Հայաստան - ԱրցախՄշակութային

«Արցախեան սիրոյ հեքիաթը», կամ՝ «Արա, պա ստի պեն կինի՞»

Ստեփանակերտի թատրոնը 2 տարի անց վերակազմաւորւում է

Երկու տարւայ դադարից յետոյ Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անվան թատրոնի դերասանները Երեւանում կրկին բեմ են բարձրացել։ 2023 թւականին Արցախի բռնի տեղահանւելուց յետոյ թատրոնի անձնակազմը կարողացաւ Երեւանում 1-2 անգամ ներկայացումով հանդէս գալ, որից յետոյ ստեղծագործելը նրանց համար դարձաւ անհնարին, քանի որ չունեին հիմնական տարածք։

Նոյեմբերի 12-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցաւ ռեժիսոր Ռուզան Խաչատրեանի «Արցախեան սիրոյ հեքիաթը», կամ՝ «Արա, պա ստի պեն կինի՞» ներկայացման առաջնախաղը՝ հիմնւած Ալեքսանդր Մանասեանի ստեղծագործութիւնների վրայ։

Ներկայացումը եւս մէկ առիթ էր, որպէսզի արցախահայերից շատերը մէկ վայրում հաւաքւեն, լսեն արցախեան մաքուր բարբառը։

Ներկայացման գործողութիւնները տեղի են ունենում Արցախի փոքր շէնում, որտեղ մարդիկ անկեղծ ու պարզ են, սէրն էլ այնքան անկեղծ է, որ նոյնիսկ առանց բառերի են երիտասարդներն իրար հասկանում։ Ամբողջ ներկայացումը համեմւած էր Ալեքսանդր Մանասեանի գեղեցիկ սիրոյ բանաստեղծութիւններով, թերեւս հէնց այդ բանաստեղծութիւններով էլ երիտասարդներն իրար սէր էին խոստովանում։ Բեմում արցախեան շէնի առօրեան էր, նրա վարքն ու բարքը։

Հայաստանի թատերական գործիչների միութեան նախագահ Յակոբ Ղազանչեանը մինչեւ ներկայացման մեկնարկը բեմից յայտարարեց՝ պէտք է ամէն ինչ արւի, որպէսզի Վահրամ Փափազեանի անւան թատրոնը շարունակի իր ուղին։

«Ներկայացման փորձերը 3 ամիս շարունակ արւել են Հայաստանի թատերական գործիչների միութեան դահլիճում։ Ամէն օր տեսնում էի երիտասարդների դէմքերը, նրանց վերականգնւող ռոմանտիզմը, ցանկութիւնը՝ իրենց հարազատ պատմութիւնն ինչ-որ ձեւով շարունակելու։ Հրաշալի դերասաններ, երիտասարդներ, եւ ահա այսօր նրանք ներկայացնելու են իրենց աշխատանքը»,- նշեց Յակոբ Ղազանչեանը եւ շնորհակալութիւն յայտնեց «Դիալոգ» ընկերութեանը՝ ի դէմս ընկերութեան նախագահ Իւրի Նաւոյեանի։ Առանց նրա ներկայացումը բեմ բարձրացնել հնարաւոր չէր լինի։

Յակոբ Ղազանչեանը նաեւ ասաց, որ Իւրի Նաւոյեանի աջակցութեամբ «Գալիա Նովենց» դպրոցում բացւել է կուրս՝ յատուկ արցախցի երիտասարդների համար։

Ներկայացումից յետոյ լրագրողների հետ զրոյցում Ռուզան Խաչատրեանն ասաց՝ իրականում իր ուսերին դրւած «բեռը» հաճելի «բեռ» էր ու շատ սպասւած։

«Հաւատն այստեղ շատ կարեւոր էր, յատկապէս, երբ կային մարդիկ, որոնք մեր կողքին կանգնեցին։ Հարցն այստեղ այդքան նիւթականը չէ, այլ այն, որ մարդիկ հաւատում են, քո կողքին են, մենակ չես, եւ նրանք քեզ պէս հաւասար շահագրգռւած են, որ կեանքի կոչւի նախագիծը։

Ցաւօք, թատրոնից «պետական» բառը դուրս է եկել, բայց այն գոյութիւն ունի։ Փոքր թիմով ենք, բայց կարծում եմ՝ կը համալրւենք, կարճ ժամանակ անց կունենանք խաղացանկ եւ հայաստանեան թատրոնների կողքին մեր ասելիքը կասենք ու լիարժէք կը ներգրաււենք թատերական գործընթացների մէջ»,- նշեց Ռուզան Խաչատրեանը։

Ռեժիսորը նաեւ շեշտեց՝ կոնկրետ այս ներկայացման թիրախը եղել է արցախցի հանդիսատեսը, այդ պատճառով էլ մտավախութիւն չի ունեցել, որ Արցախի բարբառը չի հասկացւի։

«Ես միշտ ասում եմ՝ այս ներկայացումը դերասանների, ինձ ու հանդիսատեսի համար թերապիայի նման մի բան էր, այս անկեղծ ներկայացման միջոցով կարեւոր էր, որ մենք մեր մեկնարկը տանք, նաեւ կարեւոր էր, որ մարդկանց մի փոքր ծիծաղ պարգեւենք, տեղափոխենք Արցախ, յիշեն երջանիկ օրերը, քանի որ վերջին տարիներին տխրութիւնն ու կարօտն է գերակշռում։ Իմ նպատակն այն է եղել, որ այս ներկայացումը դառնայ փոքր առիթ, որպէսզի արցախցիները գան ուղղակի ծիծաղեն եւ տեղափոխւեն Արցախ՝ ոչ թէ ցաւի թեւերով, այլ՝ ուրախութեան ու երջանկութեան»,- յաւելեց Ռուզան Խաչատրեանը։

Ռեժիսորը նաեւ փոխանցեց, որ Ստեփանակերտի թատրոնից կան դերասաններ, որոնք դեռեւս չեն ընդգրկւել, առաջիկայում կը համալրւեն։

Նշենք, որ այս տարի «Արտաւազդ-2025» թատերական մրցանակաբաշխութեանը Ռուզան Խաչատրեանն արժանացել է «Լաւագոյն երիտասարդ բեմադրիչ» մրցանակին՝ «Արեւի մարդիկ» ներկայացման համար, որը կրկին Արցախի ու արցախցու մասին էր։

ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆ

168.am

Related Articles

Back to top button