Գաղափարական

Դաշնակցական քաջ էր՝ անունը Կարօտ

Փետրւարի 19-ը Արցախեան ազատամարտի հերոս, Դաշնակցական լեգենդար ազատամարտիկ, Պռօշեանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար, ԼՂՀ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր, ՀՀ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, Կարօտ Մկրտչեանի (Ջամբազի արծիւ) ծննդեան օրն է: Այսօր նա կը դառնար 60 տարեկան:

«Մինչեւ Գետաշէնն ու Մարտունաշէնը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնայ»,- ժամանակին ասել էր նա:

Կարօտը մնաց իր խօսքի տէրը: 1992 թւականի յունիսի 13-ին, Մարտունաշէնում ազերիների եւ Գեանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայւած ռուսական յատուկ նշանակութեան դիւիզիաներից մէկի գերազանցող ուժերի եւ զրահատեխնիկայի դէմ մղած անհաւասար եւ հերոսական մարտը վերջինը եղաւ Կարօտի համար։

Կարօտը կատարեց մի զարմանահրաշ քայլ, որն ընդունակ էր իրագործել միայն խելայեղ քաջութեամբ ու անսասան վճռականութեամբ օժտւած մարդը։ Գերազանց գիտենալով, որ բարձունքներում արդէն թշնամու հարիւրաւոր զինւորներ են, նա, այնուամենայնիւ, աներկբայօրէն վճռում է բարձրանալ իրենց նախկին դիրքերը։

Նրա կատարած այդ քայլը հաւասարազօր էր ինքնակամ նահատակութեան։ Կարօտի անհետանալը Մարտունաշէնում ցոյց տւեց նրա՝ թշնամու դէմ կանգնելու ու պայքարելու վճռականութիւնը եւ պայքարելու անկոտրում կամքը։

Փա՛ռք նրա յիշատակին:

Related Articles

Back to top button