«Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս»․ լոյս է տեսել Հրայր Ջեբեջեանի աշխարհի 90 երկրում ապրող հայերի մասին պատմող գիրքը
Ընթերցողի սեղանին է դրւել սփիւռքահայ գործիչ, մտաւորական, Պարսից Ծոցի արաբական երկրների Աստւածաշնչային ընկերութեան ընդհանուր քարտուղար, աստւածաբանութեան դոկտոր Հրայր Ջեբեջեանի (Ճէպէճեան) «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գիրքը։
«Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Հրայր Ջեբեջեանը նշել է, որ սա աշխարհի շուրջ 90 երկրում հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու մտերմիկ զրոյցներն ամփոփող՝ 2018-2022 թւականների ընթացքում գրւած իր յօդւածների երրորդ ժողովածուն է։
«Աշխատանքի բերումով շատ եմ ճամփորդում եւ անպայման ցանկանում եմ տեսնել տարբեր երկրներում գոյութիւն ունեցող հայկական իրականութիւնները։ Բարեբախտաբար ասեմ, թէ դժբախտաբար, ամենուր միշտ հայ կայ։ Իւրաքանչիւր վայրում, որ հայ եմ տեսնում անպայման ցանկանում եմ խօսել իրենց հետ՝ ոչ միայն համայնքի ղեկավարների, այլ նաեւ հայերի հետ, որոնք պարզ են՝ սովորական քաղաքացիներ, քանի որ ուզում եմ բացայայտել իրենց ապրումները, կենցաղը, կեանքի ընդհանրութիւնները, իրենց համար ինչ է նշանակում հայ լինել, ինչպէս կարելի է հայ ինքնութիւնը պահել արտասահմանեան իրենց երկրում, հայրենիքից հեռու»,-ասաց հեղինակը։
Նրա խօսքով՝ իր տեսածն ու լսածը փորձում է արտացոլել յօդւածներով, որոնք գրքի բովանդակութեան գերակշիռ մասն են կազմում։
Ըստ Ջեբեջեանի՝ դրանք միայն տեղեկագրութիւն չեն` թիւ, թւանշաններով, որոնք ամենուր կարելի է գտնել։ Հեղինակի գլխաւոր նպատակն է ցոյց տալ հայ մարդու ապրումները, իղձերն ու մարտահրաւէրները, ինչպէս նաեւ Սփիւռքում հայ մնալու հնարաւորութիւնը։
«Կայ եւս մէկ կարեւոր մաս՝ Հայաստան-Սփիւռք մեր յարաբերութիւնները՝ թէ ինչպէս է հնարաւոր Սփիւռքն իր տարբեր գունաւորումներով ներմուծել հայաստանեան իրականութիւն։ Սփիւռքն անշուշտ բարդ է, տարբեր գունաւորումներով, բայց իր մէջ այնպիսի ուժ ունի, որ կարելի է ներմուծել համահայկական ընդհանուր իրականութեան մէջ»,-ասել է մտաւորականը։
Նրա հերթական հատորում տեղ են գտել նաև 44-օրեայ պատերազմին եւ Լեռնային Ղարաբաղին առնչւող յօդւածներ։
Անդրադառնալով գրքի ժանրային առանձնայատկութիւններին, հեղինակը նշել է, որ մասնագէտների մի մասի կարծիքով այն հրապարակախօսութիւն է, որը միաժամանակ հոգեմտաւոր մտորումներ է պարունակում։ Որոշ մասնագէտների համոզմամբ էլ այն գեղարւեստական գրականութեանն է յարում, միւսներն էլ սփիւռքագիտութեան վերաբերեալ եւ ազգագրական տւեալներն են կարեւորում։
Յօդւածները մինչ այդ հրապարակւել են նաեւ Սփիւռքի եւ մայր հայրենիքի մամուլում։
Ջեբեջեանը գրքի տեսքով հրապարակումը կարեւորել է այն հանգամանքով, որ յօդւածների համատեղումը նոր մտայղացումների, այլ ուսումնասիրութիւնների դուռ է բացում։
«Երբ գրքի տեսքով դրանք յայտնւում են գրադարաններում եւ ինստիտուտներում, մարդկանց համար յաւելեալ ուսումնասիրութիւնների աղբիւր են դառնում։ Նախորդ գրքիս շնորհանդէսին գիտնականներից մէկն ասաց, որ սա սփիւռքագիտութեան պատմութեան ուսումնասիրման կարեւոր գիրք է համարւում»,-պարզաբանեց հեղինակը։
Գրքի խմբագիրը, Ջեբեջեանի տիկին, լեզւաբան, պրոֆեսոր Արտա Ջեբեջեանն է, ում խօսքով՝ հեղինակը կանգ չի առնում միայն մարդկանց յոյզերն ու մտահոգութիւնները ներկայացնելով, այլ նաեւ ճանապարհային քարտէզ է գծում եւ ներկայացնում, թէ ինչպէս է հայը դիմացել այս կամ այն իրավիճակներին։
«Հրայրը յօդւածներում ներկայացնում է իր հանդիպումները եւ վերջում ասում, թէ բոլորս կարծես նոյնանման ենք, կամքի կարիք ունենք եւ որպէս հայեր շատ կամք ունենք, յոյս առ այն, որ ճիշտ է դժւարութիւնների մէջ ենք, բայց պիտի յաղթահարենք, որովհետեւ հայը միշտ յաղթահարել է»,-շեշտեց խմբագիրը՝ յաւելելով, որ չնայած մարտահրաւէրներին ու խնդիրներին գրքի հեղինակը միշտ դրականն է տեսնում՝ կարեւորելով հայ ինքնութիւնն ու ազգային միասնութիւնը։
Գրքում տեղ է գտել մօտ 84 յօդւած՝ դասաւորւած ըստ ժամանակագրութեան։ Դասաւորութիւնն, ըստ խմբագրի, այնպէս է կատարւել, որ ընթերցողն իր գաղափարին համապատասխան որոշի հեղինակի ասելիքը։
Արտա Ջեբեջեանի խօսքով՝ մամուլում հրապարակելիս իւրաքանչիւր խմբագիր իր ձեւով էր խմբագրել, գրքում դրանք պէտք է նոյնանման՝ ուղղագրութեամբ, շարահիւսութեամբ ու ձեւաւորմամբ լինէին եւ ընթերցողը նոյնանման խմբագրական ձեռագիր նկատէր տարբեր տարիներին գրւած բոլոր յօդւածներում, ինչն էլ իրականացւել է։
Ընդհանրացնելով զրոյցը` Հրայր Ջեբեջեանը նշեց, որ հայ ինքնութեան հետ կապւած բոլոր մտահոգութիւնների, մարտահրաւէրների հետ մէկտեղ, որոնք արտացոլւել են յօդւածներում, նաեւ փորձել է դրական լոյսի ներքոյ ներկայացնել դրանք յաղթահարելու ուղին՝ առանց ընկճւելու, յուսահատւելու։
«Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» ժողովածուի յօդւածները ներառում են Հրայր Ջեբեջեանի հանդիպումները հայկական տարբեր իրականութիւնների հետ, որտեղ վեր են խոյանում ազգային, մշակութային, սոցիալական եւ տնտեսական խնդիրներն ու մարտահրաւէրները: Հեղինակը յօդւածների միջոցով խօսում է հայ ինքնութեան, դրա պահպանման ու վերակառուցման ներկայիս հրամայականների եւ հեռանկարների մասին: