Հայ Դատ

Զոհի ուղեղը սպանւած թէ ողջ՝ դառնում է լռակեաց

Պուլիցերեան դափնեկիր Փիթեր Բալաքեանի «ՃԱԿԱՏԱԳՐԻ ՍԵՒ ՇՈՒՆԸ» գրքի արահետներով

ՀԱՏԻՍ

 

Կայ «անցեալն ապագայի պատւի հաշէին լւանալու» տրամաբանութիւնը, որի սահամանագիծը հատելու պատւին դեռ չեն արժանացել Փիթեր Բալաքեանի  «Ճակատագրի սեւ շունը» գրքի հիմնական շարժառիթ հանդիսացող եաթաղանի ժառանգները:

1997 թւականին հրատարակւած Փիթեր Բալաքեանի յուշագրութիւնների «Ճակատագրի սեւ շունը» գիրքը երկրաշարժի պէս ցնցեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանութեանը, ու դա դեռ քիչ էր՝ ցունամու պէս տեղաց քննադատների գրախօսականները, որոնք թուրք դեսպանի համար  դագաղի վերջին մեխի պէս էին: Այս մասին աւելի ուշ:

«Ճակատագրի սեւ շունը» մէկ շնչով ընթերցելն անհնարին գործ է:

Պատումների կողքին վաւերագրական նշումներ կան համապատասխան տարեթւերով ու աշխարհագրական «կէտադրումներով»:

 Տատը, որով ե՛ւ սկսւում, ե՛ւ իմաստաւորւում են պատանի Փիթերի ինքնութեան գծերը, հետեւող ստւերի պէս դաջւած է գրքի ողջ պատմութեան վրայ դառնալով յուշագրութեան հիմնական գիծը: Նրանով է մարմանւորւում մի ամբողջ ազգի խոհանոցն ու կենսակերպը: «Առանց ազգային խոհանոցի՝ էլ ինչ էթնիկ  ճանաչողութիւն»,- ընդգծւած գրել է հեղինակը:

Հէնց նոյն զրոյցի ժամանակ էլ շօշափւում է սերունդափոխութեան թեման, որի՝ նահապետականի սեփական խոհանոցով հպարտանալու «սինդրոմի» դէմ յաճախ է ըմբոստանում պատանի Փիթերը յանուն Hot Dog-ի:

Յուշագրութեան ձեւաչափով գրւած «Ճակատագրի սեւ շունը»-ը մեկնարկում է տատի արած պատմութիւնների վերջնակէտից, չնայած լուսանկարի պէս անցեալն ներկայի աչքերով չափելու առիթը ճիշտ գնահատելով, հեղինակը չի փորձում խուսափել բովանդակային հակասութիւնների արահետ տանող ուղղութիւններից:

«Երբ մտորում եմ տատիս ու նրա սերնդի առեղծւածային լռութեան շուրջ, նոյնն է թէ մտածեմ ապահով վայր որոնելու, կամ դրա առկայութեան շուրջ»: Հեղինակն այստեղ փակագծերը բացելով պատմում է Հոլոկոստից փրկւած հրեաների մասին, ովքեր վերադառնալով բնականոն կեանք՝ ամուսնացել, ընտանիք կազմել եւ մինչեւ մահանալը չեն բացայայտել իրենց ինքնութիւնն ու ոչ մի բառ գլխին եկածի մասին: «Զոհի ուղեղը սպանւած թէ ողջ՝ լռակեաց է դառնում: Անցեալը նստւածք պիտի տար»,- նշել է Բալաքեանը եւ բացայայտել «երկիր» ձեւակերպումը, որն ըստ նրա  ծածկագրւած արտայայտութիւն է եւ նախատեսւած չէր իր պէս երեխաների համար:

Փիթեր Բալաքեանի կտաւած հայի տեսակն ու վերաբերմունքն իրեն ապաստան տւած նոր շրջապատի ու հասարակութեան նկատմամբ յատուկ են հային. ինքնախտրականացւած ու ովկիանների միւս ափերում յայտնւածի եւ երկու ձեռքերով ինքնութիւնից պոկ չեկողի վարքուբարքով մարդու տեսակ: Կամ ինչպէս ինքն է բնութագրել գրքում՝ ինքն իր գերին դարձած ազգ:

Գրական տեքստի հաճոյքը կարող է ընթերցողին ինքնամոռաց տանել պատմութեան տողատակերում բուն դրած ընտանեկան գաղտնիքների ու խոհանոցային զրոյցների հետքերով:

