Գաղափարական

Յարգանքի տուրք Լեւիկ Բաբայեանին

Դամբանական Լեւիկ Բաբայեանի

Հեղինակ՝ Հանրի Փափազեան,

Ռադիօ ԱՅԲի նախագահ, ՀՅԴ անդամ եւ ղեկավար մարմնի նախկին անդամ

 

«Այսօր հաւաքւել ենք մեր ընկերոջը՝ Լեւիկ Բաբայեանին ուղեկցելու դէպի իր վերջին հանգրւանը եւ յայտնելու մեր յարգանքի հաւաստիքը։ Դամբանական ճառ ասելը դիւրին գործ չէ, այն միշտ յագեցած է ծանր զգացմունքներով, ինչից յաճախ նախընտրում ենք խուսափել։ Առաւել եւս, երբ խօսքը այնպիսի հարազատի մասին է, որի հետ կիսել ենք մեր կեանքի մօտ 40 տարի։

Ի՞նչ ասել Լեւիկի մասին։ Բոլոր նրանք, ովքեր իր հետ ճանապարհ են անցել, կը հաստատեն․ նա բացառիկ մարդ էր, լիարժէք նւիրւած իր կուսակցութեան գործին։ Եւ միայն այս տարաբախտ հիւանդութիւնն էր, որ նրան ստիպեց դադարեցնել իր յանձնառու գործունէութիւնը։

Յանձնառութիւն, որին նւիրւել է շատ երիտասարդ տարիքից, Իրանում, որտեղ ծնւել է ապրիլի 24-ին (ինչպիսի՛ խորհուրդ) եւ որտեղ շատ վաղ անդամագրւում է Դաշնակցութեան շարքերում՝ աշխատելով յատկապէս կուսակցութեան երիտասարդական թեւերում եւ նպաստում նրանց գաղափարախօսական ու կազմակերպչական դաստիարակութեանը։ Եւ իր ողջ կեանքն ընթացաւ այդ նոյն տրամաբանութեան մէջ՝ ծառայելով Հայ Դատին։

Առաջին անգամ Ֆրանսիա է գալիս 1973 թ.-ին՝ նպատակ ունենալով կատարելագործել իր քաղաքական գաղափարաբանութիւնը։

Որպէս ազատ ունկնդիր, հասարակական գիտութիւնների դասընթացների է յետեւում, միաժամանակ վերագործարկում է Եւրոպայի Հայ Ուսանողների միութիւնը։ Այն ստեղծւել էր Դաշնակցութեան կողմից, որպէսզի սկսւէր մտաւորական երիտասարդութեան մի շարժում, ինչը շատ կարեւոր էր համարւում Եւրոպայում Հայ Դատի առաջխաղացման համար, բայց որը դժբախտաբար անգործութեան մատնւեց։ Այս առիթով նշենք, որ դեռ այս այցելութեան ժամանակ, երբ սկսեց Եւրոպայի Հայ Ուսանողների միութեան կազմակերպումը, Լեւիկն արդէն ակնյայտօրէն առաքելութիւն էր ստանձնել գործել Հայ Դատի լուծման համար։

Յետ վերադառնալով Իրան 1979, նա ամուսնանում է Հերմիկի հետ եւ միասին կուսակցութեան կողմից գործուղւում են Ատրպատական, Ուրմիա շրջան, Իրանի հիւսիսային սահմաններ։

Պատմականօրէն հայկական այս շրջանով են անցել դաշնակցական ֆիդայինները, որ օգնութեան հասնեն Երկիր, թուրք ու քուրդ հրոսակների կողմից կեղեքւող մեր ժողովրդին։ Այնտեղ դեռեւս պահպանւում էր հայկական բնակչութիւն, ճիշտ է մեկուսացած ու լքւած, բայց անմիջապէս Պատմական Հայաստանի թուրքական սահմաններին մօտ։

