Դոկտ. Ահմադ Քազեմի. «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»-ն ու Ռուսաստանի թերի տրամաբանութիւնը
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Լաւրովի վերջին յայտարարութիւնը, որը դիւանագիտական բարքի չգրւած օրէնքների համաձայն հիւրընկալ կողմին դուր գալու տձեւութիւնից բացի պարունակում էր մի քանի մեսիջներ, որոնք իրանցի փորձագէտի կարծիքով՝ բացայայտում են Մոսկւայի սխալ հաշւարկները: Կովկասում տրանսպորտային զարկերակ ստեղծելու ծրագրին ընթացք տալը եւ նոյն այդ զարկերակի վրայ նստելը, ժամանակաւոր միաւորների հաշւին Ուկրայնայի դէմ պատերազմում խնդիր լուծելը, Բաքւի գազատարի կաշւի տակ Գազպրոմի դէմ սահմանւած պատժամիջոցները շրջանցելը, կամ Հայաստանի արեւմտամէտ արեւելումով վարչապետին պատժելու ցանկութիւնը այն ժամանակաւոր նպատակներն են, որոնք տեղ են գտել ՌԴ–ի որդեգրած կեցւածքի մէջ, ինչի շուրջ դոկտ. Ահմադ Քազեմին հանդէս է եկել մեկնաբանութեամբ, որտեղ կարեւորւել է նաեւ ՌԴ–ի ԱԳՆ ներթափանցած արեւմտեան լաբիստական կենտրոնների ազդեցութիւնը նաեւ:
Փորձագգէտը գրում է.
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցից յետոյ Ռուսատանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը ռուսական Առաջին ալիքին տւած հարցազրոյցում առանց միջանցք ձեակերպումն օգտագործելու շեշտել է. «Մենք կողմ ենք Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագրի արագ կնքմանը եւ տարածաշրջանային հաղորդակցութիւնների վերաբացմանը։ Սակայն, Հայաստանը, արգելափակելով Սիւնիքի մարզից հաղորդակցւելու առիթները, խախտում է Փաշինեանի ստորագրած պայմանագիրը, ինչը բարդացնում է նման մօտեցումների ընկալումը»։
Լաւրովի յայտարարութիւններից յետոյ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումների վերաբերեալ շահարկումների ու վերլուծութիւնների ալիք է բարձրացել, եւ այս առնչութեամբ կարելի է ստորեւ նշւած ութ կէտերում մեկնաբանել իրավիճակը:
Առաջին. Լաւրովն իր յայտարարութիւններում միտումնաւոր ընդգծել է տարածաշրջանային հաղորդակցութեան գծերի վերաբացումը, այլ ոչ թէ «միջանցք»-ը, ինչն ընդգծում են Բաքուն եւ Անկարան։ Տարածաշրջանային հաղորդակցութեան գծերի վերաբացումը մի խնդիր է, որը ե՛ւ Իրանը, ե՛ւ Հայաստանը շեշտադրում են՝ ներկայացնելով «Արաքսի միջանցք»-ը եւ «Խաղաղութեան խաչմերուկ»-ը: Նրանք (Իրանն ու Հայաստանը) կարծում են, որ այդ վերաբացումը պէտք է կատարւի՝ յարգելով երկրների ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը եւ առանց միջազգային սահմանների փոփոխութեան։ Այս տեսանկիւնից Լաւրովը գիտակցաբար խուսափել է իր յայտարարութիւններում միջանցք բառն օգտագործելուց, թէեւ ռուս պաշտօնեաները, այդ թւում՝ ՌԴ փոխվարչապետը եւ Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ եռակողմ բանակցութիւնների ռուս պաշտօնեան, նախկինում ընդգծել են իրենց հակադրութեան մասին ցանկացած տեսակի միջանցքի նկատմամբ: Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը հիասթափւած է ռազմական սպառնալիքներով միջանցքի իրականացումից, եւ նրա լոբբիստներն ու ինտերնետային տրոլները փորձում են բարձրացնել Ռուսաստանի այս դիրքը՝ իբր կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ին տւած Մոսկւայի համաձայնութեան իմաստով, եւ իհարկէ 14-րդ կառավարութեան գործունէութեան նախաշեմին Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցութիւնների վրայ հոգեբանական ճնշում գործադրելով:
