդ քննութիւնը յաղթահարածի լեզուն է ու անձի էութիւնը: Այնպէս, որ եթէ համայնքի համար բեմադրութիւնով հանդէս գար մեր թատրոնը, հաստատ խաղալու էինք մեր ազգին ու գրականութեանը բնորոշ ներկայացում:
Հ.- Ինչպէ՞ս յայտնւեցիք փառատօնում:
Արմէն Սարգսեան – Մենք ամէն տարի ենք փորձել յայտագրւել: Ուղղակի այս անգամ ստացւեց ՀՀ-ում ԻԻՀ-ի մշակութային կցորդի առաջարկով: Յատուկ շնորհակալութիւն Աբովեանի քաղաքապետ Էդւարդ Բաբայեանին, ում բարեացակամ մօտեցման արդիւնք է մեր այստեղ լինելը: Նրա տրամադրած հնարաւորութիւններով է, որ մեզ յաջողւել է լուծել չւերթի հետ կապւած ծախսերը: Ի դէպ նոյն անձնաւորութեան շնորհիւ, այսօր «Աբովեան»-ի դրամատիկական թատրոնը առաւել մեծ եռանդով է ստեղծագործում, քանի որ թատրոնիս շէնք ունենալու երազանքը, կարծես թէ վերջապէս իրականանալու գոյն է ստանում:
Հ.- Ձեր թատրոնի մասին խօսելիս նշել էք զարգացման նոր փուլի մասին: Ինչի՞ մասին է խօսքը:
Արմէն Սարգսեան – Պարզապէս զարգացման նոր փուլի: Չնայած թատրոնն ինքնին զարգացման նշան է: Իսկ ինքը՝ թատրոնը եւս պէտք է ներքուստ թարմանայ նոր բջիջներով: Ժամանակակից ռիտմ ստանայ: Սա երկար զրոյցի թեմա է, իսկ եթէ կարճ, ապա երիտասարդացւի, միաժամանակ օժտւած լինելով նախորդների հարուստ փորձառութեամբ: Այնպէս, որ կարճ ասած կարճախօսութիւն չի ստացւի այս դէպքում:
Հ.- Իսկ վերջում եթէ յիշելու լինենք չտրւած առաջին հարցի մասին:
Արմէն Սարգսեան – Ո՞ր հարցը բայց:
Հ.- Ո՞վ է Արմէն Սարգսեանը:
Արմէն Սարգսեան – Ինչպէս մեր թատրոնի միւս անդամները՝ մեր մշակոյթի շարքային մշակ: Իսկ եթէ աւելի կոնկրետ՝ Արմէն Սարգսեանը ծնւել է 1986 թւականին Երեւան քաղաքում։ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա բաժնի շրջանաւարտ է։ 2006-11 թւականներին եղել է դրամատիկական թատրոնի դերասան: 2006 թւականին նկարահանւել է Ալբերտ Մկրտչեանի «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարւեստական ֆիլմում՝ Արմէնի դերում։ 2011-2013 թւականներին դասաւանդել է «Բում-բումիկ» մանկա-պատանեկան ստուդիայում։ Ստուդիայում աշխատած տարիներին բեմադրել է «Ամանորեայ ժպիտ», «Լինում է չի լինում» եւ «Ձիւնանուշի առեւանգումը»։ 2011 թւականին մեկնել է Նորւեգիա եւ այնտեղ մասնակցել է տեղի «Ստելլա Պոլարիս» թատրոնի «Երբ մահացածները կենդանանում են» ներկայացմանը, այս թատրոնի հետ կրկին համագործակցել է 2015 թւականին։ 2012 թւականին Արմէնն իր ընկերների հետ միասին հիմնադրել է «ԷՊՍԻԴՈՆ» թատերախումբը՝ դառնալով թատերախմբի գեղարւեստական ղեկավարը։ 2017 թւականից հանդիսանում է քաղաք Աբովեանի դրամատիկական թատրոնի գեղարւեստական ղեկավարը։
Յ. Գ. – Անթուան Չեխովի «Սենեակ համար 6» պիէսն առաջին անգամ լոյս է տեսել 1892 թւականին։ Պիէսը դոկտ. Ռուբէն անունով իդէալիստ հոգեբանի մասին է, ով ղեկավարում է քաղաքի արւարձաններում գտնւող հոգեբուժարանը:
Հիւանդներ, ովքեր կարծես բոլոր մարդկանց եւ յատկապէս ռուս հասարակութեան այն ժամանակւայ արտացոլումն են։
Ցաւոտ հարցերի համար պատասխաններ փնտրելով՝ դոկտ. Ռուբէնը զրոյցի է բռնւում հոգեբուժարանի անձնակազմի ու հիւանդների հետ՝ փորձելով աւելի խորը պատկերացում կազմել իր կեանքի ու դրա փոփոխութիւնների մասին: Սակայն աստիճանաբար բժշկի եւ հիւանդների միջեւ սահմանն աւելի ու աւելի է լղոզւում: «Թիւ 6 սենեակը» հանդիսատեսին է ներկայացնում մարդու գոյութեան իմաստի մասին ցնցող պատմութիւն՝ արտայայտելով հոգեկան հիւանդների նկատմամբ հասարակութեան տեսակէտի վերաբերեալ Չեխովի մտահոգութիւնները: