Մշակութային

Էն, որ պիտի մեռնինք, էդ հէչ, որ պիտի Շերամ չլսենք, էդ է ցաւը

Սիրելով Գրիգոր Թալեանին ու նրա երգերը՝ ժողովուրդը կոչում է նրան ուստա Գոքոր, իսկ «մետաքսանման» իր երգերի համար բանաստեղծ Յ. Յովհաննիսեանը նրան անւանում է աշուղ Շերամ։

Աւետիք Իսահակեանը՝ գուսան Շերամի երգերի մեծ գնահատողն ու սիրողը, մի առիթով ասել է. «Էն, որ պիտի մեռնինք, էդ հէչ, որ պիտի Շերամ չլսենք, էդ է ցաւը»:

Հօր մահից յետոյ մերթ ատաղձագործի, մերթ հիւսնի, մերթ մանրավաճառի արհեստն ուսանող պատանին ինքն է պատրաստում իր առաջին սազը, թառը եւ ինքնուրոյն նւագել սովորում: Գալու էր ժամանակը, երբ կատարելապէս էր տիրապետելու աշուղական արւեստի բոլոր նրբութիւններին, եւ Շերամի երգերը հնչելու էին քաղաքում յայտնի երաժիշտների ու խմբերի կատարմամբ, նրան հրաւիրելու էին նաեւ հարսանիքների: Ինչպէս ժամանակակիցն է գրում, նրա գործունէութեան շնորհիւ Ալեքսանդրապոլի հարսանիքներում աւանդական են դառնում լարային անսամբլների ելոյթները:

Շերամի երգերի տեքստերը պարզ ու մատչելի են, հիմնականում գրւած են հայ գրական լեզւով, որը համեմւած է Շիրակի ժողովրդական բառ ու բանով եւ իւրայատուկ դարձւածքներով։ Սիրոյ երգիչ Շերամի երգերում, որպէս կենտրոնական ու հիմնական կերպար հանդէս է գալիս սիրուհու կերպարը։

Սիրուհու ներքին աշխարհը շատ զուսպ է, նա հանդէս է գալիս «հազար ու մի նազերով», «չեմ ու չումերով», որի համար Շերամը նրան «անգութ հոգեհան» է անւանում, յաճախ է պատահում նաեւ «ջիգեարս խորով արիր» աւանդական դարձւածքը։

Շերամի լաւագոյն գործերից են՝ «Սարեր կաղաչեմ», «Նա մի նազ ունի», «Քեզանից մաս չունիմ», «Էլի երկինս ամպել է», «Սիրուններ», «Շորորա», «Դու իմ մուսան ես», «Աննման փերի», «Թառը դոշիս» երգերը եւ այլն:

Related Articles

Back to top button