Երկրորդ. Թէեւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի միջեւ կապի բնականոն ուղիների վերաբացումը օգտակար է համագործակցութեան եւ տարածաշրջանային զարգացման համար, այնուամենայնիւ, իրաւական տեսանկիւնից Ռուսաստանի յղումը հաղորդակցութեան գծերի վերաբացման համար 2020 թւականի համաձայնագրին լեգիտիմ չէ: Ելնելով այն հանգամանքից, որ 2023 թւականի սեպտեմբերին Ադրբեջանի Հանրապետութեան կողմից Ղարաբաղի վրայ յարձակման, ինչպէս նաեւ Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների եւ Լաչինի միջանցքը փակելու փաստը, ինչի մասին նշւած է վերոյիշեալ համաձայնագրում, գործնականում չեղարկւել է խախտւած բոլոր կէտերի առումով:
Գործնականում անցեալ ամիս Ադրբեջանը եւ Հայաստանը պայմանաւորւել են կարեւոր գործողութեան շուրջ, այն է՝ հանե՛լ տարածաշրջանային հաղորդակցութեան գծերի բացման հետ կապւած կէտը խաղաղութեան պայմանագրի նախագծից։ Սա նշանակում է, որ Երեւանն ու Բաքուն համաձայնագիրը (2020 թւականի) համարում են աւարտւած։
Երրորդ. Այն, որ Ռուսաստանը, որպէս համաշխարհային տէրութիւններից մէկը, դժւար թէ տեղեակ չլինի անգլիական պանթուրանիզմի տեսքով այսպէս կոչւած «թուրքական աշխարհ» ստեղծելու ՆԱՏՕ-ի բրիտանակենտրոն ծրագրից, որպէս Արեւմուտքի նոր լծակ՝ դէպի նոր տարածաշրջանային ու գլոբալ կարգի անցում կատարելու գործիք: ՆԱՏՕ-ի կողմից դիտարկւող «Թուրանի աշխարհ»-ը ի ցոյց դրեց իր արդիւնաւէտութիւնը տարածաշրջանային եւ գլոբալ վերջին զարգացումներում, այդ թւում՝ աջակցութիւն Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ոճրագործութեանը կամ Ուկրաինայում ՝ Զելենսկիի կառավարութեանը՝ ուղարկելով վառելիք, մթերք, սարքաւորումներ, զէնք եւ վարձկաններ: Կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ը անգլօ-սաքսոնական կարգով առաջ քաշած «թուրքական աշխարհ»-ի գլխաւոր հիմնաքարն է։ Ուստի Ռուսաստանը, տեղեակ լինելով այս խնդրի մասին, 2020 թւականի պատերազմից յետոյ սխալ, միամիտ լաւատեսութիւնից ու թերի հաշւարկներով փորձում է իր վրայ վերցնել կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի վերահսկման եւ մոնիտորինգի առիթը, որպէսզի այն օգտագործի որպէս գործիք ՆԱՏՕ-ի դէմ։ Նոյն վերահսկողութիւնն ինչ ՆԱՏՕ-ն է սահմանել Բոսֆորի ու Դարդանելի դէպքում: Սակայն Մոսկւայի կողմնակալ քաղաքականութիւնից դժգոհ Փաշինեանի Հայաստանը, Փաշինեանի արեւմտամէտ մօտեցումների եւ Ռուսաստանին Կովկասից հեռացնելու Բաքւի ու Անկարայի համակարգման պատճառով դա չի յաջողւել ռուսներին։ Այնպէս որ, առաջարկելով Ադրբեջանի Հանրապետութեան եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցւելու Կալինինգրադեան մոդելը, Բաքուն գործնականում ցոյց տւեց, որ միջանցքը պատկերացնում է առանց Ռուսաստանի։ Այժմ, նոյն սխալ մօտեցմամբ եւ Ուկրաինական պատերազմի բարդ իրավիճակի ազդեցութեան տակ եւ, յատկապէս, կարճաժամկէտ շահերի գերադասումով երկարաժամկէտից, Մոսկւան գնում է այն ճանապարհով, որը բերելու է ՆԱՏՕ-ի ներկայութեան ուժեղացմանը՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում:
Չորրորդ. Այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանաւորւել են հանել տարածաշրջանային հաղորդակցութեան գծերի հարցը խաղաղութեան համաձայնագրի նախապայմաններից, Լաւրովի քննադատութիւնը Հայաստանի դիրքորոշման վերաբերեալ աւելի շուտ երկաթուղային կապին է վերագրւած, ինչն իր հերթին պայմանաւորւած է երեք հիմնական պատճառներով:
1. Ռուսաստանի նախագահը Ադրբեջան կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիեւից ստացել է խոշոր միաւորներ ու նոր զիջումներ էներգետիկայի եւ դրա փոխադրման գծերի ոլորտում, այդ թւում՝ աւելի զգալի ներկայութիւն՝ Բաքւի նաւթի եւ գազի ասպարէզներում, ինչպէս նաեւ գազատարների օգտագործմամբ ռուսական գազի առաքման ծաւալների աւելացումը դէպի եւրոպական շուկաներ՝ շրջանցելով Գազպրոմի դէմ սահմանւած պատժամիջոցները: Ուստի Լաւրովի շեշտադրումը հաղորդակցութեան փակուղիների վերաբացման վրայ՝ առանց միջանցք ձեւակերպումը տալով, տեսակով «քաղցրաւենիքով գնահատելու» պէս էր Բաքւի տւած միաւորների դիմաց:
2. Ռուս-ուկրաինական պատերազմում անբարենպաստ վիճակն ու Կուրսկում Մոսկւային ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի հասցրած հարւածի ազդեցութեան տակ Ռուսաստանն աւելին է խրւում աշխարհաքաղաքական փակուղիների մէջ։ Այս իրավիճակում, չնայած այլընտրանքային ուղիների առկայութեանը, ինչպիսին է Հիւսիս-Հարաւ միջանցքը, յատկապէս Կենտրոնական Ասիայից եւ Կասպից ծովից, տարբեր գործօնների ազդեցութեան ներքոյ, ինչպիսին Բաքւի զիջումներն են կամ ՌԴ ԱԳՆ-ում արեւմտեան լաբբիների աշխատանքը, Մոսկւայի իշխանութիւնները դարձեալ շեշտը դնում են Սիւնիքում տարածաշրջանային տրանսպորտային գծերի բացման վրայ՝ մտածելով, որ անհրաժեշտութեան դէպքում նրանք կարող են կանխել այդ հաղորդակցութեան գծերի վերածումը ՆԱՏՕ-ի «Թուրանական միջանցք»-ի։
3. Լաւրովն այս դիրքորոշմամբ փորձել է եւս մէկ անգամ ճնշում գործադրել Հայաստանի վրայ՝ արտայայտելու Ռուսաստանի դժգոհութիւնը Փաշինեանի արեւմտամէտ արեւելումից եւ Երեւանի կառավարութեան գործողութիւններից՝ խուսափելու Հաւաքական անվտանգութեան պայմանագրից, կամ նրա անդամակցութիւնից՝ Միջազգային քրէական դատարանին, եւ համագործակցութիւնը մեծացնելով Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ։ Սա այն դէպքում, երբ միեւնոյն ժամանակ ռուս սահմանապահներն են հեռացւում (Հայաստանից): Ղարաբաղեան երկրորդ եւ երրորդ պատերազմի ժամանակ Մոսկւայի կատարողականի եւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի դրսեւորած կեցւածքը հաշւի առնելով , դժւար չէր պատկերացնելը, որ այն յանգեցնելու է Երեւանի հեռցմանը Ռուսաստանից, կամ Ռուսաստանից խուսափելու համար Փաշինեանի կառավարութեան նոր հիմնաւորումների:
Հինգերորդ. Ռուսաստանի իշխանութիւնները քաջ գիտակցում են «Արաքսի միջանցք»-ի կարեւորութիւնը Ադրբեջանի Հանրապետութիւնը Նախիջեւանին կապելու գործում, ինչն այս առումով Իրանի ստանձնած երեք տասնամեայ դերի շարունակութիւնն է։ «Արաքսի միջանցք»-ը ոչ միայն բացում է հաղորդակցութեան գծերը Կովկասի երկու կողմերում, այլ, նաեւ, վերացնում է Բաքւի ու Անկարայի նկրտումներն ու աշխարհաքաղաքական, ինչպէս նաեւ պատմական ու էթնիկ դաւադրութիւններ հետապնդելու արդարացումները, որոնք միեւնոյն ժամանակ անգլօ-սաքսոնական կարգի կապալառուներն են տարածաշրջանում: Ուստի Ռուսաստանի շահերը «Արաքսի միջանցք»-ին յստակօրէն աջակցելու մէջ է։ Այս առումով արդիւնաւէտ կը լինի ռուսների տեսակետների վերանայումն ու ախտորոշումը՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, իրենց որոշ սխալների վերաբերեալ, որոնք յանգեցրել են Ամերիկայի, ՆԱՏՕ-ի, Անգլիայի եւ Սիոնիստական ռեժիմի ազդեցութեան մեծացմանը Կասպից ծովի երկու կողմերում։ Նկատի ունենալով Կովկասի բազմաթիւ ոլորտներում Իրանի եւ Ռուսաստանի ընդհանուր շահերը՝ Մոսկւայի իշխանութիւնները չպէտք է տպաւորութիւն ստեղծեն, թէ շարունակում են Կովկասի հաւասարումները դիտարկել բացառիկութեան ակնոցով։ «Արաքսի միջանցք»-ը լինելու է Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութեան մեծ ներուժը՝ փոխելու համար հաւասարումները Կովկասում եւ նոր կարգի անցնելու գործընթացում։
Վեցերորդ. Կայ աշխատանքի համակարգւած բաժանում Ադրբեջանի Հանրապետութեան ու Թուրքիայի գործողութիւնների եւ ՆԱՏՕ-ի միջեւ Ռուսաստանի դէմ գործողութիւններում: ՆԱՏՕ-ն արգելափակել է Ռուսաստանի եւրոպական սահմանները ներգրաւելով Ռուսաստանին Ուկրաինայի ճահճում եւ օգտագործելով Թուրքիայի հնարաւորութիւնները շրջափակել նրան Սեւ ծովում։ Այս խնդիրը լուծելու համար Թուրքիան ու Ադրբեջանի Հանրապետութիւնը առաքելութիւն ունեն կենտրոնացնել Ռուսաստանի տարանցիկ հզօրութիւնը անգլօ-սաքսոնական կարգի ցանկալի երթուղում, այսինքն՝ ՆԱՏՕ-ի «Թուրանական միջանցք»-ում, որպէսզի աւելի մեծ վերահսկողութիւն սահմանւի Մոսկւայի տեղաշարժերի վրայ։ Բնական է, եթէ Թուրքիան, որպէս ՆԱՏՕ-ի վաղեմի ներկայացուցիչ, եւ Ադրբեջանի Հանրապետութիւնը, որպէս բրիտանական հսկողութեան տակ գտնւող մասոնական կառոյց, ինչպէս ցոյց տւեցին Կովկասում երեք տասնամեակների քաղաքական, ռազմական եւ տնտեսական զարգացումների հաւաքածոն, երբեք չեն կարող ծառայել, որպէս տարածաշրջանում Մոսկւայի երկարաժամկէտ հզօրացման հիմք։ Այս երկուսը վերջին տարիներին ամենամեծ դերն են ունեցել Ռուսաստանին Կովկասում թուլացնելու եւ այնտեղից վտարելու գործում, սակայն այժմ Բաքուն նոյնիսկ պատրաստ չէ համաձայնել Ղարաբաղում ռուսական հիւպատոսութեան բացմանը։ Հետեւաբար, Ռուսաստանի տրամաբանութիւնը՝ շեշտը դնելով հաղորդակցման ուղիների վերաբացման վրայ՝ լինի պատերազմական խոչընդոտների, թէ Հայաստանի հանդէպ ատելութեան պատճառով, երկարաժամկէտ հեռանկարում թերի է եւ, բնականաբար, բացասական հետեւանքներ կունենայ առաջինը Ռուսաստանի համար։
