Կրթական խորհրդի Ամանորեայ միջոցառում՝ 2024
Սոյն թւականի յունւարի 17-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ` Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում իրականացաւ Նոր տարւայ առիթով հանդիպում-հիւրասիրութիւն:
Կրթական խորհուրդը Ս. Ծննդեան եւ Ամանորեայ տօների առիթով կազմակերպել էր միջոցառում, որով առիթ էր ընձեռնւում հրաւիրեալների այդ տօների առիթներով շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ յղելու սիրելի Սրբազան Հօրը, յարգարժան պատգամաւորին եւ միմեանց:
Միջոցառմանը ներկայ էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, նոյն խորհրդի Կրթական խորհրդի հետ կապ՝ Անի Միրզախանեանը, տեսուչներ, ուսուցիչ-ուսուցչուհիներ, Կրթական խորհրդի յանձնախմբերի անդամները եւ Իրանահայ Ուսուցիչների միութեան ներկայացուցիչներ եւ հիւրեր:
Միջոցառումը սկսւեց Տէրունական աղօթքով՝ այնուհետեւ Կրթական խորհրդի շնորհաւորանքի եւ ողջոյնի խօսքը փոխանցեց խորհրդի անդամ՝ Կարինէ Մանուչերեանը:
Նա իր խօսքում մասնաւորապէս անդրադարձաւ դպրոցներին, դպրոցներում ուսուցիչների կարեւոր դերակատարութեանը, հայրենիքում տիրող իրավիճակին, Արցախին եւ արցախահայութեանը:
Նա ամանորեայ շնորհաւորանք յղեց ներկաներին Մեծն Սահեանի խօսքերով՝ «Նոր տարի է գալիս: «Խաղաղութիւն ամենեցուն» եւ ահա աշխարհի հետ, աշխարհի պէս ընդունւած բոլոր օրէնքներով, դիմաւորում ենք Նոր տարին, մի կողմից մի քանի օրով մոռանալու համար կորուստների ցաւը, հիասթափութիւնը, միւս կողմից` աշխարհին ասելու, որ մենք դեռ կանք, ապրում ենք եւ պիտի ապրենք ի հեճուկս նրանց, որոնք մեր ապրելը չեն ուզում»:Իր ելոյթի այլ բաժնում նա անդրադարձաւ Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոնդակին, որ տարբեր հրամայականներից ելնելով 2024 թւականը Վեհափառի կողմից հռչակւեց «ՄԱՐԴՈՒԺԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ»: Կրթական խորհուրդն էլ անսալով Վեհափառ Հայրապետի ուղերձին յայտարարեց, որ ամէն հնարաւորութիւն կօգտագործի համայնքում աւելացնելու մասնագէտ, փորձառու ու յանձնառու անհատների թիւը։
Իր խօսքի աւարտին,նա կրկին շնորհաւորելով ներկաներին՝ մաղթեց նորանոր անձնական ու աշխատանքային յաջողութիւններ եւ բազմաթիւ ձեռքբերումներ:
Միջոցառման գեղարւեստական մասը յանձնարարւած էր «Շանթ-Մարիամեան» դպրոցի կազմին:
Բացման խօսքով հանդէս եկաւ «Շանթ» դպրոցի փոխտեսչուհի՝ Քարմէն Չհարմահալեանը, իսկ միջոցառմանը զւարճալի բաժինը վարեց «Մարիամեան» դպրոցի փոխտեսուչ՝ Արբի Ալլահվերդեանը:
Տարւայ յոբելեանական տարեթւերին եւ յոբելեարներից մի քանիսի կեանքի հետաքրքիր դրւագներին անդրադարձաւ նոյն դպրոցի Հայոց լեզւի ուսուցչուհի՝ Նարինէ Ղարիբեանը:
«Շանթ-Մարիամեան» դպրոցի աշխատակազմը Ձմեռ պապիկի հետ միասին մի քանի ժամ բարձր տրամադրութիւն եւ ժպիտներ պարգեւեցին ներկաներին:
Նոր տարւայ առիթով դպրոցների ներկայ պաշտօնեաներին նւէրներ յանձնեց պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը:
Միջոցառմանը պատգամաւորը իր շնորհաւորանքը յղեց ներկաներին, անդրադարձաւ յատկապէս ուսուցիչների աշխատանքին, շեշտելով, որ որքան էլ տարբեր պատճառները բացասական ազդեցութիւն ունենան, միեւնոյն են ուսուցիչները եւ դպրոցների պաշտօնեաները անտեսելով դրանք, կատարում են իրենց լաւագոյնը մեծ սիրով ու բարձր պատասխանատւութեամբ:
