ԳաղափարականԴաշնակցական Բեմ

Դաշնակցութիւնը առաջիկայ պայքարում ունենալու է առանցքային դերակատարութիւն

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանի խօսքը ՀՅԴ 135-ամեակի հանդիսաւոր միջոցառմանը.

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆԸ ՏԷ՛Ր ԵՆՔ

Գերաշնորհ Սրբազան Հայր, յարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ընկերներ, այսօր նշում ենք հայ իրականութեան մէջ ամենաերկարակեաց քաղաքական ուժի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրը։ 135 տարի առաջ ստեղծւած ուժ, որը դարձաւ հայութեան կազմակերպւած պայքարի, կամքի, ազգային դիմադրողականութեան եւ պետական մտածողութեան մարմնաւորումը։

Նւիրումի ու պայքարի մէկ դար ու 35 տարի, բայց նոյն տեսլականով ու երդումով՝ յանուն հայի, յանուն պետութեան։

Այս ուղին հեշտ չի եղել։ Օսմանեան սուլթաններից մինչեւ բոլշեւիկ իշխանութիւններ, մինչեւ Հայաստանի այսօրւայ վարչախումբ՝ շատերը փորձել են թուլացնել, արգելել, վերացնել Դաշնակցութիւնը։ Բայց կայ մի իրականութիւն, որը երբեք չեն կարողացել փոխել. Դաշնակցութեան արժէքներն անժամանցելի են, որովհետեւ Դաշնակցութեան ուժը գալիս է իր ժողովրդից։ Դաշնակցութիւնը դուրս է օրւայ քաղաքական թրենդներից, այն մնայուն արժեհամակարգ է։

Դաշնակցութիւնն անցեալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպութիւն է: Մեր գաղափարներն այսօր առաւել քան պահանջւած են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջեւ է, իսկ հայկական ինքնութիւնը դարձել է համակարգային հարւածի թիրախ՝ թէ՛ դրսից, թէ՛ ներսից։

Եւ մենք շատ յստակ թէ՛ դրսի, թէ՛ ներսի հակահայ ուժերին ասում ենք՝ դուք կարող էք հալածել Դաշնակցութեանը, դուք կարող էք բանտարկել դաշնակցականներին, սահմանափակել ՀՅԴ գործունէութիւնը, բայց դուք չէք կարող սպանել դաշնակցականութիւնը՝ մեր էութիւնը, տեսակը։ Աւելին, իրականում դուք չե՛ք կարող նոյնիսկ խաթարել մեր կազմակերպութեան գուրծունէութիւնը։ Դաշնակցութեան արեւը մայրամուտ չունի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Գիտեմ՝ այստեղ չենք հաւաքւել միայն անցեալը արժեւորելու։ Այստեղ ենք՝ առաւել շատ ներկայի ու ապագայի մասին խօսելու եւ լուծումներ առաջարկելու։

Նախ ներկայի մասին։ Բոլորիս համար պարզ է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ապրում է իր պատմութեան ամենածանր եւ վճռորոշ ժամանակահատւածներց մէկը: Ալիեւը եւ Փաշինեանը փորձում են մեզ կանգնեցել ընտրութեան առաջ՝ ինքնասպանութի՞ւն, թէ՞ կապիտուլիացիա։

Այդ զոյգը մեզ փորձում է համոզել, որ անկախ Հայաստան ունենալու համար պէտք է առաջնորդւել Ադրբեջանի գծած սահմաններով, թելադրանքով ու պայմաններով։

Մեզ առաջարկւողը ոչ թէ խաղաղութիւն է, այլ շարունակական զիջումների դիմաց զինադադար, որտեղ մեր ուժի բոլոր աղբիւրները եւ վերականգնւելու հնարաւորութիւնները հետեւողականօրէն ոչնչացւում են:

Մեր անվտանգութեան համակարգը քանդւում է ոչ թէ նորով փոխարինելու, այլ անվտանգութեան նոր խնդիրներ ստեղծելու դիտաւորութեամբ։

Մեզ ստիպում են դադարել հաւատալ, որ Հայաստանը երբեւէ կարող է լինել ուժեղ:

Մեր ինքնութեան սիւները՝ եկեղեցի, պատմութիւն, ազգային խորհրդանիշեր ներկայացւում են որպէս «անցեալից մնացած բեռ», որոնցից պէտք է հրաժարւել: Այդպէս Արցախն էին բեռ համարում։

Ահա սա է Ալիեւի եւ Փաշինեանի առաջարկած «Իրական Հայաստանը», որը փաթեթաւորել են «Չորրորդ Հանրապետութիւն» անունով։

