Հայ Դատ

Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների դատավարութեան միջազգային արձագանգներ

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների աշխատանքների արդիւնքում հնարաւոր է եղել միջազգային տարբեր կառոյցներից ստանալ արձագանգներ՝ ուղղւած Ադրբեջանի իշխանութիւններին եւ միջազգային հանրութեանը՝ Բաքւում պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ առհասարակ հայ պատանդների ու ռազմագերիների արդար դատաքննութեան, իրաւունքների լիարժէք յարգման եւ ազատ արձակման վերաբերեալ։

Մասնաւորապէս, խնդրին անդրադարձել են մոլորակի խոշորագոյն քաղաքական կազմակերպութիւն՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպութիւնների խորհրդարանների անդամներ։

Սոցիալիստական ինտերնացիոնալի տարածած հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Այս օրերին Բաքւում տեղի են ունենում 16 հայ գերիների դատավարութիւնները, որոնցից 8-ը Լեռնային Ղարաբաղի նախկին հայ ղեկավարներն են՝ տեւական կալանքի տակ մնալուց յետոյ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանութիւններին երաշխաւորել թափանցիկ ընթացակարգ՝ արդար դատավարութեան չափանիշներին համապատասխան, նկատի ունենալով, որ բանտարկեալներին չի տրւել բաւարար ժամանակ՝ ուսումնասիրելու իրենց առաջադրւած մեղադրանքները եւ, հետեւաբար, օգտւելու իրաւական պատշաճ ներկայացւածութիւնից։ Միջազգային իրաւական դիտորդների ներկայութիւնը հիմնարար կարեւորութիւն ունի»։

Տարբեր շեշտադրումներով Բաքւում ընթացող ձեւական դատավարութիւններին անդրադարձել են նաեւ կոնգրեսականներ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, նոյն յանձնախմբի անդամ Դինա Թիթուսը, Եւրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Եանիս Մանիատիսը, նոյն քաղաքական խմբի անդամ Նաչօ Ամոր Սանչէսը։

Դրական ենք գնահատում, որ միջազգային իրաւապաշտպան մի շարք հեղինակաւոր կազմակերպութիւններ նոյնպէս հանդէս են գալիս յստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննութեան իրաւունքի իրացման անհնարինութիւնը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

20 յունւարի 2025 թ.

Related Articles

Back to top button