ԱԿՆԱՐԿ. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻ ՆՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ

ՀԱՏԻՍ
Նախորդ ակնարկում անդրադարձել էինք հանրային կարծիքի ձեւաւորմանը՝ որպէս ժամանակակից քաղաքականութեան ամենաազդեցիկ գործիքներից մէկին, եւ այն իրողութեանը, թէ ինչպէս ժողովրդավարութեան անունից այն յաճախ ծառայեցւում է իշխանութեան վերարտադրութեանը։ Սակայն այսօր աւելի կարեւոր է հասկանալ, թէ ինչպէս է փոխւել ոչ միայն քաղաքականութիւնը, այլեւ այն միջավայրը, որտեղ ձեւաւորւում է այդ կարծիքը։
Նորանկախ պետութիւններում ժողովրդավարութիւնը հիմնւեց ազատ ընտրութիւնների եւ խօսքի ազատութեան սկզբունքների վրայ։ Սակայն քաղաքական պայքարը հետզհետէ հեռացաւ խմբագրութիւններից։ Հանրային քննարկման դաշտը նախ զիջեց ընտրական տեխնոլոգիաներին, ապա սոցիալական մեդիային, որտեղ փաստարկն աստիճանաբար իր տեղը զիջեց զգացմունքին։
Այսօր քաղաքական յաջողութիւնը յաճախ կախւած է ոչ այնքան համոզիչ գաղափարներից, որքան հանրային տրամադրութիւն ստեղծելու կարողութիւնից։ Իսկ երբ տրամադրութիւնը ներկայացւում է որպէս հանրային կարծիք, գրագէտ մամուլի դերը դառնում է ոչ միայն արդիական, այլեւ կենսական։
Լայքերի հանրապետութիւն
Քաղաքական ուժերը վաղուց հասկացել են, որ մարդկանց համոզելն աւելի հեշտ է, քան նրանց հետ վիճելը։ Բաւական է ստեղծել այն տպաւորութիւնը, թէ «ժողովուրդն այդպէս է ուզում», եւ ժամանակաւոր հանրային տրամադրութիւնը սկսում է ներկայանալ որպէս ժողովրդի կամք։ Սոցիալական ցանցերում մի քանի հազար դիտում, հազարաւոր մեկնաբանութիւններ կամ տասնեակ հազարաւոր «լայքեր» հեշտութեամբ կարող են փոխարինել երկարատեւ հանրային քննարկմանը։
Ժողովրդավարութիւնը հիմնւած է ժողովրդի կամքի վրայ։ Բայց ժողովրդի կամքը եւ ալգորիթմի արտադրած տրամադրութիւնը նոյն բանը չեն։ Առաջինը ձեւաւորւում է քննարկման, տարբեր կարծիքների բախման եւ տեղեկացւած ընտրութեան միջոցով։ Երկրորդը՝ անընդհատ կրկնւող պատկերների, կարգախօսների եւ զգացմունքային արձագանգների։
Այս երեւոյթը նոր չէ։ Cambridge Analytica*-ի գործից մինչեւ Բրեքսիթի հանրաքւէն, Միացեալ Նահանգների նախագահական ընտրութիւններից մինչեւ Եւրոպայի մի շարք երկրներում ծայրայեղական շարժումների վերելքը, արդէն բազմիցս ապացուցել են, որ հանրային կարծիքը դարձել է քաղաքական տեխնոլոգիաների հիմնական դաշտ։ Ժողովրդավարութեան ամենամեծ մարտահրաւէրն այսօր ընտրակեղծիքը չէ։ Շատ աւելի վտանգաւոր է այն պահը, երբ ընտրողն անկեղծօրէն վստահ է, որ որոշումը կայացրել է ինքը, մինչդեռ այդ որոշման տրամաբանութիւնը երկար ժամանակ ձեւաւորւել է իր շուրջ ստեղծւած տեղեկատւական միջավայրի միջոցով։
