Խմբագրական

Ապագան ընտրելու հրամայականը

(Արցախեան շարժման 36-ամեակի առիթով)

36 տարի առաջ այս օրը, 1988 թւականի փետրւարի 20-ին սկսւեց Արցախեան շարժումը: Այդ օրը Երեւանում տեղի ունեցան առաջին ցոյցերը, իսկ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամաւորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդներին պահանջով՝ «խորապէս ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան ձգտումները եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը»:

Սա յանուն Արցախի համազգային, փառապանծ պայքարի սկիզբն էր, որի յաղթական երթը կասեցնել չկարողացան ո՛չ խորհրդային կարգերի ռեպրեսիաները, ո՛չ ադրբեջանական իշխանութիւնների բռնութիւններն ու զանգւածային ջարդերը, ո՛չ արցախահայութեան պարտադրւած պատերազմը:

Այդ օրերն ազգային ոգու վերելքի, համազգային զարթօնքի եւ համախմբման պատմական օրեր էին: Երբ բառի ամենաբուն իմաստով ազգ էինք ու գիտակցում էինք, թէ ինչ նշանակութիւն ունի Արցախն հորիզոնում ուրւագծւող մեր ապագայի համար, թէ որքան բարդ ու դժւար է լինելու վերակազմաւորւող հայկական պետականութեան երկունքը, թէ յանուն արժանապատիւ, ազատ եւ անկախ Հայրենիքի եւ ապագայի ինչ անանցանելի թւացող ճանապարհ է անհրաժեշտ կտրել, թէ դրա համար մեզ տիտանական պայքար ու մաքառում է անհրաժեշտ, արիւն-արտասուքը կուլ տալ եւ առաջ շարժւել է պէտք… եւ մենք արժանապատւօրէն անցանք այդ բոլորի միջով՝ կռելով ու կոփելով մեր յաղթանակը, պատմական յաղթանակը, վաղւայ օրւայ հիմնաքարն ու յենասիւնը:

Իսկ այսօ՞ր: Դարձել ենք մէջքը կոտրւած, վախեցած, շփոթւած ու շշմած մի ժողովուրդ, որն ընկել է ինքնակործանման որոգայթը. անհեթեթութեան հնարաւոր բոլոր սահմաններն անցած ցնցուղի ու կախիչի գաւառական մակարդակի ներկայացումներ, կորստի ու վշտի, չամոքւած՝ արնահոսող վէրքի ու շարունակւող սգի ֆոնին Սոդոմ ու Գոմոր յիշեցնող, ցոփ ու շւայտ իշխանական քէֆ-թամաշաներ, կեղծ, բայց միեւնոյն ժամանակ չափազանց վտանգաւոր օրակարգերի մի ամբողջ փունջ. «ապագայ կա՛յ», «խաղաղութեան դարաշրջան», «խաղաղութեան խաչմերուկ», «չորրորդ Հանրապետութիւն», «նոր Սահմանադրութիւն», «ոչ թէ հայոց պատմութիւն, այլ՝ Հայաստանի պատմութիւն», «հայրենիքը պետութիւն չէ, պետութիւնն է հայրենիք»…եւ այսպէս՝ մինչեւ…

Այն, ինչ տւեց մեզ 88-ի շարժումն ու Արցախեան ազատամարտը փորձում են ջնջել մեր ժողովրդի պատմական յիշողութիւնից, մեռցնել նրա գիտակցութիւնում՝ այն փոխարինելով «լաւ ապրելու» բնազդային մղումով:

Այո՛, սա է մեր այսօրւայ գորշ իրականութիւնը, որից, փորձում է փախչել մոլորւած, ինքնախաբէութեանը տրւած, «ես քաղաքականութեամբ չեմ զբաղւում»-ական դարձած մեր ժողովրդի ստւար մի մասը, որի աչքերը բացել, թմբիրից հանել է պէտք: Որին մեր ճշմարտութիւնն ասել ու ՊԱՐՏԱԴՐԵԼ պարտաւոր ենք, ինչքան էլ, որ դա ցաւոտ թւայ: Վերջիվերջոյ չկայ հիւանդութիւն, որի բուժումը ցաւոտ չլինի:

Մենք պարտաւոր ենք նրանց ասել՝ ՆԱՅԷ՛Ք ՁԵՐ ՇՈՒՐՋԸ… այն ինչ տեսնում ենք, այն ինչ տեղի է ունենում մեր հաւաքական կեանքում, չի կարող յուսադրել եւ ոչ մէկին, թոյլ չի տալիս չբարձրաձայնելու՝ այս ինչ ենք անում, այս ուր ենք գնում, ինչ է կատարւում մեզ հետ: Ամէն անցնող օրւայ հետ, մարում է յոյսի մի շող, ապագայի տեսլականի նկատմամբ hաւատի մի կայծ:

Մենք պարտաւոր ենք սթափեցնել նրանց, ովքեր կուլ են տւել ի գին թշնամուն յանձնւելով, նրա բոլոր ցանկութիւնները կատարելով «խաղաղ ապրելու» ՀՀ գործող իշխանութիւնների կողմից հրամցւած խայծը, եւ խուսափում են տեսնել իրականութիւնը, չեն ուզում տեսնել իրենց իսկ սպասւող վտանգը եւ ամէն օր աւելի են հեռանում ազգային նպատակներից՝ համակերպւելով «հպարտ», բայց էութիւնից զուրկ, աննկարագիր քաղաքացու կերպարի հետ:

Մենք պարտաւոր ենք նրանց ասել՝ յե՛տ նայիր քո անցած վեց տարիների պատմութեանը, տե՛ս քո բզկտւած Հայրենիքը եւ ոտնատակ տրւած ազգային ու մարդկային արժանապատւութիւնը, իսկ յետոյ ուրւագծիր ապագան եւ վճռիր, թէ ինչ է պէտք անել:

Ապագայ չի կարող լինել առանց պայքարի: Յարատեւ կռիւը, որ մենք պարտաւոր ենք մղել մեր Հայրենիքի, մեր ազգի համար չի կարող դադար առնել:

Հայրենիքի պաշտպանութիւնը, մշտական պայքար է ենթադրում, եւ հէնց սա է, որ պէտք է դառնայ հայ մարդու գիտակցութեան սեփականութիւնը, անժամանցելի օրակարգը:

Արդ, 88-ի ոգին է պէտք վերականգնել, պայքարի կամքն է պէտք վերադարձնել:

Related Articles

Back to top button