Կուսակցութիւնը կարծում էր, որ ռազմավարական նշանակութիւն ունի այս շրջանի հայերի մօտ արթնացնել ազգային պատկանելութեան զգացումը եւ հնարաւորութեան դէպքում նրան կազմակերպել որպէս հայկական գործուն միաւոր անհրաժեշտութեան դէպքում այն ակտիւացնելու նպատակով։

Ահա եւս մէկ նպատակ, որ գտնւում էր Հայ Դատի լուծման ուղեծրում։

Կնոջ հետ վերադառնալով Ֆրանսիա 1982 թ.-ին՝ նա ստեղծում է «Կամք» օրաթերթը, Դաշնակցութիւն կուսակցութեան պաշտօնաթերթը, ինչպէս նաեւ հիմնադրում տպագրատուն։ Նա մեծ խանդավառութեամբ է ներգրաււում այս նախաձեռնութեան մէջ, ինչպէս եւ բոլոր իր ծրագրերում։

Բայց նա կատարելագործւում է յատկապէս մտաւոր ու քաղաքական վերլուծութեան մէջ։ Լինելով անխոնջ երեւակայութեան կրող, նա անվերջ Հայ Դատի հնարաւոր լուծումների փնտրտուքի մէջ էր եւ բազմապատկում էր այդ ծրագրերը, դրանց մէջ նաեւ ներառում էր մեզ՝ իր խանդավառութեան ու համոզմունքի ուժով։

Այսպէս նա ստեղծեց «Reflexion A» վերլուծական կենտրոնը, որի նպատակն էր նպաստել մշակութային արժէքների զարգմացմանը նոր ուրւագծւող աշխարհաքաղաքական ու տեխնոլոգիական միջավայրում։ Յաւակնոտ մի ծրագիր, որի շնորհիւ յարաբերութիւններ հաստատւեցին մի շարք մտաւորական շրջանակների հետ, մինչեւ իսկ հնարաւոր եղաւ միութիւն ձեւաւորել, բայց որը, մի շարք պատճառներով, նա դժբախտաբար չկարողացաւ մինչեւ վերջ նպատակին հասցնել։

Անխոնջ ու մշտարթուն երեւակայութիւնը նրան մղեց մէկ այլ, լրիւ անսպասելի մի ոլորտ՝ Այբ ՖՄ։ Չնայած թէ՛ կրթութեամբ, եւ թէ՛ նպատակներով, նա հիմնականում յակւած էր մտաւոր աշխատանքի, հասարակական գիտութիւնների ու քաղաքական վերլուծութեան, մինչդեռ այս անգամ յայտւում է տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ ներգրաււում է շատ զարմանալի կերպով, լիարժէք ինքնուս ձեւով, շուկայում գնած գրքոյկների միջոցով։

Այսպէս, բազմաթիւ խարխափումներից ու տեխնոլոգիական համատեքստում թոթովանքներից յետոյ, Լեւիկի եռանդուն ազդեցութեան ներքոյ 1999 թ.-ին ստեղծեցինք երկլեզու ինտենետային էջը, ֆրանսերէն ու հայերէն լեզուներով՝ ուղիղ հեռարձակելով ռադիոյով տարածւող տեղեկատւութիւնն ու ծրագրերը։ Օրինակ՝ 2000 թ.-ի Սիդնէյում Օլիմպիական խաղերի ժամանակ կարողացանք մանրամասնօրէն վերահեռարձակել հայ մարզիկների ելոյթները։ Սա իսկապէս մեծ նորարարութիւն էր ու յաւակնոտ աշխատանք, որին յաջորդեցին մեր համայնքում նախագծւած ինտերնետային կայքերի ծրագրերը։ Դրանց ներշնչման աղբիւրը ակնյայտօրէն մենք էինք։

Եթէ յիշողութիւնս չի դաւաճանում, Լեւիկի հետ առնչւում էինք մշտական շարժումների ու գործողութիւնների ընթացքում։ Ու ոչ միայն, Լեւիկը վերլուծութեան ու մտաւոր դաշտի մարդ էր, յստակօրէն կողմնակիցն էր Դաշնակցութեան սոցիալական ու առաջադիմական քաղաքականութեան։

