Իրանցի լուսանկարիչների հանդիպումը Ալֆրէդ Եաղուբզադէի հետ
Ֆոտօլրագրութիւնը կանգնած է գոյաբանական լուրջ վտանգի առաջ

ՀԱՏԻՍ – Ալֆրէդ Եաղուբզադէն այն հազւագիւտ լուսանկարիչներից է, ում գործը դուրս է գալիս զուտ լրագրութեան կամ փաստագրութեան սահմաններից եւ վերածւում՝ մշակութային յիշողութեան պահպանման ակտի։ Նրա խցիկը ոչ միայն արձանագրում է պատմական իրադարձութիւնները, այլեւ հետազօտում է մարդու, համայնքի եւ ինքնութեան փոխյարաբերութիւնը՝ պատերազմի, տեղահանութեան, բռնութեան ու դիմադրութեան պայմաններում։
Եաղուբզադէի լուսանկարներում պատկերը մշակութային փաստաթուղթ է, իսկ պահը՝ ժամանակի հետ երկխօսութեան միջոց։ Տարածութիւնից տարածութիւն՝ Պաղեստինից մինչեւ Աֆղանստան, Մերձաւոր Արեւելքի քրիստոնէական եւ հայկական համայնքներից՝ աշխարհի ճգնաժամային կէտեր, նրա աշխատանքները ձեւաւորում են տեսողական տարեգրութիւն, որը ոչ միայն ցոյց է տալիս տեսանելին, այլ պահպանում է վերացման վտանգի տակ գտնւող մշակութային շերտերն ու մարդկային ապրումները։
Վերջերս, երկար տարիների բացակայութիւնից յետոյ, Ալֆրէդ Եաղուբզադէն այցելել էր Իրան՝ որպէս «Ֆաջր» միջազգային փառատօնի Կինոյի բաժնի ժուրիի կազմի անդամ։ Այցը միաժամանակ առիթ հանդիսացաւ իրանցի լուսանկարիչների հետ հանդիպման համար։ Իրանի Երիտասարդ կինեմատօգրաֆների միութեան նախաձեռնութեամբ եւ Իրանի Կինոյի թանգարանի հիւրընկալութեամբ կազմակերպւեց փորձի փոխանցման աշխատարան՝ անւանի լուսանկարչի մասնակցութեամբ։
Պատերազմի լուսանկարչութեան թեմայով մասնագիտական հանդիպումն ու փորձի փոխանցման աշխատարանը, որը վարում էր բազմամեայ փորձ ունեցող, միջազգային մրցանակների դափնեկիր լուսանկարիչ Ալֆրէդ Եաղուբզադէն, տեղի է ունեցել շաբաթ՝ դեկտեմբերի 13-ին, անցկացւեց Մեհդի Աշնայի հիւրընկալութեամբ։
Ալֆրէդ Եաղուբզադէ.
«Տարբերակումը, զգօնութիւնն ու գիտակցութիւնը՝ պատերազմի, արտակարգ իրավիճակների, եւ սոցիալական վաւերագրական լուսանկարչութեան հիմնական գործիքներն են»:
Նիստի սկզբում ցուցադրւեց Ալֆրէդ Եաղուբզադէի անձնական պորտֆոլիոն՝ ուղեկցւած նրա բանաւոր մեկնաբանութիւններով։ Նիստի այս բաժինն անցաւ հարցուպատասխանի ձեւաչափով:
Իր ելոյթի սկզբում նա գոհունակութիւն յայտնեց, որ մի քանի տարւայ ընդմիջումից յետոյ կրկին Իրանում է՝ լուսանկարչութեամբ հետաքրքրւող մարդկանց կողքին։
Հանդիպման երկրորդ բաժնում ցուցադրւեցին Ալֆրէդ Եաղուբզադէի լուսանկարները՝ Իրանի եւ Իրաքի պատերազմի տարիներից։ Մեկնաբանելով այդ աշխատանքները՝ նա կարեւորեց. «Իրան-Իրաք պատերազմը լուսանկարելը տեւել է շուրջ երկուս ու կէս տարի, որտեղ մշտապէս կանգնած էինք թոյլտւութիւնների խնդրի առաջ։ Մոհանդէս Բազարգանի վարչակարգի ժամանակ դիմեցի «Միզան» օրաթերթին եւ առաջարկեցի անվճար լուսանկարների դիմաց ստանալ լրագրութեան