ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի յայտարարութիւնը

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը գումարւեց Հայաստանի Հանրապետութեան եւ ողջ հայութեան համար աշխարհաքաղաքական եւ ներազգային լրջագոյն մարտահրաւէրների, Արցախի Հանրապետութեան բռնազաւթման, Արցախում տեղի ունեցած ցեղասպանութեան, Հայոց պետականութեան դէմ ուղղւած գոյութենական սպառնալիքների ժամանակահատւածում։
Պատերազմներով ուղեկցւող համաշխարհային վերադասաւորումները, միջազգային ինստիտուտների եւ միջազգային իրաւունքի, ինչպէս նաեւ զսպման արդիւնաւէտ մեխանիզմների բացակայութիւնը անվտանգային մարտահրաւէրներ են Հայոց պետականութեան լինելիութեանն ու հայկական համայնքների կենսունակութեանը։
44-օրեայ պատերազմից յետոյ տարածաշրջանում խախտւած ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ նկրտումներն ու ՀՀ իշխանութիւնների որդեգրած խաղաղութեան կեղծ օրակարգը անվտանգային նոր սպառնալիքներ են ստեղծում։
Ինչպէս թուրք-ադրբեջանական տանդեմի, այնպէս էլ ՀՀ վարչախմբի համար առաջնային թիրախ են ազգային ինքնութենական արժէքներն ու ազգային գաղափարախօսութիւն կրող ուժերը։
Հայաստանի անվտանգային եւ կառավարման ճգնաժամը, ներազգային թշնամանք հրահրելու եւ Սփիւռքը պառակտելու իշխանութեան քայլերը խորացնում են հանրային յուսալքութիւնը։
Քննելով իրավիճակը ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը հաստատեց․
Մրցունակ, նոր որակի ազգային պետութեան կառուցումը եւ հայկական ինքնութեան պահպանումը ՀՅԴ-ն հռչակում է ռազմավարական նպատակ եւ յայտարարում է պայքարի վճռական հանգրւանի մասին։
Ըստ այդմ սահմանւում են ռազմավարական հետեւեալ առաջնահերթութիւնները՝
- Հայոց անկախ պետականութեան հզօրացում, տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան վերականգնում, ժողովրդավարական, իրաւական, սոցիալական պետութեան կերտում՝ Անկախութեան հռչակագրի տառին եւ ոգուն համապատասխան,
- Արցախի ազատագրման օրակարգի շուրջ համազգային համախմբում, միջազգային իրաւաքաղաքական երաշխիքների գործադրումով՝ արցախահայութեան հաւաքական վերադարձի եւ հիմնարար միւս իրաւունքների իրացում,
- Հայոց բանակի, պաշտպանութեան եւ անվտանգութեան համակարգերի ամրապնդում,
- Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման իրաւունքի հետապնդում,
- Ազգային եւ պետական շահերի վրայ կառուցւած, անվտանգային սպառնալիքները յաղթահարող արտաքին քաղաքականութեան որդեգրում,
- Սփիւռքի կազմակերպական հզօրացում, համահայկական օրակարգերի շուրջ ազգային եւ քաղաքական համախմբում։
Միաժամանակ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը հաստատեց.
ՀՀ իշխանութիւնների որդեգրած ապազգային եւ ապապետական ընթացքը կասեցնելու, Հայրենիքի անվտանգութիւնը երաշխաւորելու, կենսունակ հայկական պետութիւն ունենալու, սոցիալական արդարութիւն հաստատելու, ներազգային համապարփակ ճգնաժամը յաղթահարելու եւ ՀՅԴ ռազմավարական նպատակները իրագործելու անհրաժեշտ պայմանը իշխանափոխութիւնն է:
Հ. Յ. Դաշնակցութիւնը լի է վճռականութեամբ եւ պատրաստակամ է պետականութեան եւ ազգային ինքնութեան պահպանման ու զարգացման օրակարգի շուրջ գոյացնել համազգային համախմբում։
Մարտ 6, 2025, Ծաղկաձոր