«Ալւանդից Արարատ»
Ժամանակակից արւեստի մշակութային երկխօսութիւն Երեւանում

Սեպտեմբերի 19-20-ին Երեւանում կը կայանայ միջազգային կերպարւեստի ցուցահանդէս՝ «Ալւանդից Արարատ» խորագրով, որի առանցքում ժամանակակից արւեստի միջոցով հայ-իրանական մշակութային երկխօսութեան եւ ստեղծագործական փոխանակման գաղափարն է։
Ցուցահանդէսը կը ներկայացւի Հայաստանի նկարիչների միութեան հիւրընկալութեամբ՝ Երեւանի Աբովեան 16 հասցէում։ Այն կազմակերպում են «Վազին Նաղշ Մինա» մշակութային-արւեստի ինստիտուտը եւ «Լումինարտ» արւեստի խումբը՝ ցուցահանդէսի մենեջեր Մինա Ալիփուրի համակարգմամբ։
Ալիփուրը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշել է, որ «Ալւանդից Արարատ» խորագիրը խորհրդանշում է Իրանի եւ Հայաստանի միջեւ ձեւաւորւած մշակութային ու ստեղծագործական կապերի աշխարհագրական եւ գաղափարական տարածքը։ Նախաձեռնութեան նպատակն է նաեւ միջազգային հարթակում համախմբել իրանցի ժամանակակից արւեստագէտների ներկայութիւնը եւ նրանց ստեղծագործութիւնները ներկայացնել հայկական մշակութային միջավայրում։
Ցուցադրութեան է հանւելու աւելի քան 100 իրանցի նկարչի աշխատանքներից նմուշներ։
Ցուցահանդէսը միաժամանակ դիտարկւում է որպէս մշակութային երկխօսութեան հարթակ, որտեղ ժամանակակից կերպարւեստը կարող է նպաստել տարբեր հասարակութիւնների միջեւ փոխըմբռնման, գաղափարների փոխանակման եւ ստեղծագործական համագործակցութեան խորացմանը։
Միջոցառումը կը կայանայ սեպտեմբերի 19-20-ին՝ Հայաստանի նկարիչների միութեան ցուցասրահում։