քարտ։ Շահիդ Չամրանի միջոցով միացայ անկանոն մարտական գործողութիւնների ջոկատին, որոնք, համոզւած էի, որ լուսանկարչական առումով աւելի յատուկ պիտի լինէին։ Հետագայում ճանապարհ բացւեց նաեւ բանակից եւ Սեփահից լուսանկարելու համար։ Ժամանակի մեծ մասը գտնւում էի դիրքերում: Այդ ժամանակ համագործակցում էի «Ասոշիէյթեդ պրես» եւ «Գամմա» գործակալութիւնների հետ։ Երկուս ու կէս տարի տեղափոխւեցի արտերկիր: Ու բնական է, եթէ լուսանկարներս քանակապէս զիջելու լինեն միւսներին, ովքեր ամբողջ ութը տարին, շարունակ եղել են պատերազմական պայմաններում ու նկարել անցուդարձերը»։

Պատասխանելով իր անձնական կեանքի վրայ պատերազմի լուսանկարչութեան ազդեցութեան վերաբերեալ հարցին՝ Եաղուբզադէն նշեց. «Իմ ընտանիքը յեղափոխութիւնից յետոյ արտագաղթեց, ես եւ հայրս մնացինք Իրանում։ Զօրակոչւեցի բանակ, բայց մէկ ամիս անց ազատւեցի ծառայութիւնից։ Այն ժամանակ երիտասարդ էի եւ մեծ ցանկութիւն ունէի լուսանկարել պատերազմի իրադարձութիւնները»։
Նա անդրադարձաւ նաեւ պատերազմի լուսանկարչութեան տարբերութեանը լուսանկարչութեան այլ ճիւղերի հետ հարցին, եւ նշեց. «Պատերազմում կարելի է զբաղւել սոցիալ-վաւերագրական, գեղարւեստական կամ զուտ լրատւկան լուսանկարչութեամբ։ Ես, քանի որ աշխատում էի լրատւական գործակալութիւնների հետ, պարտաւոր էի լրագրային լուսանկար անել։ Յեղափոխութիւնից յետոյ լուսանկարիչները թւով այսքան շատ չէին: Եղածների մեծ մասը զբաղւում էր լրագրային լուսանկարչութեամբ, ինչպէս Քաւէ Գոլեսթանն ու Մոհամմադ Ֆարնուդը։ Ու քանի որ ես տեղական մամուլի լուսանկարիչներից չէի, հակառակ իմ միւս գործընկերների մշտապէս խնդիր ունէի թոյլտւութիւնների հարցում»։
Փորձառու լուսանկարիչը խօսեց նաեւ պատերազմի ֆոտօլրագրային կադրաւորման եւ գեղարւեստական կողմի մասին. «Թէեւ լուսանկարները յաճախ պիտի անել պահի տակ՝ կայծակնային պայմաններում, այնուամենայնիւ կադրաւորումը մնում էր առաջին տեղում: Պատերազմական պայմաններում ամենից առաջ անհրաժեշտ է մտածել սեփական կեանքի մասին: Մահացած լուսանկարիչը լաւ լուսանկարիչ չէ։ Կադրը պէտք է այնպէս կառուցւի, որ թեման, ժանրը եւ իրավիճակը միաժամանակ պարզ լինեն, իսկ յուզական ու մարդկային առումով լուսանկարը ընթեռնելի լինի եւ կարողանայ փոխանցել ամէն ինչ։ Չմոռանանաք, որ այդ տարիներին լուսանկարն իրականութիւնը ցուցադրելու ամենակարեւոր գործիքն էր»։