Նրանց պատկերացրած նոր հանրապետութեան մոդելը հետեւեալն է՝

  • պետութիւն, որը պէտք է ունենայ Ադրբեջանի պահանջած սահմանադրութիւնը,
  • պետութիւն, որը հրաժարւում է իր անցեալից, իր ժառանգութիւնից, իր ժողովրդի հաւաքական իրաւունքներից,
  • պետութիւն, որը պէտք է ունենայ սահմանափակ զինւած ուժեր եւ իր տնտեսութեամբ ու անվտանգութեամբ ամբողջութեամբ կախւած լինի Ադրբեջանի եւ Թուրքիայի կամքից:

Եւ իշխանութիւնը պատրաստւում է ժողովրդին օգտագործել որպէս գործիք իր այս հրէշաւոր ծրագրի լեգիտիմացման համար։

Արտաքին այս պահանջներն իշխող վարչախումբը փորձում է դարձնել ներքին առաջարկ։

Թուրքիայի ու Ադրբեջանի բանաձեւերն եւ պահանջները դարձել են ՔՊ-ի նախընտրական ծրագիր եւ Հայաստանի կառավարութեան «տեսլական»։

Սա մարտահրաւէր է մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին եւ բոլոր դերակատարներին: Փաշինեան-Ալիեւ ծրագրերը ձախողելու համար պէտք է ձեւաւորենք համահայկական եւ համազգային «ՈՉ»-ի ճակատ։ Ասել եմ եւ շարունակում եմ պնդել՝ Հայաստանի անկախութեան եւ ինքնիշխանութեան հիմնական սպառնալիքը անձամբ Նիկոլ Փաշինեանն է։ Նրա հեռացումը կամ վերատադրութեան կանխումը ազգային անվտանգութեան հարց է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս իրավիճակից դուրս գալու այլընտրանքը կայ, բայց նախ պէտք է կանխե՛լ այս ռեժիմի վերարտադրութիւնը, ապա սկսել Հայաստանը վերակառուցելու ծրագիր։

Ո՞րն է այս ռեժիմի հակահայ ծրագրի այլընտրանքը։ Դաշնակցութեան առաջարկը հետեւեալն է՝ կառուցել նոր որակի, ազգային պետութիւն, որը կը լինի ՈւԺԵՂ ԵՒ ՄՐՑՈՒՆԱԿ։

Մենք ունենք առաքելութիւն՝ ուժերը միաւորելու, հաւատը վերականգնելու եւ ուժեղ Հայաստան կառուցելու:

  • Հայաստան, որն ապրում է խաղաղութեան մէջ, բայց եւ պատրաստ է պաշտպանել իրեն։
  • Հայաստան, որն առաջնորդւում է ազգային շահերով եւ տէր է իր ազգի հաւաքական իրաւունքներին։
  • Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմութեամբ եւ վճռական իր ապագայի հարցում։
  • Հայաստան, որի հիմքը արդարութիւնն է, արժանապատիւ կեանքը, ազգային ինքնութիւնը:

Մեր առաջարկած այլընտրանքը սկսւում է Հայաստանի ուժեղացումից:

Ուժեղ Հայաստան՝ նշանակում է անվտանգ Հայաստան։ Ոչ թէ գերեզմանային խաղաղութիւն, այլ՝ զսպման վրայ հիմնւած անվտանգութիւն։ Բանակ, որը կը կարողանայ ապահովել անվտանգութիւն: Պետութիւն, որը պարզապէս հարկ վճարելու մեխանիզմ չէ, այլ իր ժողովրդի հաւաքական իղձերն ու նպատակները սպասարկող համակարգ։

Ուժեղ Հայաստան՝ նշանակում է իր անժամանցելի իրաւունքներից չհրաժարւող, Արցախ հաւաքական վերադարձի իրաւունքը առաջ տանող Հայաստան։

Ուժեղ Հայաստան՝ նշանակում է հայկական շահերից բխող արտաքին քաղաքականութիւն, որտեղ Հայաստանը սուբիեկտ է, որտեղ Հայաստանը որոշող է, ոչ թէ յանձնող կամ կցորդ։

Հայաստանը պէտք է լինի ոչ թէ իրականութեան հետ հաշտւող, այլ իրականութիւն ստեղծող պետութիւն։

Մենք ունենք ռեսուրս դառնալու կայունութեան եւ ուժի կենտրոն։

Ուժեղ եւ մրցունակ Հայաստան՝ նշանակում է արդար, բարեկեցիկ պետութիւն։

Պետական ինստիտուտներ, որոնք չեն սպասարկում մէկ անձի քմահաճոյքները։

Դատարաններ, որոնք չեն վախենում արդարադատութիւն իրականացնելուց։

Ուժային կառոյցներ, որոնք չեն վերածւում զինւած բանդաների:

Հայաստան, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի բացառիկ դերակատարութիւն եւ չի հալածւում թրքահպատակ վարչախմբի կողմից:

Պետութիւն, որտեղ սոցիալական արդարութիւնը առաջնային է: Եւ հասարակութիւն, որն իսկապէս ազատ է։

Ուժեղ Հայաստան՝ նշանակում է ինքնութեան պաշտպանութիւն։ Դաշնակցութիւնն ասում է. ինքնութիւնը ուժի աղբիւր է, ոչ թէ բեռ։ Մեր առաջարկած այլընտրանքը յստակ է՝ ազգ, որը չի՛ ընդունում պարտութիւնը որպէս դատավճիռ, պետութիւն, որը չի՛ զիջում իր կենսական շահերը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

35 տարի առաջ ՀՅԴ-ն վերընձիւղւեց Հայրենիքում ու կոչ ուղղեց իր աշխարհասփիւռ ընկերներին՝ դէպի Երկի՛ր։ Այդ կոչը դարձաւ մի ամբողջ սերնդի նշանաբանն ու կարգախօսը։

Այսօր մեր հայրենիքը կրկին տագնապի մէջ է։ Ուրեմն ՀՅԴ կոչը նոյնն է՝ չհիասթափւե՛լ հայրենիքից, չլքե՛լ այն,

ոչ թէ հեռանալ, այլ վերադառնալ,

ոչ թէ համակերպւել, այլ պայքարել,

ոչ թէ յանձնւել, այլ փոխել ամօթի այս էջը եւ կերտել Կենսունակ եւ Ուժեղ Հայաստան։

Խօսքս ուղղում եմ դաշնակցական ընկերներիս․

Նախ, շնորհակալութիւն իւրաքանչիւր դաշնակցականի իր արժանապատւութեան, իր պայքարի, իր նւիրւածութեան համար՝ պատանեկան միութիւնից մինչեւ երիտասարդական, ուսանողական միութիւնից մինչեւ խմբեր, կոմիտէներ։ Շնորհակալութիւն աշխարհասփիւռ կառոյցին մեր եւ Հայրենիքի կողքին մշտապէս լինելու համար։

Սիրելի՛ ընկերներ,

Վերջին տարիներին մենք դժւար օրեր ենք ապրել, մեծ կորուստներ կրել, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, կորցրել ենք մեր ընկերներին։ Այսօր մենք ընկերներ ունենք Ադրբեջանի բանտերում, ընկերներ ունենք Հայաստանի բանտերում։

Միշտ յիշէք՝ մեզ այսօր, իբրեւ ազգային ուժ, հալածում են ոչ միայն մեր անցեալի եւ ներկայի համար, այլ՝ ապագայում մեր դերակատարութիւնը չէզոքացնելու համար։ Մենք մնացել ենք Հայաստանի արտաքին եւ ներքին թշնամիների կոկորդին։

Մեր բեռը մեծ է, պատասխանատւութիւնը՝ անչափելի։ Մենք պատասխանատու ենք հայրենիքի եւ պետութեան համար, մեր 135-ամեայ կենսրագրութեան առաջ, մեր նահատակ ընկերների առաջ

Մենք սխալւելու, հոգնելու, ընկրկելու, դանդաղելու իրաւունք չունենք, ուստի այս հանդիսաւոր օրը Հայաստանի կազմակերպութեան անունից յայտարարում եմ, որ Դաշնակցութիւնը առաջիկայ պայքարում ունենալու է առանցքային դերակատարութիւն, մենք ունենք մրցունակ թիմ, պահանջւած ծրագիր, կամք եւ վճականութիւն գետնի վրայ պայքարելու, հակազդեցութիւն ձեւաւորելու եւ այս չարիքի իշխանութեան վերարտադրութիւնը կանխելու համար, մենք դա անելու ենք միասին մեր ժողովրդի մասնակցութեամբ եւ կամքով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելութեամբ։

Մենք ապացուցելո՛ւ ենք, որ Հայաստանը չի՛ ծնկել, չի՛ յանձնւել եւ չի՛ յանձնւելու։

Սա՛ է Դաշնակցութեան խօսքը։

Սա՛ է Դաշնակցութեան այլընտրանքը։

Սա՛ է Հայաստանի ճանապարհը դէպի ապագայ՝ Յանուն Հայի, Յանուն պետութեան։

Arfd.am

Related Articles

Back to top button