Արձանագրենք նաեւ, որ գիրքը յուշագրութիւններին յատուկ սառը դատողութիւնների գերին չէ եւ ընթերցողն անմիջապէս գլխի է ընկնում, թէ ինչպէս է արժանացել իր ենթագիտակցութեան նկատմամբ հեղինակի յարգանքին:

Բանը նրանում է, որ Փիթեր Բալաքեանը գիտակցելով պատմութեան նուրբ նոտաններն ու դրանց երանգներից տպաւորւած, յատկապէս, գրքի առաջին բաժնում, որտեղ նկարագրութիւնները ժամանակակից կեանքից վերացւած իրական պատմութիւններ են, պատումը ներկայացնում է նովելիստի շնչով:

Միեւնոյն ժամանակ պէտք է նշել, որ գործը Բալաքեանի ակադեմիական ու սառը դատողութիւնից չի տուժել՝ դեռեւս չլուծւած վրէժի առիթով: Ընթերցողին նա չի նետում նաեւ ատելութեան թակարդը, ինչը հաստատ վաւերագրական արժէք ներկայացնող նման յուշագրութեան համար ձախողում էր լինելու:

Փաստագրաական տեքստն ու վաւերագրութիւնների գեղարւեստականութիւնը կոչւած է ընթերցողին տալ  գիտակցութեան յենակէտ՝ իրերն իրենց անունով կոչելու կարողութեամբ: Գրքում յատուկ կարեւորութեամբ  յիշատակւել է Օսմանիայում ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուի զեկոյցը նաեւ, որով առիթ է տրւում, որպէսզի ընթերցողն իրողութիւնն ընկալի սեփական խղճով ու գիտակցութեամբ: Նոյն այս վաւերագրութիւնների գլխի ներքոյ է ներկայացւած ականատեսի վկայութիւններն ու նրանց հետ արած զրոյցները, որով առանց բռնանալու ընթերտցողն առերեսւում է փաստերի հետ:

Հասարակութեան սրտում մարդն իրեն օտար զգալու «ծանօթ» զգացումը պատկերաւոր կերպով է նշում Բալաքեանը, յատկապէս այն դրւագներում, որտեղ հարազատների միջեւ յարաբերութիւնների ու ընտանեկան վարք ու բարքի մասին է պատմում նա:

Պատանի Փիթերի յուշերն այս թեմայով խիստ  ընդգծումներով են նշւած:  Յատկապէս, երբ իր տատի ձեռքը բռնած միասին յայտնւել են սեւամորթների թաղամասում:  «Առաջին անգամը լինելով զգացի որ մենք այլ ենք»: Մէկ այլ դրւագում, Փիթերն սկսում է նկատել, որ այդ իրենք են, որ ապրում են հրեաների թաղամասում, որտեղ նա ենթագիտակցաբար սկսել է ընդօրինակել թաղակիցների վարք ու բարքը:

Մէկ այլ գլխի տակ, պատանի Փիթերի մօտ հարց է ծագում.  «Ի՞նչ է նշանակում լինել սփիւռքահայ ամերիկացի: Արտօնեալ ամերիկացի է արդեօք նա»:

Իսկ այսօրւայ Փիթեր Բալաքեան գրող-դասախօսը, երբ ցեղասպանութեանը նւիրած իր «Լոյսի մռայլ օրերը» քերթւածքների ժողովածոյի առիթով ստանում է տեղի հայկական համայնքի՝ Մեծ Եղեռնը ոգեկոչելու միջոցառմանը մասնակցելու հրաւէր, որոշում է չգնալ: «Ինքդ քեզ վատ կը զգաս, եթէ չգնաս»,- վրայ է բերում նրա կինը:

Ուշագրաւ է նրա՝ Բալաքեանի մեկնաբանութիւնն այդ մասին: «Կնոջս ասած «վատ»»-ը նշանակում էր մեղաւոր, իսկ մեղաւոր լինելը հայկական քաղաքակրթութեան մէջ կենսակերպ է: Միջոց, որով ստուգում  ենք մեր սեփական եսի համապատասխանումը կոլեկտիւ կեանքին»: Չնայած նա վերջում համաձայնում է մասնակցել միջոցառմանը:

Տատով իր անցեալն իմաստաւորող ու բացայայտող գրողն իր համար պարզում է, որ հօրեղբայրը՝ Վանական Բալաքեանը եղել է Թեհլիրեանի դատաւորութեան վկաներից մէկը: Հասկանում է նաեւ, որ նրա տւած ցուցմունքն իր կարեւոր ազդեցութիւնն է ունեցել կայացած դատավճռի վրայ նաեւ: Գրքի հետագայ ընթացքը կարծես դատարանում տրւած ցուցմունքից ազդւած վերցնում է ցեղասպանութեան նկարագրութիւնների ու մի ամբողջ ցեղի բնաջնջումը պատկերող պատմութեան ուղղութիւն:

Բալաքեանը Ցեղասպանութեան մասին ակադեմիական վիճարկումները լսարանին է մատուցել ընկալելի տրամաբանութեամբ: Արձանագրենք, որ այս գծով «Յիշատակութիւններ» գլխի ներքոյ է ներկայացւած զոհին կրկին հալածելու թուրքական շունչն ու բնազդը:

Բալաքեանը նոյն բաժնում ներկայացրել է այնպիսի դրւագներ, որով հէնց թուրքին յատուկ ածականը յիշեցնող իրողութիւնն է երեւան գալիս: Դա ոմն թուրքամէտ ամերիկացի հրապարակախօսի եւ թուրք դեսպանի կուլիսային որոշումների բացայայտւած պատմութիւնն էր:  Բանն այն է, որ (80-ականներին) հրատարակւած Ռաբերտ Ջէյ Լիֆտընի «Նացիստ բժիշկներ» գրքում մի քանի տեղ  հեղինակը յիշատակել է Հայոց Ցեղասպանութեան մասին, նոյն՝ Ցեղասպանութիւն ձեւակերպմամբ: Սա դուր չի գալիս թուրքամէտ Հիթ Լաուրին, ով իր բուհական բարձրագոյն կոչումի համար պարտական էր թուրքական համալսարանին: Նա նամակով դիմում է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին եւ նրան զգուշացնում գրքի նշումների մասին: Հիթն իր նամակին կցւած ներկայացրել էր մէկ այլ գրութիւն, որն առաջարկել էր Թուրքիայի դեսպանատան անունից, որպէս պատասխան նամակ՝ ուղարկել գրքի հեղինակին: Թուրք դեսպանն իր համաձայնութիւնն է տալիս առաջարկութեանը: Սակայն զաւեշտալի պատմութիւնների հերոս դառնալու թուրքերի ունակութիւնն այստեղ էլ է փայլում: Դեսպանը Հիթ Լաուրի գաղտնի նամակը առաջարկւած գրութեանը կցւած ուղարկում է գրքի հեղինակ Լիֆտընին, իր հետ միասին խայտառակ անելով նաեւ Հիթ Լաուռին…

Փաստ է նաեւ, որ նմանօրինակ դրւագները ընթերցողին դուր գալու կողքին, կարող են թեթեւացնել նաեւ դառը իրողութիւնների մասին պատմող հատորի ընկալումը:

Բալաքեանին յուզել է նաեւ այն փաստը, որ մոնգոլիայի տափաստաններից այստեղ՝ հայկական բարձրավանդակ ներխուժած ցեղակոյտը, որն այսօր քաղաքակրթութեան դուռն է բախում, երբ է իզօրու լինելու հաշիւ տալ ժամանակի քաղաքակրթութեանը՝ ընդունելով սեփական պատմութեան սեւ էջը,  ինչպէս վարւել է Գերմանիան, երբ դեռ դարը նոր էր կիսւել: Սա նոյն հարցն է, որի բովանդակութեան շուրջ գրողը կիսւում է իր համերկրացիների (ամերիկացիների) հետ, երբ Ցեղասպանութեանը նւիրած միջոցառմանը ընթերցած նրա բանախօսութեան տեքստն ենք կարդում գրքում:

Գիրքը գրելու համար պահանջւել է 8 տարի: Ընթերցողն անկախ ազգութիւնից կարող է ընկալել հայի դիմագիծն ու դիմանկարը: Հայն այստեղ ներկայացւած է, որպէս  փողկապով արեւելքցի: «Ժառանգած աւանդոյթից պոկ չեկող ու մոդեռնիզմի գետով թրջւած մարդ»:

Նոյնն է զգում ընթերցողը, երբ կարճ տաբատով Փիթերին տեսնում է տատի պատմութիւններով տարւած: Տատ, ում ուշքը գնում է բէյսբոլի համար:

Թերեւս ամենաուշագրաւ պատմութիւնը՝ հէնց գրքի համանուն պատումն է: Տատը նրան պատմել էր «Ճակատագրի կնոջ» առեղծւածային կերպարի մասին: Պատմել էր, որ բարեկեցիկ մի կին իր հետ վերցնելով ախորժալի ուտեստներ ու նւէրներ, թակում է «Ճակատագրի կնոջ» տան դուռը, բայց դուռը չի բացւում ու մերժւում է: Իսկ, երբ խեղճ ու կրակ մի կին, իր հետ վերցրած իր միակ ունեցւածքը՝ սատկած սեւ շան դիակը, թակում է այդ դուռը, նրա դիմաց այն բացւում է… այս պատմութեամբ տատն իր ճակատագիրն էր հեգնում, կամ բաժին ընկած կեանքն ու չեկած ժամանակը, երեւի…

«Իր նկարագրած երկիրը, ինչ որ էր, հէնց տատիս նման պիտի լինէր: Ինչ էլ, որ տատս էր, ուրեմն երկիրն էր»: Իսկ այդ «դուռը» բացւելուց յետոյ է, որ Փիթերն զգում է, որ իրենց տանն ամէն բան տատային է, ժամանակը նոյնպէս, որն այլեւս դանդաղ է ընթանում, եւ ամէն բան առաւել խոհական է, քան առաջ էր…»:

Երիտասարդ Փիթերի համար ռոքնռոլով ու բլիւզով երանգաւորւող գունեղ Արեւմուտքը եւս սկսում է տատային դառնալ: Նոյնիսկ սէր անելուց է զգում տատի սուր հայեացքը՝ վարագոյրի «մատների արանքից»: Այլեւս մտքից պոկել չի կարողանում տատին: Ազատ կեանք տենչացող Փիթերի տեսադաշտից չի հեռանում նա:

Հեղինակը գունեղ պատումներով է ներկայացրել իր հասունացման ժամանակագրութիւնը, յատկապէս, երբ ընտրութեան էր գնացել սովորական քաղաքացի դառնալու եւ ազգային ինչ որ փոքրամասնութեան դերում մնալու միջեւ: Իսկ մինչեւ այդ, նա հասցնում է ծանօթանալ մտաւորական ու գրող հօրաքոյրերի աշխատանքներին ու մօտեցումներին, ովքեր մեծապէս ազդում են արդէն հասունացող Փիթերի մտային ապագայի ձեւաւորման վրայ:

Հէնց հօրաքրոջ բնակարանում նորօրեայ հայ պոլիցերակիր Բալաքեանը հայ գրականութեան մեծերի կողքին ծանօթանում է առաջին պոլիցերակիր հայի՝ Սարոյեանի աշխարհի հետ: Բալաքեանը Սարոյեանի մասին նշել է, որ բոլորի ուշադրութեան կենտրոնում յայտւնելու մոլուծք ունէր ու ոչ մի առիթ բաց չէր թողնում նա: Սարոյեանի հետ հանդիպումների մասին Բալաքեանը պատմելիս յիշեցնում է մեծանուն գրողի խաղադրոյքներով տարւած լինելու մասին եւ ուշագրաւ մի դրւագով պատմում, որ անւանի գրողը ձիարշաւարանների խաղարկութիւնների մասին պատմելիս բարձր ձայնով ասել էր. «Չգիտէք, թէ քանի նժոյգ է ինձ փող պարտք…»:

Համալսարանից շրջանաւարտ լինելուն պէս նա սկսում է հրատարակել պոէզիային նւիրած իր ամսագիրը՝ «Գրեհեմ-հալ ռեւիւ»-ն: Սա հէնց այն ժամանակաշրջանն է, երբ նա մտերմանալով հօրաքոյրերի հետ, սկսում է ուսումնասիրել նրանց ստեղծագործութիւնների ու յօդւածների շարքը, որը կազմելով «Ճակատագրի սեւ շունը» գրքի   «Արքայադուստրը Բիւզանդիայում» գլուխը, մի ամբողջ գրախօսականների բաժին է իրենով արել:

Երբ Նիւ Եօրքի Կոլումբիայի համալսարանում հնչեցին Պուլիցերեան մրցանակի 2016-ի յաղթողների անունները՝ լրագրութեան եւ գրականութեան ասպարէզում տրւող հեղինակաւոր մրցանակի տրման 100-րդ տարին էր նշանաւորում: Պուլիցերեան մէկդարեայ պատմութեան ընթացքում յաղթողների թւում երկրորդ անգամ էր նշւում հայկական ազգանուն՝ Փիթեր Բալաքեան:

Նաֆինա Շեքերլեմեջեան-Չիլինգարեանը դուստրերի՝ Գլեդիսի եւ Էլիսի հետ

Իմ տատը՝ Նաֆինա Արուսեանը քնելուց առաջ ինձ ժողովրդական հեքիաթներ պատմելու թուլութիւն ունէր… դրանք վայրի, գրեթէ կախարդական հեքիաթներ էին…նրա հարուստ երեւակայութիւնը շատ կարեւոր էր իմ երեւակայութեան ձեւաւորման համար…Դա շատ կարեւոր ազդեցութիւն ունեցաւ ինձ, որպէս գրողի եւ պատմաբանի վրայ: Փիթերը դրանից յետոյ դարձել է 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած էպիկական մի հսկայական տրաւմայի պատմիչ: Բալաքեանի տատը Հայոց Ցեղասպանութեան վերապրողներից էր:  «Իմ ստեղծագործութիւնների մի մասը վերաբերում է տրաւմատիկ յիշողութեանը եւ այդ յիշողութիւնը ժառանգելու խնդրին»,- ասել է Փիթեր Բալաքեանը:

 

«Ճակատագրի սեւ շունը» յուշագրութիւնն իր ամբողջութեան մէջ ընթերցւում է շղթայւած կարճ պատմութիւններով վէպի օրինակով, որի խորքում երեւակւում են ամերիկեան Փըրլ Հարբորի ողբերգութիւնը, եաթաղանի ժամանակ ճամբրուկները հաւաքել չհասցրած բժիշկ պապը, մետաքսագործ մեծահարուստ բայց ջարդին զոհ գնացած մօրական պապը, մետաքսեայ նուրբ ճաշակով քիմիկոս մայրը, հայրը՝ բժիշկ, եւ լռակեաց ու սառը դատողութեամբ մտաւորական հօրաքոյրերը …

Այստեղ արժէ մէջբերում անել այն դրւագից, որով աւանդապահութեան ու նորարար հոսանքների միջեւ յաճախակի դարձած վէճերով բացայայտւում են Փիթերի մօրական ու հօրական կողի միջեւ ընկած ճեղքը: Եւ այսպէս, երբ հօրաքոյրը պնդում է, որ արւեստն ւո պոէզիան մեզ սովորեցնում են, որ անդունդը մուտք է դէպի երեւակայկան աշխարհ, եւ երեւակայութիւնն է, որ տալիս է մեզ վերմարդկային ուժ, մայրը վրայ է բերում. «Պէտք է հաւատալ բառերի իրական ուժին: Աղօթքի իմաստով բառերը մեր առջեւ դուռ են բացում դէպի մի աւելի հզօր ուժ՝ քան մենք ինքներս ենք»: Եւ ինչպէս ինքը հեղինակն է նկարագրել՝ գրական վիպականութիւնն ընդդէմ միջին խաւի բողոքականութիւն… ու երբ վէճը թէժանում է, հայրը միջամտելով ասում է. «Իզուր չեն ասել, որ Աստւած գիւղն է ստեղծել, մարդը՝ քաղաքը»:

Բալաքեանի հայրը գրքում նկարագրւած է, որպէս լուռ ու մտախոհ կերպար: Նա իրիկունն ընթրելուց առաջ հանում է փողկապը, իսկ կէսգիշերւան, երբ դուրս է գնում մեքենան կառատուն տեղափոխելու կապում՝ այն:

Գրքում ամրակառոյց տրամաբանութեամբ է պատկերւած բժիշկ հայրը, յատկապէս, երբ նա պատանի Փիթերի աչքերի առաջ փրկում է մահամերձի կեանքը: Տղան նրան հարցնում է. «Երբ փրկելու համար արհեստական շնռաչութիւն էիր տալիս, զգացե՞լ ես արդեօք մահւան համը»:

Չնայած տատն է, որ մնում է գրքի առանցքային դիրքում: Նա չարից ապահովագրելու խրատներ է կարդում թոռան գլխին եւ ասում, որ յանկարծ չտարւի գեղեցիկով. «Չյիմարանա՛ս դրանցով»: Ու շարունակում  է խօսել:  Փիթերը տեսարանը նկարագրում է այսպէս. «Տատս բարձր ձայնով է խօսում եւ պատուհանից ներս յորդացող արեւի լոյսը այնքան է պայծառ, որ Տատս գրեթէ չի երեւում այդ փայլի մէջ…»:

Գիրքը թէեւ Ցեղասպանութեան դէպքերի մասին պատմող վաւերագրական տեքստ է, սակայն հեղինակը զերծ է մնում կատարւածի մասին սեփական մօտեցումնրն ու կարծիքն ընթերցողի գլխին տալուց:

Հատորը վարպետօրէն է թարգմանւել հայերէնի: Պէտք է արձանագրել, որ թարգմանելիս չի գունաթափւել պատկերային խօսքը:

Related Articles

Back to top button