Հայաստանի նման երկրներում այս երեւոյթն աւելի տեսանելի է։ Այստեղ սոցիալական ցանցերը դարձել են ոչ միայն հաղորդակցութեան, այլեւ քաղաքական լեգիտիմութեան գործիք։ Երբ պետական քաղաքականութիւնը ներկայացւում է որպէս «ժողովրդի անմիջական պահանջ», իսկ այդ պահանջի չափանիշերը դառնում են սոցիալական հարթակների արձագանգները, ժողովրդավարութիւնը դանդաղօրէն փոխարինւում է տրամադրութիւնների կառավարմամբ։
Խորհրդարանական մեծամասնութիւնը սկսում է ընկալւել ոչ թէ որպէս սահմանադրական պատասխանատւութիւն, այլ որպէս մշտապէս վերարտադրւող հանրային աջակցութեան ցուցադրութիւն։
Հէնց այստեղ է սկսւում գրագէտ մամուլի իրական առաքելութիւնը։
Տպագիր մամուլը չի կարող մրցել սոցիալական ցանցերի արագութեան հետ եւ չպէտք է փորձի դա անել։ Նրա ուժը բոլորովին այլ տեղում է։ Այն փաստերի միջեւ կապեր է ստեղծում, յիշեցնում է այն, ինչ քաղաքական օրակարգը փորձում է մոռացնել տալ, եւ պահպանում է այն յիշողութիւնը, առանց որի հասարակութիւնը կը կորցնի սեփական դատողութիւնը։
Տարիներ շարունակ ասում էին, թէ «երէկւայ թերթով այսօր միայն ապակիներ կարելի է մաքրել»։ Ժամանակը, սակայն, այդ հեգնանքը շրջեց իր դէմ։ Այսօր մէկ օրում հնացողը ոչ թէ թերթն է, այլ սոցիալական ցանցերի լրահոսը, որտեղ երէկւայ աղմուկն արդէն գոյութիւն չունի, իսկ վաղւայ ճշմարտութիւնը որոշւում է հերթական ալգորիթմով։
Դրա համար էլ այսօր գրագէտ մամուլի առաջին պարտականութիւնը ոչ թէ առաջինը լուրը հաղորդելն է, այլ վերջինը մոռանալը։
Ազատ մամուլի ուժը երբեք նրա արագութիւնը չի եղել։ Նրա ուժը եղել է անկախ մտածողութիւնը, փաստերի նկատմամբ պատասխանատւութիւնը եւ ժամանակի յիշողութիւնը պահպանելու կարողութիւնը։
Հիւսիսային Եւրոպայի կայացած ժողովրդավարութիւններում այս սկզբունքը վաղուց է դարձել մասնագիտական մշակոյթի մաս։ Այնտեղ լրագրողի հեղինակութիւնը որոշւում է ոչ թէ նրա անձնական էջի հետեւորդներով, այլ իր խմբագրութեան վստահութեամբ եւ հրապարակումների որակով։ Սոցիալական ցանցերը լրացնում են լրագրութիւնը, բայց չեն փոխարինում այն։
Այն հասարակութիւններում, որտեղ այդ ինստիտուտները դեռ խոցելի են, վտանգը կրկնակի է։ Երբ մամուլը նահանջում է, դատողութեան տեղը զբաղեցնում է աղմուկը։ Իսկ երբ աղմուկը սկսում է ներկայացնել հանրային կարծիքը, իշխանութիւնն այլեւս ստիպւած չէ համոզել։ Բաւական է կառավարել այդ աղմուկը։
Ժողովրդավարութիւնը մահանում է այն օրը, երբ հասարակութիւնը դադարում է տարբերել հանրային կարծիքը հանրային տրամադրութիւնից։
Եւ գուցէ այսօր գրագէտ մամուլի ամենակարեւոր առաքելութիւնը հէնց դա է՝ յիշեցնել, որ լայքը դեռ փաստ չէ, ալգորիթմը դեռ հասարակութիւն չէ, իսկ ամենաբարձր աղմուկը միշտ չէ, որ ժողովրդի ձայնն է։
——————
*) 2018 թւականի Cambridge Analytica-ի սկանդալը բացայայտեց, որ սոցիալական ցանցերի օգտատէրերի անձնական տւեալները կարող են օգտագործւել ոչ միայն գովազդի, այլեւ ընտրողների քաղաքական վարքագիծն ուղղորդելու նպատակով։



