ԻրանՀայաստան - Արցախ

Թաւրիզում Հայաստանի հիւպատոսութեան բացման դրական հետեւանքները

Դոկտ. Մովահեդեանի յօդւածը՝ IRDIPLOMACY-ում

«ԱԼԻՔ» – Դոկտ. Էհսան Մովահեդեանը IRDIPLOMACY-ում հրապարակած յօդւածում անդրադարձել է Թաւրիզում ՀՀ հիւպատոսարանի բացման անհրաժեշտութեանը եւ նշել՝ երկու կարծիք լինել չի կարող, որ իրադարձութեանը զուգահեռ խորացւելու են երկկողմ յարաբերութիւնները, իսկ համաձայնագրերը հնարաւորութիւն կը ստանան գործնական փուլ տեղափոխւելու՝ փոխադարձ շահերի ակնկալիքով:

«Ալամէ Թաբաթաբայի» համալսարանի Միջազգային յարաբերութիւնների ամբիոնի դասախօսն արձանագրել է, որ Իրան-Հայաստան երկկողմ յարաբերութիւններում առկայ է փոխգործակցութեան չորս տեսակ: Անցում կատարելով ամենակարեւորին՝ առաջնային կարգ համարւող փուլին, փորձագէտը յիշեցրել է ընդհանուր քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, եւ առեւտրային համագործակցութիւնների, ինչպէս նաեւ ժողովուրդների միջեւ անմիջական շփումների փաստի մասին։ «Յաջորդիւ, արդէն ձեւաւորւում է երկկողմ անխուսափելի համագործակցութիւն, եւ երկրները դառնում են քաղաքական եւ տնտեսական գործընկերներ՝ համատեղ որոշումներ կայացնելու հնարաւորութիւններով»,- նշել է նա։

«Իսկ այդ համագործակցութեան մակարդակում տեսանելի է «կոալիցիա» երեւոյթը, որի օրինակները գոյութիւն ունեն աշխարհի տարբեր շրջաններում, որով պետութիւնները հաշւարկելով ընդհանուր շահերն ու սպառնալիքները ծրագրում են հասնել կամ հակազդել դրանց»,- նշել է յօդւածագիրը:

«Առաջին կարգի փոխգործակցութիւնը ենթադրում է համագործակցութեան բարձր ցուցանիշեր, որով անհրաժեշտութիւն կառաջանայ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, ռազմավարական խորհրդատւութիւնների, երկխօսութեան մակարդակի բարձրացում»,- գրել է Կովկասի հարցերով փորձագէտը եւ յաւելել, որ պարզ հաշւով, երբ ​​երկու երկրների յարաբերութիւններն ընդլայնւում են, ժողովուրդների միջեւ շփումները նոյնպէս ընդլայնւում են, ապա քաղաքական գործակցութիւններից բացի, անխուսափելի է դառնում հիւպատոսական հիմնարկների ստեղծումը:

Մովահեդեանը տւեալներ ներկայացնելով փոխգործակցութիւնների աճի մասին յաւելել է, որ նախորդ տարի Հայաստան է մեկնել 110 հազար իրանցի, իսկ այս տարւայ առաջին 9 ամիսներին այդ ցուցանիշը հասել է 116 հազարի։ Աճում է նաեւ աւտոբուսային ու բեռնատարների ժամանումը Իրանից Հայաստան եւ հակառակը։ Սա մեծացնում է իրանցիների եւ հայաստանցիների անձնական գործերին առաւել զգոյշ վերաբերւելու, փոխադրումների եւ առեւտրի հեշտացման, նոյնիսկ կալանաւորների եւ այլնի խնդիրներով զբաղւելու անհրաժեշտութիւնը։ Ուստի պէտք է ստեղծւի նոր գործակալութիւն, որը պէտք է զբաղւի նման հարցերով:

«Կապանում Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսութեան հիմնումը կատարւել է նոյն մտահոգութիւններից ու նպատակներից ելնելով»,- արձանագրել է նա:

«Իսկ Թաւրիզում Հայաստանի հիւպատոսութեան բացումը երկու երկրների պարտաւորութիւնների համաձայն փոխադարձ պայմանաւորւածութիւն էր։ Անցած տարիներին նոյն հարցի շուրջ երկու կողմերի միջեւ ստորագրւել է փոխըմբռնման յուշագիր, իսկ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան որոշումն էր, որ Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսութեան բացման դիմաց Հայաստանը կարող է պատասխան քայլ անելով, բացել իր գլխաւոր հիւպատոսութիւնը Թաւրիզում»,- յաւելել է Մովահեդեանը։

Փորձագէտն իր յօդւածում անդրադարձել է նաեւ էթնիկական զգայունութիւնների լոյսի տակ հնարաւոր հակազդեցութիւններին եւ յաւելել, որ տեղական իշխանութիւնների հետ համագործակցութեան արդիւնքում, ինչպիսիք են ուրբաթօրեայի իմամները, քաղաքական եւ հասարակական ակտիւիստներն ու մշակութային դէմքերը, հնարաւոր կը դառնայ ճիշտ պատկերացում փոխանցել Իրանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների մասին եւ փոխել երրորդ կողմի ազդեցութեան ներքոյ մասամբ թունաւորւած վերաբերմունքը:

«Հայաստանն իր կեցւածքով ու էութեամբ օգնում է Իրանին արտադրել հարստութիւն եւ հզօրութիւն»,- գրում է փորձագէտը եւ յաւելում, որ 2019 թւականին ՀՀ վարչապետ Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ Գերագոյն առաջնորդը Հայաստանի համար օգտագործեց «լաւ հարեւան» բառակապակցութիւնը եւ պարտադրւած 8-ամեայ պատերազմի հայ նահատակներին համարեց պատւաբեր խորհրդանիշերից մէկը, ինչպէս նահատակւած նրանց միւս մահմեդական եղբայրները:

«Սա ապացոյցն է, որ հայերն ու իրանցիները, Հայաստանն ու Իրանը երբեւէ սպառնալիք չեն եղել միմեանց համար, եւ երկու երկրների սահմանը եղել է բարիդրացիութեան վրայ հիմնւած եւ առանց անվտանգային խնդիրների սահման, ինչը Իրանի համար համարւում է լաւագոյն սահմաններից մէկը: Թաւրիզում Հայաստանի հիւպատոսութեան համար նման յատկանիշերի եւ բնութագրերի շեշտադրումը կարող է հսկայական ազդեցութիւն թողնել Հայաստանի իմիջի վրայ:

Իսկ տնտեսական տեսակէտից եւս պէտք է նշել, որ Արեւելեան Ատրպատական նահանգը սահմանակից է Հայաստանին, եւ ակնյայտ է, որ Հայաստանի հիւպատոսութիւնը պէտք է բացւի հէնց այս նահանգի կենտրոնում՝ Թաւրիզում»,- նշել է Մովահեդեանը։

Փորձագէտը միաժամանակ յիշեցրել է, որ մշակութային առումով նոյնպէս արդիւնաւէտ քայլ է լինելու հիւպատոսարանի բացումը։ «Հայերն ապրել են Թաւրիզում հարիւրամեակներ ի վեր եւ երկար պատմութիւն ունեն այս նահանգում»,- արձանագրել է նա։

Որպէս ամփոփում նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան այս որոշումն իրականացւել է հարեւանութեան քաղաքականութեան շրջանակներում, եւ այս քայլով Իրանը ցոյց է տալիս, որ իր որոշումները դրական հաշւեկշռային քաղաքականութեան արդիւնք են:

«Թաւրիզը քաղաք է, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանի Հանրապետութիւնը հիւպատոսութիւններ ունեն, եւ տարածաշրջանում, այս երկու երկրների էթնիկ հակումներից ելնելով Հայաստանը պէտք է հիւպատոսութիւն ունենայ Թաւրիզում, ինչն իր էութեամբ «կոշտ հայեացքները» մեղմացնող գործօն է»,- եզրակացրել է փորձագէտը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button