Եօթերորդ. Այն իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ն ձգտում է Կովկասում ստեղծել հակամարտութեան նոր օջախ Մոսկւայի դէմ՝ կենտրոնանալով Վրաստանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան զարգացումների վրայ, Լաւրովի կողմնակալ յայտարարութիւնը կապւած հաղորդակցութեան ուղիների վերաբացման հետ, ցոյց են տալիս, թէ որքան շփոթւած է Մոսկւան Կովկասում, իսկ նման յայտարարութիւնները կարող են խթան հանդիսանալ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Կովկասում արկածախնդրութեան նոր փուլի՝ ՆԱՏՕ-ի «Թուրանական միջանցք»-ին հետամուտ լինելու, կամ խաղաղութեան չգնալու եւ յարաբերութիւնները Երեւանի հետ կարգաւորելուց հրաժարւելու: Մանաւանդ, որ Բաքուն այս տարածաշրջանում մանկասպան Սիոնիստական ռեժիմի լարւածութիւն առաջացնող քաղաքականութեան առաջին գործընկերն է ներկայումս։ Թէեւ դա քիչ հաւանական է տարբեր պատճառներով, այդ թւում՝ Կովկասում Թեհրանի կարմիր գծերի որոշակիութեան եւ Իսրայէլի ռեժիմին ու նրա կամակատարներին ամէն պահի պատժելու որոշման պատճառով, բնական է, որ եթէ դա տեղի ունենայ, ապա ամենաշատը կը տուժի Ռուսաստանը։ Այս առումով, ռուսները կարող են հետեւութիւն անել Կովկասում Չինաստանի համապարփակ մօտեցումից: Աւելացնելով ներդրումները Վրաստանի երկաթուղային գծերում եւ ճանապարհներում, Պեկինը ցոյց տւեց, որ տեղեակ է այդ «տարանցիկ էթնիկ միջանցքի» ձեւաւորման հետեւանքների մասին, որը թիրախաւորելու է Սինցիան նահանգը, ուստի այն սկսեց աշխատել «Միջին միջանցք»-ի երթուղիներն ամրապնդելու վրայ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի փոխարէն:
Ութերորդ- Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում տրանսպորտային խնդիրների վերաբերեալ եղել է յստակ եւ անփոփոխ 2020 թւականի հրադադարի համաձայնագրի ստորագրումից յետոյ: Իրանը դէմ է Կովկասում աշխարհաքաղաքական եւ սահմանային ցանկացած փոփոխութեանը, եւ Գերագոյն առաջնորդի յայտարարութիւնները Պուտինի եւ Էրդողանի հետ առանձին հանդիպումներում, ինչպէս նաեւ 2024 թւականի Փաշինեանի հետ հանդիպմանը, այս առումով պարզ են։ Իրանը դէմ է ցանկացած միջանցքի, որը կը տանի սահմանների փոփոխութեանը: Թէեւ Թեհրանը դէմ չէ նորմալ տարածաշրջանային հաղորդակցութեան գծերի վերաբացմանը՝ երկրների ինքնիշխանութիւնը յարգելու պայմանով, սակայն կարծում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանի Հանրապետութիւնը, որպէս երեւակայական «թուրանական աշխարհ» ստեղծելու անգլօ-սաքսոնական կարգի կապալառուներ, օգտագործելու են այդ կապի գծերը՝ որպէս հիմք աշխարհաքաղաքական էթնիկական ծրագրերի առաջխաղացման համար: Թեհրանի տեսանկիւնից, Երեւանն իրաւունք ունի իր ինքնիշխան լիազօրութիւնների շրջանակներում կանխել տրանսպորտային գծերի վերաբացումը տարածաշրջանում, եւ 2020 թւականի «համաձայնագրի» ժամկէտն անցած համարելով յայտարարի, որ այն այլեւս իրաւական ուժ չունի»։