Եաղուբզադէն, անդրադառնալով շուրջ կէս դար տեւած իր մասնագիտական գործունէութեանը, նշեց. «45 տարի է լուսանկարում եմ եւ շատ պահեր են եղել, երբ զղջացել եմ, որ չեմ եղել շատ այլ վայրերում ու այնտեղ տեղի ունեցած իրադարձութեան լուսանկարը չեմ արել։ Բայց չի կարելի միտքն զբաղեցնել նման մտքերով: Պատերազմի լուսանկարչութեան ասպարէզում՝ դէպքի վայրում լինելն ու ժամանակին ներկայութեան փաստը կարեւոր յատկանիշ է, սակայն ոչ պակաս կարեւոր է իրավիճակի ճիշտ գնահատումը։ Եղել են դէպքեր, որ բախտը բաւարար գործօն չի եղել՝ ճիշտ ժամանակին ճիշտ վայրում յայտնւելու առումով: Լուսանկարիչը պէտք է լինի պրոֆեսիոնալ ու իմանայ, թէ պահի տակ ինչ է պէտք անել։ Եղել են դէպքեր, երբ Ֆրանսիայի բողոքի ակցիաների ժամանակ ծեծից բաժին է հանւել նաեւ ինձ, բայց միաժամանակ հասցրել եմ լուսանկարել նոյն այդ դրւագը։ Ընդհանրապէս, պէտք է չկորցնել պատմութեան թելը եւ լինել սթափ»։
Նա պատասխանելով կինոյի վերաբերեալ լուսանկարչութեան մասին հարցին, նշեց. «Լուսանկարչութեան տարբեր ժանրեր կան՝ կինեմատոգրաֆիկ, բնապատկերային, երեւակայական եւ այլն։ Ես երբեք կինոյում լուսանկարելու փորձ չեմ ունեցել։ Ինձ համար սահմաններ չէի դնում եւ լուսանկարում էի այնտեղ, որտեղ կարող էի։ Ռմբակոծութիւնների ժամանակ փորձում էի զգուշաւոր լինել, բայց ոչինչ ինձ չկանգնեցրեց այն լուսանկարելուց, նկարել եմ ինչ ուզել եմ: Պատերազմի, յեղափոխութեան եւ ապստամբութեան ժամանակ նկարել եմ, նկարել եմ նաեւ խիստ անձնական տարածք համարւող վայրերում՝ առանց անձնական տարածքը խախտող պատկերների. Պարզապէս առաջ ես գնում երբ գիտես ինչ է պէտք անել»։
Պատասխանելով ճգնաժամային իրավիճակներում վիրաւորներին օգնելու, թէ՞ լուսանկարելու առաջնահերթութեան մասին հարցին՝ Եաղուբզադէն ասաց. «Շատերը հարցնում են՝ եղել է արդեօք պահ, երբ կարող էի օգնել, բայց դրա փոխարէն լուսանկարել եմ։ Իմ պատասխանը սա է. ես մարդ եմ։ Եթէ մէկը վիրաւոր է եւ միայն ես եմ այնտեղ, անպայման օգնելու եմ: Բայց եթէ, օրինակ, տասը մարդ կայ շուրջդ, ես կը կատարեմ իմ պարտականութիւնը։ Լուսանկարիչը կամ լրագրողը շտապօգնութեան միաւոր չէ։ Իմ գործն է պահը գրանցելը, իսկ ուրիշները թող օգնեն, երբ ներկայ են։ Ամէն մէկն իր պարտականութիւնն ունի։ Պատերազմի լուսանկարչութեան կանոնները մարդկային կանոններից առանձին չեն, բայց պահի գրանցումը առաքելութեան առանցքում է»։
Նա նշեց նաեւ իր հրատարակչական գործունէութեան մասին. «Իրանում պատերազմի լուսանկարչութեան մասին նոր գիրք չունեմ՝ տպագրւածից բացի, բայց պատրաստ տպագրութեան համար ունեմ ՝ Բեռլինի պատի փլուզման լուսանկարներով, որը նախատեսւում է լոյս տեսնի ընկերներիս աջակցութեամբ»։
Եաղուբզադէն անդրադարձաւ նաեւ այդ պատմական իրադարձութեանն իր ներկայութեան պատմութեանը. «Երբ նոյեմբերի 9-ին Բեռլինի պատի դարպասների բացման լուրը յայտնւեց ԶԼՄ-ներում, ամենաառաջին չւերթի համար տոմս վերցրի ու մեկնեցի Բեռլին։ Բեռլինից անմիջապէս յետոյ՝ նոյեմբերի 18-ին արդէն Չեխոսլովակիայում էի։ Նելսոն Մանդելայի ազատման օրերին մեծ ցանկութիւն ունէի լինել Աֆրիկայում, բայց դա հնարաւոր չեղաւ, եւ նախընտրեցի Պաղեստինը ու լուսանկարել ինտիֆադան։ Ֆինանսական խնդիրն էլ է կարեւոր. եթէ պայմանները սուղ են, պէտք է գործուղւել գործակալութեան կամքով ու միջոցներով միայն»։