Երբեք չէր հոգնում բանավիճելուց, իր համոզմունքները փաստարկելուց, եւ առիթը բաց չէր թողնում ՀՅԴ ծրագրի հիմնադրոյթները առաջ մղելու։ Լինէր դա կուսակցութեան ներքին վէճերի մէջ, որ մշտական եռացող կաթսայի պէս իր մէջ ներառում էին կռիւ ու հակասութիւն, կամ այլ, արտաքին շրջանակներում, նա միշտ ջանում էր իր ընդդիմախօսներին համոզել Հայկական Հարցի՝ Հայ Դատի առաջադիմական գծերի մէջ՝ իր բոլոր շերտերով հանդերձ։ Այդ թւում եւ զինւած պայքարի մղող թէզը։

Բայց զինւած պայքարը պէտք է յստակօրէն եւ անվիճելիօրէն համապատասխաներ Հայ Դատի պաշտպանութեան հետ։

Կարծես խորհուրդ կայ այստեղ, քանի որ իր վախճանի լուրը մեզ հասաւ, երբ նշում էինք 1963 թ.-ի յուլիսին Հայկական Զինւած Բանակի հրամանատարութեան կողմից իրագործւած Լիսաբոնի գործողութեան տարելիցը։

Լինելով հայ քաղաքական կեանքի գործուն դերակատար, Լեւիկին կուսակցութիւնը բազում յանձնառութիւններ էր վստահում տարբեր շրջաններում, ուր իր մշակոյթը, գիտելիքը եւ ուսուցողական հմտութիւնները կարող էին օգտակար լինել։ Ուր էլ որ մեկնէր Կուսակցութեան Բիւրոյի խնդրանքով՝ Իրան, Յունաստան, Ֆրանսիա, Արցախ, թէ Հայաստան, նա իր բացառիկ քաղաքական մշակոյթով կրթում ու ղեկավարում էր տեղի երիտասարդներին ու ուսանողներին։
Առաջիկայ օրերին չենք զարմանայ, որ ականատես լինենք այն մեծ երախտագիտութեան, որ նրան կը յղի սփիւռքի մամուլը առ իր գործունէութիւնը Կուսակցութեան մէջ։

Հեշտ էր դառնալ Լեւիկի կողմնակիցը, բայց նա առաջ էր բերում նաեւ ընդդիմախօսութիւն, որն իր հերթին հարստացնում էր ներքին բանավէճը։ Ուրեմն Լեւիկը անանուն մէկը չի։ Նա կշիռ ունեցող կերպար է կուսակցական մտաւոր շրջանակներում ու նրա մասին յիշում են դաշնակցական աշխարհում։

Ես չեմ յաւակնում լիարժէք ներկայացնել Լեւիկի կեանքը, քանի որ այնտեղ կան մութ էջեր, որից քչերն են տեղեակ եւ որ մինչեւ այսօր մնում են գաղտնիութեան դարակներում։ Բայց այստեղ ասւածն էլ բաւական է, որ Լեւիկ Բաբայեանը արժանանա մեր խորին յարգանքին ու երախտագիտութեանը Հայ Դատի եւ Դաշնակցութիւն կուսակցութեան մէջ իր ներդրումի շնորհիւ։ Այս ամէնը յաճախ, եթէ ոչ միշտ, ի վնաս իր անձնական, մասնագիտական ու ընտանեկան կեանքի։

Իմ անկեղծ ցաւակցութիւնն եմ յղում Հերմիկին՝ իր կնոջը, եւ Ծովինարին՝ դստերը, որոնք նրա շուրջը եղան մինչեւ վերջին շունչը։ Իր քրոջը՝ Մարինային, իր հարազատներին, Դաշնակցութիւն կուսակցութեան իր ընկերներին, փափագով, որ հողը իր վրայ թեթեւ լինի։

Մնաս բարով, ընկեր Լեւիկ, խաղաղութեան ու յաւերժութեան մէջ ճամբադ երկար, երկար թող լինի»։

Related Articles

Back to top button