«Դրօշակ»-ի Առաջնորդող. Չհաշտւել կործանարար ընթացքի հետ
2024 թ. նոյեմբերի 3-ին Մոլդովայում տեղի ունեցած նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլից յետոյ վերընտրւած նախագահին յղւած Նիկոլ Փաշինեանի շնորհաւորական ուղերձում մասնաւորապէս ասւում է.«Հայաստանի եւ Մոլդովայի յարաբերութիւնների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարութեան արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթութիւններից է»։ Ինչո՞վ է պայմանաւորւած այս առաջնահերթութիւնը։ Եթէ անդրադառնանք անկախացումից յետոյ հայ-մոլդովական յարաբերութիւնների պատմութեանը կը տեսնենք միայն, որ Մոլդովան մաս է կազմել ՎՈւՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպութեանը, որը միշտ ունեցել է հակահայկական ուղղւածութիւն։ Ուրեմն ինչո՞վ է պայմանաւորւած այս քաղաքական առաջնահերթութիւնը, եթէ Հայաստանի այսօրւայ իշխանութեան համար քաղաքական առաջնահերթութիւն չէ (եթէ չասենք օրակարգից հանւած է) Հայոց Ցեղասպանութեան հարցը, այդ օրակարգում գոյութիւն չունի Արցախի հարցը։ Պատասխանը շատ ակնյայտ է՝ Մոլդովան, Հայաստանի պէս, գործիք է ծառայում Ռուսաստանի շուրջ հակառուսական ճակատ ձեւաւորելու Արեւմուտքի փորձին։ Ինչպէս գիտենք այդ փորձի մէջ փորձարարական կենդանու դեր ստաձնելով Վրաստանի նախկին իշխանութիւնը կորցրեց Օսեթիան ու Աբխազիան, իսկ հարեւան երկրի այսօրւայ իշխանութիւնը, դիմակայելով Արեւմուտքի կոշտ ճնշումներին հրաժարւում է կրկին խաղալու նոյն դերը։ Ուկրաինայի արեւմտամէտները նոյնպէս որդեգրեցին այդ խաղը եւ նրանց համար դեռ շարունակւում է տարածքային ու մարդկային հսկայական կորուստների ընթացքը։ Ամենայն հաւանականութեամբ տարածքային կորուստների առումով յաջորդը կը լինի Մոլդովան, եթէ Հայաստանի իշխանութիւնը, շարունակելով իր այս հակազգային քաղաքականութիւնը, Արցախից յետոյ տարածքային եւ ինքնիշխանութեան կորստի առջեւ չկանգնեցնի նաեւ Հայաստանը։
Հայաստանի իշխանութիւնն ժամանակ առ ժամանակ յայտարարում է, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի դէմ սանձազերծել նոր պատերազմ։ Սրանով հանդերձ իշխանութիւնն ու իր պարագլուխը փորձում են համոզել ժողովրդին, որ Հայաստանը Արեւմտեան Ադրբեջան համարող թշնամի երկրի հետ ոչ միայն կայուն խաղաղութեան պայմանագիր կարելի է կնքել, այլեւ յայտարարում է թէ վերջինիս ղեկավարին առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործարք կնքել։ Հայաստանի ղեկավարութիւնը նոյն կերպ վարդագոյն է ներկայացնում հայ-թուրքական յարաբերութիւնների ներկան ու ապագան շրջանցելով Թուրքիայի դերակատարութիւնը Արցախեան պատերազմում եւ Պանթուրանական ծրագիրն իրագործելու համար «Զանգեզուրի միջանցք»-ին տիրանալու Թուրքիայի ռազմավարական ձգտումը։
Իսկ Նիկոլ Փաշինեանն անձամբ է 2020 թւականի հոկտեմբերի սկզբին կանադական The Globe and Mail պարբերականի հետ հարցազրոյցում յայտարարել. «Անցել է հարիւր տարի եւ Թուրքիան վերադարձել է Հարաւային Կովկաս՝ շարունակելու Հայոց Ցեղասպանութիւնը»։
Այսօր, նոյն այս իշխանութիւնը, հեռացրել է Ադրբեջանի հետ սահմանից ռուսական ուժերին, Իրանի հետ սահմանակէտից նոյնպէս դուրս է բերում ռուսական ուժերին եւ դաշնակցային յարաբերութիւնների շրջանակում տասնամեակներով Թուրքիայի հետ սահմանը պահպանած այս երկրի զինւած ուժերի քանակը կիսով չափ նւազեցրել է։ Այս ուղղութեամբ շարունակւող գործընթացը յստակօրէն տանում է ռազմական դաշինքի խզման։