Նիստի երրորդ բաժնում էկրանից ցուցադրւեց Ալֆրէդ Եաղուբզադէի լուսանկարները Պաղեստինից ու ինտիֆադայի տարիներից։ Նա նկարագրութեան ժամանակ նշեց. «Այս պատկերները վերաբերում են այն շրջանին, երբ Եասեր Արաֆաթը վերադառնում էր աքսորից, ինչն ի վերջոյ բերեց Օսլոյի խաղաղութեան գործընթացին։ «Արեւմտեան ափ»-ն ու Գազան փոխանցւեցին պաղեստինցիներին, «Ազատագրական բանակ»-ը անւանափոխւեց «Պաղեստինի բանակ»-ի, եւ որոշ ժամանակ խաղաղ մթնոլորտ էր։ Երեք տարի ապրեցի Գազայում, ինչը դիւրին շրջան չէր։ Երկրորդ ինտիֆադայի սկսւելուց յետոյ գրեթէ բոլորը զինւած էին։ Շարունակեցի աշխատել մինչեւ Ռամալլահի դէպքերը, այն ժամանակ, երբ Եասեր Արաֆաթի առողջական վիճակը կտրուկ վատացաւ ու տեղափոխւեց Ֆրանսիա եւ այնտեղ մահացաւ: Իսկ նրա մարմինը վերադարձւեց Ռամալլահ։ Այդ պահից յետոյ զգացի, որ այլեւս պատկերելու բան չկայ, ամէն ինչ կրկնութիւն էր թւում»:
Խօսելով Ուկրաինայի պատերազմից լուսանկարելու մասին՝ Եաղուբզադէն ասաց. «Ուկրաինայում լուսանկարում էի ամէն ինչ, բայց որոշ կէտերում այլեւս թոյլ չէին տալիս շարունակել, եւ ես էլ առաջ չէի գնում։ Այս որոշումները բխում են իւրաքանչիւր համակարգի պահանջներից, բայց բոլորս գիտենք, որ ի վերջոյ լուսանկարները շատ են կարեւոր»։
Նա նշեց նաեւ. «Կան վայրեր, ուր կարելի է գնալ, բայց վերջնական որոշումը լուսանկարիչն է ընդունում։ Այսօր պատերազմը տարբեր է՝ հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, մինչդեռ անցեալում կային խրամատներ ու պատսպարաններ։ Եթէ զգում էի, որ կարող են խնդիրներ ծագել, հրաժարւում էի այդ լուսանկարից։ Յետոյ գուցէ ասեն՝ ինչու չարեցիր, բայց ինքս իմ առաջ ունեմ պատասխանը՝ թոյլ չտւեցին»։
Հարցին թէ Իրան-Իրաք պատերազմի ժամանակ հայ լինելը ինչպէս էր անդրադառնում նրա արտօնագրերի վրայ, Եաղուբզադէն պատասխանեց. «Ես հայ էի, բայց դոկտ. Չամրանի եւ գեներալ Ֆալահիի աջակցութեան շնորհիւ կարողանում էի լուծել ծագած խնդիրները: Այդ երկուս ու կէս տարում նրանց օգնութեամբ հանարւոր եղաւ կատարել լուսանկարչի աշխատանքնս»։
Հարցումների բաժնում մի քանի անգամ ընդգծեց լուսանկարիչների դէմ ծագած արգելքներն ու խոչընդոտների հարցը, որի մասին անւանի լուսանկարիչն ընդգծելով իր մասնագիտական ինքնութիւնը՝ նշեց. «Ես պատերազմի, ճգնաժամի եւ սոցիալական վաւերագրական լուսանկարիչ եմ, եւ այնտեղ, որտեղ նման իրադարձութիւններ են լինում, փորձում եմ անպայման ներկայ լինել։ Այլ ոլորտների լուսանկարիչներին գաղափարներ չեմ թելադրում. իւրաքանչիւր ոլորտ ունի իր կանոնները»։
