ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ՀԱՅԿԵԱՆ ՈՒԽՏԻՆ ԵՒ ԴԱՒԹԻ ՈԳՈՒՆ ԱՊԱՒԻՆԵԼՈՒ ՊԱՀԸ

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Հին հայերի մօտ տարւայ առաջին ամիսը օգոստոսն էր եւ կոչւում էր Նաւասարդ։ Նաւասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկէ աշնան» նախադուռը։ Նաւասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի աննման բարիքները:

Նաւասարդեան օրերը հին հայերը տօնում էին առանձին շուքով, որը համարւում էր ամենահանդիսաւոր ու ուրախալի տօնը։ Նոր տարին սկսւում էր Նաւասարդի մէկից եւ տեւում էր մէկ շաբաթ։

Հին հայերի մօտ ջրի եւ գետի նկատմամբ եղել է պաշտամունք։ Առաւել նւիրական գետ է համարւել Արածանին։ Նրա նկատմամբ եղած պաշտամունքը արտայայտւում էր նաեւ այն բանով, որ նրա ափին էին գտնւում հայոց նշանաւոր դիցաւանները՝ Բագաւանն ու Աշտիշատը։ Այդ պատճառով էլ տօնը նշւում էր նախ Բագաւանում եւ ապա Աշտիշատում։ Այդ տեղերում տարեմուտին, Նաւասարդ ամսի սկզբին մեծ խրախճանքներ ու տօնախմբութիւններ էին լինում։

Նաւասարդի տօնը նաեւ մեծապէս կապւած է հայ ժողովրդի անւանադիր նախնու՝ Հայկ Նահապետի եւ Բէլի դէմ տարած նրա յաղթանակի առասպելի հետ, որի հիմքում ընկած է լոյսի պայքարն ընդդէմ խաւարի:

Բէլը պատգամաբեր է ուղարկում Հայկին՝ հնազանդւելու առաջարկով: Հայկը մերժում է այն, որից յետոյ բռնապետ Բէլը արշաւում է Հայկի երկիր՝ բռնի ուժով նրան ու նրա գերդաստանը հնազանդեցնելու: Հայկն իր զաւակներով ու զօրականներով ելնում է ոսոխի դէմ՝ պաշտպանելու իր երկիրն ու ազատութիւնը: Նա լայնալիճ աղէղով նետահարում եւ սպանում է Բէլին՝ պարտութեան մատնելով նրան: Հայկի հրամանով, Բէլի անկենդան մարմինը զմրսում եւ թաղում են մի բարձարադիր տեղում՝ ի տես նրա կանանց ու զաւակների:

Հայկի եւ Բէլի առասպելը կառուցւել է հայրենիքի տարածքը եւ սեփական ազատութիւնը ցանկացած գնով պաշտպանելու, պայքարից ու մահից չվախենալու եւ յաղթելու սրբազան տրամաբանութեան շուրջ: Այն կարմիր թելի պէս անցել է մեր բոլոր առասպելներով՝ Տորք անգեղով, Արա գեղեցիկով ու Շամիրամով եւ կատարելութեան է հասել հայոց Էպոսում՝ Սասնայ ծռերում:

Հայոց առասպելների եւ էպոսի հիմքում ընկած ուղերձն առաւել քան երբեւէ արդիական ու անհրաժեշտ է մեզ՝ համազգային տեղատւութեան եւ խարխափումների մեր գորշ օրերում, երբ ցանկացած գնով փորձում են խեղել հայ ազգի գենետիկ կոդում ի պահ դրւած արժէքները, մէկ անգամ ընդմիշտ ջնջել նրա պատմական յիշողութիւնը, Թորգոմայ տան տէրերի ժառանգներին դարձնել հայրենիքը ուրացող, թշնամու դէմ մշտապէս ծնկած ու նրանից ողորմութիւն մուրացող երեւոյթների:

Մեր իրականութեան գահավէժ ընթացքը կասեցնելու համար, մենք առաւել քան երբեւէ ստիպւած ենք ապաւինելու մեր աստւածակերպ նախահայրերից մեզ ժառանգութիւն հասած անբեկանելի ուղերձին, այն է՝ փշրել է պէտք ոսոխի գանգն ու ողնաշարը, եթէ ցանկանում ես Սրբազան հայրենիքի, սեփական ճակատագրի, ազատութեան եւ արժանապատւութեան տէրն ու տնօրինողը լինես:

Այսօր Նաւասարդ է: Հայոց 4517 թւականը թակում է մեր դուռը եւ յուշում, որ թարմացնել է պէտք Հայկեան ուխտը, վերականգնել է պէտք Տորքի ահասարսուռ ուժն ու յանուն հայրենիքի աշխարհի ամենահզօր գահից ու աշխարհիկ վայելքներից հրաժարւելու Արա գեղեցիկի անթեք նւիրումը, ապաւինել է պէտք Դաւթի ըմբոստ ոգուն եւ անյաղթ «Խաչ պատերազմի»-ն ու Ագռաւաքարից համբարձել է պէտք Փոքր Մհերին: Պահը օրհասական է, իսկ ժամանակը՝ սուղ:

Related Articles

Back to top button