Հայաստան - Արցախ

Ընդդիմադիր հայեացքներ ունեցող ռեժիսորներն իշխանութեան «սեւ ցուցակ»-ում են՝ զրկւած են պետական ֆինանսաւորումից

Կինոռեժիսոր Յովհաննէս Գալստեանն ահազանգում է՝ Հայաստանում մի խումբ կինոռեժիսորներ իրենց ընդդիմադիր հայեացքների համար արժանացել են իշխանութիւնների սահմանած պատժին. Չեն կարողանում ֆինանսաւորում ստանալ իրենց նախագծերի համար։

168.am-ի հետ զրոյցում մանրամասնելով խնդիրն ու դրա պատճառները, Յովհաննէս Գալստեանն ասաց, որ հրապարակաւ դիմել է ԿԳՄՍ նախարարութեանը՝ հանդիպում պահանջել, որպէսզի բոլոր խնդիրները ներկայացնի։

«Նախ, ԿԳՄՍ նախարարութիւնը չի հրապարակում վիճակագրութիւն՝ պետական ֆինանսաւորում ստացած ֆիլմերի մասով։ Մեր պահանջն այն է, որ նախարարութիւնը հրապարակի 2018 թւականից մինչ օրս ֆինանսաւորում ստացած ֆիլմարտադրողների անունները եւ ֆինանսաւորման չափը։ Երբ հրապարակւի այդ ցանկը, դուք կը տեսնէք, որ ֆիլմարտադրողներն ու նոյն պրոդիւսերները 6-7 նախագիծ, որոնց համար ֆինանսաւորւել են, զուգահեռ ֆինանսաւորւել են նաեւ անաւարտ նախագծերի համար, այսինքն՝ այդ գումարները կախւել են օդում։

Ինքս՝ որպէս ֆիլմարտադրող, անցել եմ մի դաժանագոյն պատմութեան միջով, երբ իմ մի ֆիլմի ֆինանսաւորումը կասեցրել են, ասել են, թէ ես նախորդ ֆիլմը չեմ աւարտել։ Ես աւարտել եմ այդ նախագիծը, բայց միեւնոյն է, չկայ ֆինանսաւորում, մենք 6 տարի է՝ զրկւած ենք պետութեանը դիմելու հնարաւորութիւնից։ Հիմա նախարարութիւնում կայ մի աշխատակից, որ 2015 թւականից ստացել է ֆինանսաւորում մի ֆիլմի համար, որը չի աւարտել։

Իւրաքանչիւրին թիրախաւորւած են ընտրում եւ, իհարկէ, քաղաքական հայեացքները հաշւի առնելով։

Մենք առաջարկել էինք նաեւ հանդիպում ֆիլմարտադրողների ֆեդերացիայի հետ, բայց մեզ պատասխանել էին, որ իրենք բոլորի հետ արդէն հանդիպել են եւ այլեւս հանդիպելու իմաստ չկայ։ Մենք այդ հանդիպմանը մասնակցելու հրաւէր չենք ստացել»,- նշեց Յովհաննէս Գալստեանը։

Կինոռեժիսորի փոխանցմամբ՝ ֆիլմարտադրողների ֆեդերացիայում կան մէկ տասնեակից աւելի ֆիլմարտադրողներ, որոնք յայտնւել են «սեւ ցուցակ»-ում՝ պետական ֆինանսաւորում ուղղակի չեն ստանում, մշտապէս դիմում են, սակայն մերժւում են։

Յովհաննէս Գալստեանը յիշեցրեց, որ 2021 թւականին ԱԺ-ն ընդունել է «Կինոյի մասին» օրէնքը, որով ենթադրւում է Հայաստանի Կինոկենտրոնի լուծարում եւ հիմնադրամի ստեղծում։