Անդրադառնալով Աֆղանստանի վերջին զարգացումներին՝ Եաղուբզադէն ասաց. «Ես երկու ամիս նախաքան Թալիբանի իշխանութեանը վերադառնալն այնտեղ էի: Գնացել էի, քանի որ համոզւած էի, որ նրանք վերադառնալու են, եւ ենթադրւում էր, որ նրանց հիմնական թիրախներից են լինելու կանայք: Այդ պատճառով լուսանկարեցի կանանց ու տղամարդկանց առօրեան, ուսանողներին, նորաձեւութիւնը, երգիչներին եւ հասարակական կեանքը, որովհետեւ գիտէի, որ Թալիբանի գալուց յետոյ այդ պատկերներից շատերն այլեւս կը վերանան։ Սոցիալական վաւերագրական լուսանկարչի պարտականութիւնն է գրանցել այն, ինչը վերանալու վտանգի տակ է»։
Նա խօսեց նաեւ տեխնոլոգիական առաջադիմութեամբ պայմանաւորւած տեխնիկական եւ մեդիա փոփոխութիւնների մասին. «Անալոգային խցիկների ժամանակ լուսանկարիչների թիւն այսքան շատ չէր, եւ լուսանկարիչը հասարակութեան համար առանձնայատուկ նշանակութիւն ունէր։ Թւային խցիկների մուտքով փոխւեցին պայմանները: Լուսանկարչութիւնը դարձաւ դիւրին, լուսանկարիչների թիւն էլ հետն աճ արձանագրեց: Շատ չանցած բջջային հեռախօսների տարածմամբ բոլորը դարձան քաղաքացի լրագրող։ Սա մի կողմից դրական է, միւս կողմից՝ բացասական, քանի որ շատ լրատւամիջոցներ այլեւս գործուղումներ չեն իրականացնում, իսկ կարճատեւ իրադարձութիւններում գուցէ շահաւէտ լինի ծախսերի առումով, սակայն տուժում է պրոֆեսիոնալ հայեացքը»։
Եաղուբզադէն ընդգծեց նաեւ. «Ժամանակակից պատերազմներում, որտեղ հիմնականում օգտագործւում են հրթիռներ եւ անօդաչու սարքեր, քիչ են զինւորականների տեսարանները: Իսկ պատերազմի լուսանկարիչը հիմնականում նկարելու է աւերակներ, հիւանդանոցներ եւ վիրաւորներ։ Իմ կարծիքով, առաջիկայ տարիներին ֆոտօժուռնալիզմի աստիճանական մահւան ականատեսն ենք լինելու»։
Քաղաքական դիրքորոշումների մասին հարցին պատասխանելով նա նշեց. «Ինձ համար քաղաքականութիւնը առաջնային նշանակութիւն չի ունեցել երբեք։ Միշտ փորձել եմ աշխատել անկախ։ Ես իրականութիւնը ցոյց եմ տալիս ինչպէս հայելի, եւ իմ կուսակցութիւնը իմ խցիկն է։ Երբեք պահը չեմ ստէյջաւորել կամ բեմադկանացրել. այն, ինչ տեսնում էք լուսանկարներում, իրական դէպքից՝ իրական պահեր են դրանք։ Պատերազմը վաւերագրերլիս պահը կրկնել չես կարող, դա այստեղ անկրկնելի է անցած գնացած կեանքի պէս»:
Հանդիպման յաջորդ բաժնում ցուցադրւեցին Ալֆրէդ Եաղուբզադէի լուսանկարները Մերձաւոր Արեւելքի հայ եւ ասորի քրիստոնեայ համայնքներից արւած։ Նա նկարագրութեան բաժնում նշեց. «Մինչ սալաֆիական խմբաւորումների կամ «Էխւանականների» իշխանութեան գալը Եգիպտոսում, որոշել էի լուսանկարել քրիստոնեաներին: Կարելի էր ենթադրութիւններ անել, որ նրանք հալածանքների ու բռնութեան են ենթարկւելու: Նկարեցի մինչեւ նրանք ստիպւած կը լինէին գաղթել Իրաքեան Քուրդիստան։ Որոշեցի քրիստոնէութեան ուղին լուսանկարել սկզբից մինչեւ վերջ՝ Երուսաղէմից մինչեւ Եգիպտոս։ 2014-ին լուսանկարեցի քրիստոնեաների կեանքը Սիրիայում եւ Իրաքում, ապա մեկնեցի Թուրքիա։ Հայոց Ցեղասպանութեան համատեքստում սպանդի ենթարկւեց Օսմանեան կայսրութեան հայ եւ ասորի ժողովուրդը: Թուրքիայում լուսանկարեցի Աբուսոֆիան, որը վաղ շրջանում եղել է յունական եկեղեցի, իսկ Աթաթուրքի օրօք վերածւել թանգարանի, յետոյ մեր օրերին Էրդողանի հրամանով այն վերագործարկւել է որպէս մզկիթ: Շրջելով Թուրքիայում նկարեցի աւերակ դարձած հայկական եկեղեցների հետքերը: Այնուհետեւ նկարեցի Նոր Ջուղան (Իսֆահանը) եւ Լիբանանը։ Նպատակը Նոր Կտակարանով նշմարւած քրիստոնէութիւնը քարոզած առաքեալների հետքերով գնալն ու պատմութեան վաւերագրումն էր: Նախագիծն իրականացւել է ութ երկրում եւ դեռ շարունակւում է»։Նա նաեւ նշեց, որ այս նախագիծը համապատասխան հովանաւոր գտնելու դէպքում նախատեսւում է դառնալ ֆոտօգիրք:
Խօսելով բջջային հեռախօսով լուսանկարելու մասին՝ Եաղուբզադէն ընդգծեց. «Մասնագիտական լուսանկարիչը ձեռքը բջջային չի վերցնի, որովհետեւ նա գիտի, թէ ինչ է խցիկի որակի նկատմամբ յարգանքը: Նոյնիսկ հարցազրոյցի ժամանակ ինձ թոյլ չեմ տայ նման սխալ, բացի այն դէպքերից, երբ անսպասելի բան է տեղի ունենում եւ ֆոտօխցիկը մօտս չէ»։
Խօսքերում նա յիշեցրեց հետազօտութեան կարեւորութեան մասին. «Լուսանկարչութիւնը միայն նկարելը չէ։ Պէտք է կարդալ, թեմա գտնել եւ ունենալ յստակ նախագիծ։ Երբ տեղեկատւութեամբ ու գիտելիքով ես մուտք գործում տարբեր մշակոյթով մի տարածաշրջան, գիտակցաբար ես ընտրում՝ ինչ լուսանկարել կամ ինչն ինչպէս ներկայացնել»։
Անդրադառնալով Իրանում հեղինակային իրաւունքի խնդրին՝ Եաղուբզադէն նշեց. «Ցաւօք, Իրանում հեղինակային իրաւունքին մեծ ուշադրութիւն չի դարձւում։ Այսօր թւային լուսանկարչութիւնը հնարաւորութիւն է տալիս պահպանել լուսանկարչի անունն ու տւեալները լուսանկարների ֆայլերում։ Արտասահմանեան մամուլում սովոր են լուսանկարչին յարգանքով վերաբերւել եւ օգտագործման համար թոյլտւութիւն են ստանում»։
Հանդիպման աւարտին ցուցադրւեցին Ալֆրէդ Եաղուբզադէի լուսանկարները Հնդկաստանից՝ նւիրւած հնդկական հինգ կարեւորագոյն տօներին, աւանդական ծէսերին, սուրբ դասւող կենդանիներին եւ երկրի մշակութային կեանքին։ Պատասխանելով Մեհդի Աշնայի եզրափակիչ հարցին՝ նա նշեց. «Լուսանկարների շարքը ամբողջական պատկերագրութիւն է, որը պէտք է լիարժէք ներկայացնի թեման իր բոլոր կողմերով։ Նման շարք ստեղծելը մէկ օրում չի լինում եւ երբեմն պահանջում է մէկ տարի կամ աւելի աշխատել նոյն վայրում»։
Ալֆրէդ Եաղուբզադէն տարբեր գլուխների ներքոյ պատասխանեց ներկաների հարցերին։
Այստեղ պէտք է կարեւորել այն փաստը, որ տրւած հարցերի մի մասը, բնաւ չէր կարող առնչւել մասնագիտական նիստի ձեւաչափին: Այնուամենայնիւ լուսանկարիչն ամենայն համեսութեամբ պատասխանում էր դրանց միաժամանակ յիշեցնելով այն ժանրի իւրայատկութիւնների մասին, ինչում ինքն է աշխատել:



