ԹեհրանՀամայնքՄշակութային

Դերեն Բրաթեան. Գտնելով երաժշտութեան անտեսանելի կողմը

Երիտասարդ դաշնակահար Դերեն Բրաթեանի համար երաժշտութիւնը համամարդկային լեզու է, դաշնամուրը՝ զգացմունքների անընդգրկելի աշխարհ ծնող գործիք: Նրա հետ զրուցում ենք անցած ճանապարհի ու առաջկիայ անելիքների մասին:

 

– Դերեն, ե՞րբ հասկացար, որ դաշնամուրը քո անբաժան ուղեկիցն է:

– Նւագել սկսել եմ 11 տարեկանից տատիկիս շնորհիւ: Նա ինձ ուղղորդեց դէպի երաժշտութեան կախարդական աշխարհը: Բարեբախտաբար, հանդիպեցի իսկական, ճիշտ ուսուցչի: Յիշում եմ, թէ ինչպէս էր նա աշխատում ինձ հետ, օգնում, որ ես արտայայտեմ իմ մէջ եղած երաժշտութիւնը եւ այն աստիճանաբար վերածեմ տեխնիկայի, հասկացողութեան, մտքի, ինչպէս էր իմ մէջ արթնացնում կամք եւ աշխատասիրութիւն: Հետագայում էլ իմ ուսուցիչների դերը անասելի մեծ է եղել իմ կեանքում:

– Ի՞նչ երաժշտութիւն ես սիրում, ունե՞ս սիրելի ստեղծագործութիւնը, որ անընդհատ ուզում ես նւագել:

– Երաժշտութեան իւրաքանչիւր ժանրում ես ունեմ սիրելի ստեղծագործութիւններ: Կախւած պահի տրամադրութիւնից՝ ինձ հետաքրքրում են տարբեր ժանրեր՝ ջազ, բլիւզ, rock&roll, մետալ եւ իհարկէ, դասական: Որպէս դասական երաժիշտ կարող եմ ընդգծել, որ, օրինակ, rock&roll-ը ինձ համար էկզոտիկա է, մի այլ, հետաքրքիր աշխարհ: Դասական երաժշութեան պարագայում ամենաշատը սիրում եմ ռոմանտիզմի դարաշրջանը: Իմ կեանքում ամենամեծ տեղն ունի հայկական ժողովրդական երաժշտութիւնը, քանի որ մեր ընտանիքում մանկուց լսել եմ հայկական երգեր ու մեղեդիներ, որոնք ես զգում եմ իմ իւրաքանչիւր բջիջով: Երբեմն ընկերներս ինձ նմանեցնում են Առնօ Բաբաջանեանի երիտասարդ տարիների կերպարին: Ես դա ընդունում եմ ժպիտով, որպէս մեծ հաճոյախօսութիւն, սակայն իմ եւ մեծ կոմպոզիտորի կապը առաւել խորն է: Չգիտեմ՝ ինչպէս բացատրել, բայց նրա երաժշտութիւնն ասես հոսում է իմ երակներով:

– Ինչպէ՞ս ես վերաբերւում ժամանակակից երաժշտութեանը: Այն նո՞յնպէս ներշնչման աղբիւր է քեզ համար:

– Ինչպէս դասական ստեղծագործութիւնները, այնպէս էլ ժամանակակից գործերը կարեւոր են ինձ համար: Դրանք երաժիշտ կատարողին պահում են իր ժամանակի մէջ, փոխում են նրա պատկերացումները: Ժամանակակից երաժշտութիւնն ինձ համար ներշնչանքի աղբիւր դառնում է այն ժամանակ, երբ զգայական կապ է ստեղծւում իմ եւ այդ երաժշտութեան միջեւ: Կատարւող գործը պէտք է քոնը լինի, պիտի արձագանքի քո հոգում: Արդի կոմպոզիտորների գործերից վերջին ձայնագրութիւնս եղել է կոմպոզիտոր Մանէ Ֆոն Էմի Ave Verum Corpus-ը, որը ինձ համար նոր, հետաքրքիր դիտանկիւն էր:

– Եթէ հնարաւորութիւն ունենայիր մէկ ստեղծագործութիւն նւագել աշխարհի ցանկացած բեմում, ո՞րը կընտրէիր եւ ինչո՞ւ:

– Շատ բարդ հարց է ինձ համար: Շոպէն, Ռախմանինով, Չայկովսկի, Բախ, բայց նաեւ հայկական ժողովրդական երաժշտութիւն, Կոմիտաս…

Ռախմանինովն իր ալեկոծ տրամադրութիւններով շատ ուժեղ ազդեցութիւն է ունենում ինձ վրայ, իսկ Շոպէնը տարածւում է օդում, աւելի շատ եթերային զգացումներ առաջացնում: Բախի մասին կասեմ, որ նա բացարձակ մեծութիւն է, որպէս դաշնակահար ես անդադար ձգտում եմ հասկանալ, վերլուծել, զգալ Բախին, մօտենալ նրա երաժշտութեանը: Երբ Բախ եմ նւագում, այն զգացողութիւնն եմ ունենում, որ նա կատարելութիւն է՝ եւրոպական երաժշտութեան Աստւածը: Յաճախ եմ նաեւ Կոմիտաս նւագում, որ չափազանց հոգեհարազատ է ինձ: Նրա գործերից մի քանիսի մշակումներ եմ կատարել: Կոմիտասի հանճարեղ պարզութիւնն ինձ տալիս է մտքի լոյս եւ ցանկութիւն կրկին ու կրկին վերադառնալ Կոմիտասին:

– Ի՞նչն է քեզ համար երաժշտական ճշմարտութիւնը:

– Գտնել նրա խոր շերտերում թաքնւած անտեսանելին:

– Ի՞նչ ես սովորել դաշնամուրից, ի՞նչ դեր է խաղացել քո՝ որպէս մարդ եւ երաժիշտ ձեւաւորման հարցում:

– Երաժշտութիւնն ամենամաքուրն ու ազնիւն է բոլոր արւեստներից եւ ազնւացնում ու մաքրագործում է մարդուն: Անկախ նրանից՝ երաժի՞շտ ես, թէ, բժիշկ, կարող ես հասնել կատարելութեան, եթէ գործդ անես լաւագոյն ձեւով: Այստեղ հարցը ոչ թէ երաժշտութիւնն է, այլ ներքին մղումը: Իսկ դաշնամուրից սովորել եմ կառավարել յոյզերս, տրամադրութիւններս ինչպէս բեմում, այնպէս էլ կեանքում:

– Ի՞նչ խորհուրդ կը տայիր մի երիտասարդ ու սկսնակ դաշնակահարի, որը դեռ նոր է ոտք դրել արւեստի մեծ ճանապարհին:

– Եթէ գտել ես քո ուղին, եբրեք չթողնես այն, որքան էլ դժւար լինի: Չփոխես ճանապարհդ, եւ յաջողութիւնն անխուսափելի կը լինի:

«Եթեր» շաբաթաթերթ

Related Articles

Back to top button