«Մենք սպասում էինք, որ աշխատաձեւը կը փոխւի, ղեկավարութիւնը կը փոխւի, մենք մեր նկատառումները կը յայտնենք, կը սկսենք աշխատել։ Հիմա տեսէք՝ ի՞նչ են անում: Ասում են՝ մենք նոր հիմնադրամ չենք ստեղծում, ընդամէնը փոխում ենք ՊՈԱԿ-ի իրաւակազմակերպչական ստատուսը։ Ես իրատես մարդ եմ եւ հասկանում եմ, որ սրանց հետ պայքարելն անիմաստ է, բայց նաեւ համարում եմ, որ չի կարելի լուռ նստել, հնարաւոր բոլոր միջոցներով այս մասին պէտք է բարձրաձայնել։ Պատմութեան մէջ չի եղել մի իշխանութիւն, որը յաւերժ է, եւ չեն եղել այնպիսի պատեր, որոնք ճաքեր չեն տալիս։ Այս մարդիկ 6 տարի կինոյի կառավարումը Հայաստանում ուղղակի տապալել են։

Այս իշխանութիւնների համար դու կա՛մ պէտք է լինես իշխանական, կա՛մ ձայն չհանես, կամ էլ հիմա նոր բրենդ է դարձել, որ Հայաստանից ահռելի գումարներ հանում են դուրս, այսինքն՝ փոքր մասով մասնակցում են օտարերկրեայ ֆիլմարտադրողների ֆիլմերին։ Կայ յստակ նպատակադրում՝ հայկական խաղարկային ֆիլմարտադրութիւնը չէզոքացնելու, զրոյի հասցնելու քաղաքականութիւն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Կինոռեժիսորը նաեւ յայտնեց, որ պետական աջակցութիւն ստանում են այն դոկումենտալ ֆիլմերը, որոնք ակտուալ չեն, եթէ, օրինակ, աջակցէին Արցախի Հանրապետութեան վերաբերեալ դոկումենտալ ֆիլմի ստեղծման աշխատանքներին, ապա դա ընդունելի ու հասկանալի կը լինէր։ Իսկ խաղաղարկային ֆիլմ ուղղակի գոյութիւն չունի, այդ պատճառով էլ վերջին 6 տարում Հայաստանը չկայ միջազգային խոշոր փառատօներում։

Յովհաննէս Գալստեանը նաեւ յիշեցրեց պետական ֆինանսաւորմամբ նկարահանւող «Մել» ֆիլմը՝ ծանրորդ Մելինէ Դալուզեանի մասին, որը, ի դէպ, առ այսօր որեւէ տեղ չի ցուցադրւել, յամենայն դէպս նման տեղեկութիւն չի հրապարակւել։

««Տատիկիս վարսերը» մեր ֆիլմի գումարը կասեցրել ու տւել էին «Մել» ֆիլմին, չպէտք է դա անէին ազգային ֆիլմի հաշւին՝ փակելով այն։ Երբ մենք բողոքեցինք, Նիկոլ Փաշինեանը ելոյթ ունեցաւ ու ասաց, որ «Մել» ֆիլմը վերցնում է իր անձնական հովանու ներքոյ։ 20 մլն. դրամ պետական բիւջէից գումար տւեցին, ու արդիւնքը չկայ։

Այս իշխանութիւնն ամբողջ պետական համակարգով ընկած է մի քանի ռեժիսորի յետեւից, քանի որ չեն կիսում իրենց քաղաքական հայեացքները։ Սա տեղի է ունենում մի երկրում, որն իբր թէ հանդէս է գալիս ժողովրդավարութեան դիրքերից։

ԿԳՄՍ փոխնախարարը, որ Ֆրանսիայից էր այստեղ եկել ու նշանակւել փոխնախարար, ենթադրում էինք, որ նա շփւած կը լինի միջազգային ստանդարտների հետ՝ ոլորտը ղեկավարելու, բայց ոչ։

Հասարակութեանը չի հետաքրքրում կինոյի խնդիրները, հասարակութիւնն ուզում է կինօ տեսնել, ինչը մենք պէտք է անենք»,- եզրափակեց Յովհաննէս Գալստեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button