Փոխարէնը Հայաստանի սահմանների վրայ Եւրոմիութեան խաղաղապահների անւան տակ յայտնւել են ըստ էութեան ՆԱՏՕ-ական առայժմ սահմանափակ ուժերը։
2024 թ. նոյեմբերի 7-ին yerkir.am կայքէջի vpoanalytics.com-ի աղբիւրից թարգմանաբար ներկայացրած Սերգէյ Անդրէեւի յօդւածում ասւում է.«Փաշինեանի ռեժիմը շարունակում է թէ բաց, թէ կուլիսային դրէյֆը դէպի արեւմուտք եւ ՆԱՏՕ։ Հոկտեմբերի կէսերին Հայաստանի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան զինւորականները հաւաքւել էին Վաշինգտոնում։ ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը տեղեկացնում է. կողմերը՝ ի դէմս Գլխաւոր շտաբի պետ Էդւարդ Ասրեանի եւ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացեալ կոմիտէի ղեկավար Չառլզ Բրաունի, «քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցութեան զարգացման ու երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր»: Ընդորում՝ հայկական ռազմական գերատեսչութեան յայտարարութեան մէջ ընդգծւում է՝ «Ամերիկեան կողմը նշել է՝ շարունակելու է իր աջակցութիւնը Հայաստանի զինւած ուժերի վերափոխման եւ բարեփոխումների գործընթացին»: Նման հաղորդագրութիւնների ֆոնին ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են ակտիւօրէն նիւթեր տարածել սեպտեմբերի 30-ին Բրիւսէլում ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի եւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտէի ներկայացուցիչների հանդիպման հնարաւոր մանրամասների մասին: Լրագրողների տեղեկութիւններով Գրիգորեանը յայտնել է Երեւանի պատրաստակամութիւնը՝ դառնալու «ՆԱՏՕ-ի նոր հարաւային թեւը» եւ նպաստելու աւիաբազաների կառուցմանն ու Այլանսի ՀՕՊ զօրամասերի տեղակայմանը:
Կողմերը կարող էին նաեւ պայմանաւորւածութիւններ ձեռք բերել Հայաստանի հարաւում լեռնահրաձգային զօրքերի համար կենտրոն կառուցելու վերաբերեալ, որտեղ ՌԴ սահմանապահների դուրսբերումից յետոյ ներկայ կը լինեն ՆԱՏՕ-ի զինւորականները: Թէ՛ ռուս, թէ՛ ադրբեջանցի ռազմական փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ակտիւօրէն ամրագրում են իրենց ռազմական ներկայութիւնը Հայաստանում, իսկ այնտեղ, ՊՆ-ում, արդէն յայտնւել է Վաշինգտոնից խորհրդական։ Հայաստանի հարաւն այս դասաւորութիւններում պատահական չէ, քանի որ Սիւնիքի մարզում ամրագրումը կապւած է տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացման ու վերահսկողութեան հետ։ Այնտեղով է անցնում նաեւ Իրանի հետ սահմանը, որին մօտենալը կարեւոր է Արեւմուտքի համար։ Արդէն տեղեկութիւններ են հրապարակւել այնտեղ ամերիկեան հետախուզական մանեւրային խմբերի համար դիրքերի կահաւորման մասին, որոնք յետեւում են Թեհրանի գործունէութեանը եւ Իսրայէլի ուղղութեամբ հրթիռների արձակմանը: Այդ իսկ պատճառով Երեւանը շտապ լուծում էր ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները այստեղից դուրս բերելու հարցը։ Այս գործընթացներին զուգահեռ Հայաստանի ուժային կառոյցներն աւելի ակտիւօրէն են մաքրում կադրերը, որոնք այս կամ այն պատճառով ձեռնտու չեն Արեւմուտքին։ Այդ իսկ պատճառով Գրիգորեանի վերոյիշեալ հանդիպման ժամանակ Արեւմտեան կուրատորների հետ բարձրաձայնւել է «Հայաստանի անվտանգութեան կառոյցներում մեծ թւով ռուսամէտ կադրերի խնդիրը»։ Ինքը՝ Գրիգորեանը, որին բացայայտ անւանում են ԱՄՆ ԿՀՎ դրածոյ, միշտ ներկայ է ամերիկացիների հետ բանակցութիւններին եւ պատասխանատու է հէնց ռուսամէտ ուժերից մաքրելու համար։
