Գաղափարական

ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ՝ ՆՒԻՐՒԱԾ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ 135-ԱՄԵԱԿԻՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, երէկ՝ դեկտեմբերի 6-ին, Դւին հիւրանոցի «Միւզիք հոլ» սրահում տեղի ունեցաւ հանդիսաւոր արարողութիւն՝ նւիրւած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 135-ամեակին։

Այս տարի այն անցկացւեց «Յանուն հայի, յանուն պետութեան» կարգախօսի ներքոյ՝ ընդգծելով ՀՅԴ աշխարհայեացքը, գաղափարական հիմքերը եւ արժէքները:

Ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներ, կուսակցականներ, համակիրներ, քաղաքական ու հասարակական գործիչներ։

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով, հնչեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան քայլերգը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տէր Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը իր խօսքը սկսեց աղօթքով, ապա ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը, որում ասւում էր․

«Մենք գոհունակութեամբ յիշում ենք եւ ուզում ենք յիշատակել այս 135 տարիների ճանապարհի մէջ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կարեւոր դերը։ Սա մի առաքելութիւն է, որը սկսւել է 19-րդ դարի վերջին, անցել է ողջ դժւարին 20-րդ դարը եւ այսօր էլ իր առաքինութեան կարիքը ունենք։ Հայը եղել է, կայ ու կը լինի, թող աշխարհն իմանայ»։

Ելոյթներով հանդէս եկան ՀՅԴ Բիւրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր Յակոբ Բագրատունին եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

«Մենք կողմանիկց ենք արժանապատիւ խաղաղութեան, ոչ թէ զիջումներով հայրենակործան պայմանգրերին: Վտանգւած է Հայ Առաքելական Եկեղեցին, հայրենիքը, պետութիւնը»,- իր ելոյթում ասաց Յակոբ Բագրատունին:

«Հսկայական խռովքի մէջ են մեր ժողովրդի զաւակներից նրանք, որոնք հայի սիրտ են կրում, ապրել են ու մասնակից են եղել յաղթանակների կերտմանն ու այսօր ականատես են եւ հիասթափւած են Արցախի յանձնումից մինչեւ Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի կամքին ենթակայ զիջումներ, Սփիւռքը պառակտող քայլերից, հայրենասիրութեան ծաղրանքից ու արժեհամակարգի ազգային ըմբռնողութեան խորտակմամբ: Ընթացքը դադար չունի ու գահավէժ շարունակւում է ՝ թիրախաւորելով Հայ Առաքելական եկեղեցին, եկեղեցու սպասաւորների նկատմամբ դաւադրական քայլերով ժողովրդահաճոյ հերիւրանք փրփուրներով նպատակ ունենալով փշրել հայ ժողովրդի ու նրա հայրենիքի գոյատեւումն ապահոված ողնաշարը»,- ասաց նա:

Շնորհաւորելով ներկաներին՝ Իշխան Սաղաթէլեանն իր խօսքում մասնաւորապէս նշեց. «Դաշնակցութիւնն անցեալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպութիւն է: Մեր  գաղափարներն այսօր առաւել քան պահանջւած են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջեւ է, իսկ  հայկական ինքնութիւնը դարձել է համակարգային հարւածի թիրախ՝ թէ՛ դրսից, թէ՛ ներսից։

Եւ մենք շատ յստակ թէ՛ դրսի, թէ՛ ներսի հակահայ ուժերին ասում ենք՝ դուք կարող եք հալածել Դաշնակցութեանը, դուք կարող էք բանտարկել դաշնակցականներին, սահմանափակել ՀՅԴ գործունէութիւնը, բայց դուք չէք կարող սպանել դաշնակցականութիւնը՝ մեր էութիւնը, տեսակը։ Աւելին, իրականում դուք չէ՛ք կարող նոյնիսկ խաթարել մեր կազմակերպութեան գուրծունէութիւնը։ Դաշնակցութեան արեւը մայրամուտ չունի»:

Միջոցառմանը ցուցադրւեցին փաստավաւերագրական ֆիլմեր, որոնք ներկայացնում էին Հ. Յ. Դաշնակցութեան անցած ուղին, ազատագրական պայքարի կարեւոր հանգրւանները, ինչպէս նաեւ ներկայիս գործունէութիւնը։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 135-ամեակի կապակցութեամբ՝ ողջոյնի, շնորհաւորանքի, գնահատանքի եւ քաղաքական զօրակցութեան ուղերձներ էին յղել մի շարք կուսակցութիւններ եւ միջազգային կազմակերպութիւններ։

Երեկոյի գեղարւեստական բաժնում հնչեցին ազգային-հայրենասիրական երգեր:

Arfd.am

Related Articles

Back to top button