ԻրանՀայաստան - ԱրցախՄշակութային

Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նւագախումբն իր 100-ամեակը նշեց 2500-ամեայ Պերսեպոլիսում

Երկու ժողովուրդների բարեկամութեան մեղեդին՝ քաղաքակրթութեան մայրաքաղաք Պարսէում

«ԱԼԻՔ» –  Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ բարեկամութեան մեղեդայնութիւնը շաբաթ՝ սեպտ. 6-ի երեկոյեան Պերսեպոլիսում լսելի դարձաւ Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նւագախմբի միջոցով, որտեղ հայերը «Էյ Իրան»-ը երգեցին, իսկ իրանցի հանդիսատեսը մի քանի րոպէ՝ երկար ու կրքոտ ծափահարել է, երբ «ֆիլարմոնիկը» հայկական ստեղծագործութիւններից մէկն է ներկայացրել։ Այս մասին իր յուզիչ թղթակցութեան մէջ նշել է ԻՌՆԱ-ի լրագրողը:

Նոյն՝ «Ազգերի դարպաս»-ով, որով 2500 տարի առաջ տարբեր մշակոյթներ ունեցող 23 ազգութիւններ համերաշխութեան խորհրդանիշեր էին նւիրաբերում, սեպտեմբերի 6-ին անցաւ Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նւագախումբը, իր հիմնադրման 100-ամեակի տօնակատարութիւնն իրանցիների հետ կիսելու: Նւէր, որն Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Գրիգոր Յակոբեանի մեկնաբանութեամբ՝ «Այլ որակի գործ էր»:

Գրիգոր Յակոբեանը նոյն առիթով իր ելոյթում նշել է. «Երբ նայենք Պերսեպոլիսի անկրկնելի ցայտաքանդականերով ներկայացւած պատումներին, կը տեսնենք նաեւ Հայաստանը ներկայացնող պատւիրակութեան դրւագը: Պատկերում Հայաստանի պաշտօնեաները կանգնած են առաջին շարքերում եւ արժանապատւօրէն իրենց ընծաներն են մատուցում Իրանի արքային»:

Նա նշելով, որ այսօր նոյն վայրում եւ նոյն ոգով ու նոյն յարգանքի զգացողութեամբ, երկու ժողովուրդները կողք կողքի են հաւաքւել, յաւելել է. «Սակայն, մեր այսօրւայ ընծան այլ է լինելու։ Մեր նւէրը մեր պատմութեան անձնագրի վկայ՝ ստեղծագործականութիւնն ու ստեղծագործողի յաւերժական գոյութիւնն է»:

Ընթացքում Հայաստանի ազգային  ֆիլարմոնիկ նւագախմբի 110 երաժիշտներ Էդւարդ Թոփչեանի ղեկավարութեամբ իրենց գեղարւեստական ​​նւէրը բացեցին Իրանի ժողովրդի առաջ, Իրանի ազգային օրհներգի կատարմամբ, որին Պերսեպոլիսի կոթողների շեմին հաւաքւած շուրջ 1500 հանդիսատես հետւում էր ոտնկայս:

Միջոցառումը շարունակւել է Ֆարսի նահանգապետի, երկու երկրների Կրթութեան եւ Գիտութեան նախարարների մի քանի կարճ ելոյթներով։

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ 60 անդամից կազմւած «Փարսէ Շիրազ» խորալը՝ Թէյէբ Ֆաղիհի գլխաւորութեամբ ընկերակցել է Հայաստանի ազգաին ֆիլարմոնիկ նւագախմբին կատարումների ժամանակ։

Եւրոպական, ասիական եւ աֆրիկեան 23 երկրների դեսպանների ու դեսպանատների ներկայացուցիչների, ինչպէս նաեւ ԻՒՆԵՍԿՕ-ի երկու ներկայացուցիչների ներկայութեամբ տեղի ունեցած  երաժշտական իրադարձութեանը յատուկ հրաւէրով ներկայ են եղել նաեւ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Արա Շահվերդեանը եւ նոյն խմբի անդամ, պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը: 

ԻՌՆԱ-ն նշել է նաեւ, որ Իրանի Իսլ. Հանարապետութեան օրհներգով բացւած նւէրը փակւել է «Էյ Իրան» էպիկական երգով:

Related Articles

Back to top button