Հաշւի առնելով նաեւ ամերիկացիների ակտիւ աշխատանքը հայ ուժայիններին կաշառելու ուղղութեամբ՝ զարմանալի չէ, որ Գրիգորեանը, հանդիպման ընթացքում հերթական անգամ հաճոյանալով, հաւաստիացրեց ՆԱՏՕ-ի իր վերադասներին, որ հայկական ուժային գերատեսչութիւնները նրանցից մաքրելու աշխատանքներն արդէն ընթանում են (եւ ձեռքի հետ էլ Արեւմտեան յատուկ ծառայութիւնների փորձագիտական եւ այլ աջակցութիւնն է խնդրել)»։ «Մի շարք բնակավայրերից (Գորիս, Սիսիան, Երասխ) ռուսական ստորաբաժանումները դուրս են բերւել վաղուց։ Նաեւ ռուսական ռադիոլոկացիոն խմբերը լքել են իրենց սովորական դիրքերը Մարտունու շրջանում՝ Սեւանա լճի մօտ։ Հէնց նրանք էին ապահովում Հայաստանի օդային տարածքի վերահսկողութիւնը եւ տւեալները փոխանցում հայկական կողմին»։
Իսկ ինչ յարաբերութեան մէջ են Ռուսաստանին փոխարինելու եկող Արեւմուտքն ու Թուրքիան վկայում են հետեւեալ փաստերը. ԱՄՆ նախագահի անվտանգութեան նախկին քարտուղար Ջոն Բոլթոնն ասել է.«Թուրքիան ԱՄՆ-ի ամենահետեւողական դաշնակիցն է տարածաշրջանում»։ Ըստ Հարաւային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարի «Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղութեան հաստատման համար՝ որպէս տարածաշրջանի առաջատար երկիր»։ Ակնյայտ է, որ Արեւմուտքը Թուրքիայի դէմքով է տեսնում Հարաւային Կովկասի խնդիրների լուծումը։ Եւ սա այլ բան չի նշանակում քան ՆԱՏՕ-ի միջոցով Անդրկովկասում Ռուսաստանի փոխարինումը Արեւմուտքով՝ նախեւառաջ ի դէմս Թուրքիայի։ Հայաստանի իշխանութիւնը հասկանո՞ւմ է ինչ է անում, երբ իր աչքի առջեւ է կործանւող Ուկրաինայի կենդանի օրինակը։ Կամ չի հասկանում կամ հասկանալով անում է այն ինչի համար բերւել է իշխանութեան։ Արցախի յանձնումը, Հայաստանին որպէս Արեւմտեան Ադրբեջան դիտարկող թշնամի հարեւանի այդ յաւակնութեան լեգիտիմացումը հաստատում է տւեալ ենթադրութիւնը։
Վերջին շրջանում Ռուսաստանը, արդէն պաշտօնեաների մակարդակով, հասկացրել է, որ իրեն շրջանցելով հայ-ադրբեջանական տարածաշրջանային խնդիրներ չեն կարող լուծւել։ Վերջին շրջանում նորութիւն էր նաեւ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայութեան տարածած հաղորդագրութիւնները Հայաստանում ամերիկացիների կողմից Արեւմուտքի ազդեցութիւնը կրող ուժերի հետ աշխատանքի ակտիւացման, իշխանութեան եւ գալիք համապետական ընտրութիւնների նկատմամբ վերահսկողութեան ծրագրերի ու միջոցառումների մասին։ Ինչո՞ւ այս անգամ Ռուսաստանի համապատասխան ուժերը այս տեղեկութիւնները հրապարակ չեն նետում լրատւական միջոցների, վերլուծաբանների, երկրորդ ու երրորդ մակարդակի պաշտօնեաների միջոցով։ Ակնյայտ է, որ սա զգուշացում է այն մասին, որ իրենք տիրապետում են զարգացումներին եւ ուշադրութեամբ յետեւում են տեղի ունեցողին։ Պարբերաբար, արդէն բարձր պաշտօնեաների կողմից արւող յայտարարութիւններն ըստ էութեան այն մասին, որ ռուսները հէնց այնպէս այստեղից գնացողը չեն, արդեօք չի՞ յուշում լաւ յիշել թէ Վրաստանի, թէ Ուկրաինայի թէ հէնց սեփական դասերը։
Պէտք չէ լինել պրո-ռուս կամ հակաարեւմտեան, բայց որեւէ մէկի դէմ կազմակերպւած հակաշարժումներին մաս կազմելը շռայլութիւն է ճակատագրի ալիքների վրայ երերացող Հայաստանի համար։ Այս մասին այլեւս աւելորդ է թերեւս զգուշացնելը քաղաքականապէս հակազգային, բարոյապէս սպառւած իշխանութիւններին, բայց պարտադիր է բոլոր նրանց համար ովքեր չեն կարող հաշտւել այս կործանարար ընթացքի հետ։
«Դրօշակ» թիւ 11, 2024 թ.