Մշակութային

Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Տեառնընդառաջը

Հայ Առաքելական Եկեղեցին ամէն տարի փետրւարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան օրւանից 40 օր յետոյ, նշում է քառասուն օրական մանուկ Յիսուսին տաճարին ընծայաբերելու տօնը՝ Տեառնընդառաջը։ 

Տրնդէզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ եւ բազմաթիւ այլ անուններով յայտնի տօնը հայ ժողովուրդը նշում է հազարամեակներ շարունակ։

Տօնի քրիստոնէական խորհուրդը

Տեառնընդառաջի տօնը Տիրոջն ընդառաջ գնալու հրաւէր է բոլորին։ «Տեառնընդառաջ» անւանումը ստուգաբանւում է քրիստոնէական աւանդութեամբ:

Համաձայն նախնեաց օրէնքի ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զաւակին պիտի տանէր տաճար, Աստծուն ընծայէր մատուցէր եւ օրհնութիւն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մօրը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Յիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմէոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչեւ տեսնէր աշխարհի ու մարդկութեան Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդւելով՝ նա ճանաչում է Փրկչին եւ ընդառաջ է գալիս Յիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտայայտութիւնը:

Տօնի ժողովրդական աւանդութիւնը

Ըստ ժողովրդական աւանդութեան՝ Տեառնընդառաջի հիմնական ծէսը խարոյկ վառելն էր եւ այդ խարոյկի շուրջ տօնակատարութիւնը: Խարոյկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառւելու ընթացքում կանայք սկուտեղի վրայ բերում էին Տեառնընդառաջի տօնական կերակրատեսակները փոխինձը, չամիչը, աղանձը, ընկոյզը, բոված սիսեռը եւ պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, միւս մասը ներս տանում երեկոյեան խնջոյքի համար: Նրանք պտտւում էին խարոյկի շուրջը, եւ երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել:

Նախկինում խարոյկի ծխի ուղղութեամբ կատարել են գուշակութիւններ. հետեւելով ծխի ուղղութեանը՝ որոշել են տարւայ բերքառատութիւնը (եթէ ծուխը թեքւել է հարաւ կամ արեւելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթէ թեքւել է հիւսիս կամ արեւմուտք համարել են, որ երաշտ կը լինի): Ծխի ուղղութեամբ փորձել են գուշակել, թէ որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդէզի մոմերով կամ ջահերով յատուկ պար է եղել նորապսակների համար: 7 ամուսնական զոյգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին չարքերից պաշտպանելու համար, եւ նրանք պարել են այդ շրջանակի մէջ:

Հետաքրքիր սովորութիւն է եղել Մուսա լեռան շրջանի հայութեան շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գիւղերում՝ մեծահասակների յիշողութեան մէջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շւոտը («շւոտ»-ը փետրւար ամսի արաբերէն բառի շուբաթի աղաւաղւած ձեւն է) եւ ներս հրաւիրում գարուն-մարտը:

Տեառնընդառաջը տօնել փետրւարի 13-ի՞ն, թէ՞ 14-ին

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տօնի նախօրէին, երեկոյեան ժամերգութիւնից յետոյ կատարւում է նախատօնակ: Այն աւետում է Տերունի տօնի սկիզբը: Սովորաբար նախատօնակի արարողութեան աւարտին կատարւում է Անդաստանի արարողութիւն, որի ընթացքում օրհնւում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին յաջորդում է մոմերի օրհնութեան արարողութիւնը: Եկեղեցու կանթեղներից վերցւած կրակով եկեղեցիների բակերում վառւում են խարոյկներ իբրեւ Քրիստոսի լոյսի խորհրդանիշ:

Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ կրակն ունի հետեւեալ խորհուրդները. «Խարոյկի հուրը բորբոքելով՝ Աստծոյ սիրոյ հուրն ենք խնդրում: Հեթանոսներն Աստծոյ պատիւը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնեաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն: Ինչպէս եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպէս էլ մենք կրակն ենք ընծայում:

Երկրորդ գալստեան ժամանակ հուրը պիտի գնայ Տիրոջ առջեւից, որպէսզի լուսաւորի սրբերին եւ բարեպաշտներին, իսկ չարերին ու անհաւատներին սատանայի հետ յաւիտենական հրի դատապարտի»:

Վառւող մոմերը տուն տանելը եւ Եկեղեցու բակում վառւող խարոյկն ըստ էութեան որեւէ կապ չունեն մեր հեռաւոր հեթանոս նախնիների կրակի պաշտամունքի հետ:

Ժողովրդի մօտ ձեւաւորւած այն հակասութիւնը, թէ ե՞րբ է հարկաւոր նշել Տեառնընդառաջը, բացատրւում է հետեւեալ կերպ. փետրւարի 13-ի երեկոյեան ժամերգութիւնից յետոյ, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխւում է։ Այսինքն, Տեառնընդառաջի կրակը վառում են փետրւարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացոյցի, թէեւ աշխարհիկ օրացոյցով դեռ 13-ն է։ Փետրւարի 13-ին կատարւում է նախատօնակ, իսկ արդէն փետրւարի 14-ի առաւօտեան մատուցւում է Ս. Պատարագ։

Տեառնընդառաջը՝ նշանւածների թէ՞ նորապսակների տօն։

Ըստ ժողովրդական աւանդոյթի՝ Տեառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելութիւններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպէս կանոն, խարոյկի դէզը պատրաստում էին նորափեսաները։ Տեառնընդառաջի տօնին էր, որ նորափեսան պսակից յետոյ առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով ժողովրդական աւանդութեան մէջ Տեառնընդառաջն ընկալւել է որպէս փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրաւունք չունէին հարսի ծնողների եւ յատկապէս աներոջ հետ հանդիպել: Եւ Տրնդէզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից յետոյ երիտասարդներն իրաւունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը ժողովրդական աւանդոյթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թէ նշանւածներին:

Նիւթը տրամադրել է Տ. ՎՐԹԱՆԷՍ ՔՀՆՅ. ԲԱԲԱԽԱՆԵԱՆԸ

Related Articles

Back to top button