Արա Շահվերդեանը խօսեց տարբեր առիթներով դպրոցներ կատարած այցելութիւնների մասին, եւ ընդգծեց, որ ամէն հնարաւոր առիթ օգտագործում է բարձրաստիճան պաշտօնեաներին հրաւիրել հայկական դպրոցները, յատկապէս Իրանի կրթութեան եւ գիտութեան նախարարի այցելութիւնը, որը հնարաւորութիւն է ստեղծում մօտկից ներկայացնելու դպրոցներն ու առկայ հարցերը:
Խօսքով հանդէս եկաւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, ով նոյնպէս ողջունելով ներկաներին նշեց, որ թեհրանահայ համայնքը ինչպէս միշտ ունեցել է իր ձեռքբերումները եւ դրա կողքին մեր դպրոցներն էլ կայուն շարունակել են իրենց աշխատանքը առաջ մղելով եւ կարեւորելով հայեցի դաստիարակութիւնը:
Նա բարձր գնահատեց Կրթական խորհրդի անձնակազմի հետեւողական աշխատանքը եւ նշեց, որ կազմը միշտ վերահասու է եղել դպրոցների դժւարութիւններին եւ Թեմական խորհրդի հետ կապի մէջ լինելով միասնաբար լուծել են դպրոցական հարցերը:
Թեմական խորհուրդը բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ աշխատել է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը, որն էլ միշտ իր կարեւորութեամբ առաջնահերթ է համարւել:
Միջոցառումը եզրափակւեց Թ.Հ.Թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք. Սարգսեանի հայրական խօսքով ու օրհնանքով:
Սրբազան Հայրն իր խօսքը ուղղելով ներկաներին ասաց. «Ես տարբեր առիթներով նշել եմ, որ մենք պէտք է պատրաստենք մեր նոր սերնդին, որպէսզի փոխարինեն մեզ, եւ մենք այսօր կանք, որովհետեւ կան մեր ներկայ եւ անցեալի սերունդները: Ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալութիւնը յայտնել բոլորին ազնիւ եւ անկեղծ բարեմաղթանքների համար: Աղօթենք միմեանց համար, որովհետեւ աղօթքը մեզ առաւել եւս կը մօտեցնի միմեանց եւ աւելի զօրաւոր կը դարձնի մեզ, մեր հաւատքի մէջ»:
Իր ելոյթի ընթացքում Սրբազան Հայրը նշեց. «Հնդկաստանում ժողովի ընթացքում մտածեցի, որ այս տարի այն խօսքը, որ պիտի գրեմ ժողովրդին եւ ուսուցիչներին հետեւեալը պէտք է լինի՝ «Ով Սուրբ Հոգի, արի՛ եւ կերպարանափոխի՛ր մեզ», Սուրբ Հոգին, որպէս Աստւած մեզ մեր կեանքի մէջ, մեր գործերի ու մեր աշխատանքների մէջ կը զօրացնի, կամրացնի, դրա համար սիրելիներս, այս տարւայ մեր նշանաբանը բոլորիս համար թող լինի «Ով Սուրբ Հոգի, արի՛ եւ կերպարանափոխի՛ր մեզ»: Կերպարանափոխութիւնը նոր մարդ դարձնելն է, հինը մեր վրայից կը վերանայ, նորը կը գայ եւ երբ որ մենք կը վերանորոգւենք Սուրբ Հոգով եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսով, նոր արարած կը դառնանք: Աղօթենք եւ աղօթքով զօրանանք, մաղթում եմ, որ Աստւածային օրհնութեամբ մենք մեր կեանքը շարունակենք: Թող այս տարի Աստծոյ շնորհով լեցուն տարի լինի մեզանից իւրաքանչիւրիս համար եւ մեր ժողովրդի համար, զօրացած՝ Սուրբ Հոգով շարունակելու մեր կեանքի գոյապայքարը մինչեւ այն երջանիկ օրը, որ կրկին անգամ ունենանք Արցախ, կրկին անգամ մեր ժողովրդին միախմբւած տեսնենք եւ կրկին անգամ մեր հայրենիքը վերամիաւորւած լինի իր ժողովրդով»:
Միջոցառման աւարտին Կրթական խորհուրդն իր յատուկ շնորհակալութիւնը յայտնեց հիւրընկալ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան յարգարժան վարչութեանը, «Շանթ-Մարիամեան» դպրոցի պաշտօնէութեանը, «Միքայէլեան» մսամթերք ընկերութեան տնօրէն՝ Գէորգ Ղազարեանին, «Շանթ-Մարիամեան» եւ «Արաքս» դպրոցների ծնողական խորհուրդներին, «M&M» սննդի կենտրոնին, Գիլդա Հախբանդեանին, երգիչ՝ Հարմիկ Տէր-Մովսիսեանին, Օշին Ղահրամանեանին եւ բոլոր օժանդակող անձանց:
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