ԻրանՀայաստան - ԱրցախՄշակութային

Սիսիանում կայացել է «Նաւասարդ» հայ–իրանական մշակութային–խոհանոցային փառատօնը

«ԱԼԻՔ» – Օգոստոսի 10-ին Սիւնիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցաւ արդէն աւանդական դարձած «Նաւասարդ» հայ–իրանական մշակութային–խոհանոցային փառատօնը։ Հաղորդում է News.am-ը:

Այն անցկացւում է արդէն չորրորդ տարին՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի եւ «Հայ խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպութեան համատեղ նախաձեռնութեամբ։ Փառատօնը իրականացւում է ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան զբօսաշրջութեան կոմիտէի աջակցութեամբ, ՀՀ Սիւնիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան մշակութային կենտրոնի եւ Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսութեան հետ համագործակցութեամբ։

Այս տարւայ միջոցառումն ընդգրկում էր մշակութային, գեղարւեստական եւ խոհարարական տարրերի լայն ծրագիր։ Իրանական կողմը ներկայացել էր 32 տաղաւարով, որտեղ ցուցադրւած էին ինչպէս աւանդական ուտեստներ, այնպէս էլ հիւսիսային եւ հարաւային Իրանի մշակութային ձեռագործ աշխատանքներ, խմիչքներ եւ այլ արտադրանք։

Սիսիանի համայնքի ղեկավար Յովսէփ Առաքելեանը իր բացման խօսքում շեշտել է, որ փառատօնի մասնակիցների աճը վկայում է հետաքրքրութեան մեծացման մասին․

«Մասնակիցների տարէցտարի աճող թիւը լաւագոյն փաստն է, որ փառատօնի նկատմամբ հետաքրքրութիւնը մեծանում է, ինչը խթան կը հանդիսանայ երկու բարեկամ ժողովուրդների ամուր մերձեցմանը»։

Հայաստանում Իրանի դեսպանութեան մշակոյթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադին ընդգծել է նման միջոցառումների կարեւորութիւնը ոչ միայն մշակութային, այլեւ քաղաքական ու տնտեսական յարաբերութիւնների խորացման գործում.

«Նման փառատօնների անցկացումը կարող է նպաստել մշակութային յարաբերութիւնների ամրապնդմանը եւ Իրանի եւ Հայաստանի երկու բարի ազգերի միջեւ աւելի շատ բարեկամութեան ստեղծմանը։ Մշակոյթն ու քաղաքակրթութիւնը նպաստում եւ նախապատրաստում են երկու ազգերին, ինչը նպաստում է քաղաքական յարաբերութիւնների աճին, ինչպէս նաեւ տնտեսական յարաբերութիւններին։ Իւրաքանչիւր երկիր, որտեղ զարգանում են մշակութային եւ գեղարւեստական յարաբերութիւնները երկու երկրների միջեւ, բնականաբար, կը զարգացնի նաեւ իր տնտեսական եւ քաղաքական յարաբերութիւնները»։

Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը համոզւած է, որ փառատօնն արդէն դարձել է երկկողմ ջերմ յարաբերութիւնների խորհրդանիշ․

«Այս փառատօնի՝ արդէն չորս տարի անցկացումը ցոյց է տալիս մեր երկու երկրների ջերմ ու խաղաղ յարաբերութիւնները։ Ամէն տարի էլ աւելի ճոխ ու մարդաշատ է անցնում միջոցառումը, եւ դա պատահական չէ, այլ գալիս է մեր հազարամեակների պատմութիւնից։ Այն ժամանակ ո՛չ Արմուտքը գոյութիւն ունէր, ո՛չ Արեւմտեան երկրները»։

Փառատօնի առանցքային միջոցառումներից է խոհարարական մրցոյթը, որը ներառում է երեք անւանակարգ՝ «Լաւագոյն համ», «Լաւագոյն ուտեստ» եւ «Լաւագոյն մտայղացում»։ Մրցոյթին մասնակցում են տաղաւարների ներկայացուցիչները, որոնք ազատ են պատրաստել ինչպէս ազգային, այնպէս էլ հեղինակային ուտեստներ։

«Հայ խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլեանը մասնաւորապէս ընդգծել է խոհարարների միջեւ փորձի փոխանակման նշանակութիւնը․

«Սա եւս մէկ անգամ հնարաւորութիւն է տալիս մեր եւ իրանցի խոհարարներին շփւելու, փոխանակւելու մտքերով, նաեւ ինչ-որ մի կերպ յարաբերւելու համար, որովհետեւ դա շատ կարեւոր է․ խոհարարական աշխարհում շփումները մեծ դեր ունեն։ Եւ մեր հիմնական նպատակներից է նաեւ խոհարարութեան զարգացումը այս միջոցառման միջոցով»։

Կազմակերպիչների խօսքով, առաջիկայում նախատեսւում է «Նաւասարդ» փառատօնը դարձնել երկօրեայ, ինչը հնարաւորութիւն կը տայ հարստացնել միջոցառման ծրագիրը եւ ապահովել աւելի լայն մասնակիցների ու այցելուների ներգրաււածութիւն։

Related Articles

Back to top button